Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներում ե’ւ «էլիտար»`խալիներով, բազկաթոռներով, ե’ւ քայքայված, փլված խցեր կան (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 15:53

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկը խիստ անբարենպաստ վիճակում է: Այնտեղ գտնվող բոլոր խցերի փակման հարց ենք բարձրացրել: Թիվ 2 խցի պայմանները էականորեն չէր տարբերվում թիվ 89 խցի պայմաններից, որտեղ տեղափոխելու էին նրանց»,-այսօր «Հոդված 3» ակումբում ասաց ՄԻՊ ներկայացուցիչ Վլադիմիր Հովհաննիսյանն` անդրադառնալով հունվարի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում անազատության մեջ գտնվող մի խումբ անձինք դիմել էին ինքնավնասման` հրաժարվելով տեղափոխվել թիվ 89 խուց:

Թիվ 2 խցում իրենց պատիժը կրող անձանց խոսքերով, իրենք դիմել են ՔԿՀ-ի տնօրինությանը` առաջարկելով իրենց ժամանակ տալ` սեփական միջոցներով սենյակը վերանորոգելու, սակայն նրանց խնդրանքին չեն ընդառաջել: Հիմնարկի ղեկավարությունն էլ իր հերթին է նշում, որ ժամանակ տվել են, սակայն նրանք չեն արել:

Aravot.am-ը ՄԻՊ ներկայացուցչից, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից, որը նույնպես մասնակցում էր ազատազրկման վայրերում ապրող քաղաքացիների իրավունքների վերաբերյալ քննարկմանը, հետաքրքրվեց, թե խուցը վերանորոգելն ո՞ւմ պարտավորությունն է եւ արդյոք` ով ցանկանա քրեակատարողականում կարող է իր խուցը իր միջոցներով վերանորոգել: Հարցրինք նաեւ, թե գուցե ՄԻՊ-ը ժամկե՞տ է սահմանել, որպեսզի թիվ 2 խցից հնարավորինս շուտ այդ քաղաքացիներին տեղափոխեն եւ այդ պատճառով էլ ՔԿՀ-ի ղեկավարությունը 89 խուցը վերանորոգելու ժամանակ չի տվել:

Արթուր Սաքունցի խոսքերով խցերը վերանորոգելը պետության պարտավորությունն է. «Օրենքով նախատեսված չէ, որ ազատազրկվածն իր պայմանները բարելավի, դա աբսուրդ է, հենա միանգամից անցնենք մասնավոր բանտերի կառուցմանը: Այսինքն, եթե ես ազատազրկվեմ, մի հատ բանտ կառուցեմ ու ազատազրկման մեջ գտնվեմ, այսինքն` անտրամաբանական է: Խցային պայմանները` վերանորոգված, սանիտարահիգիենիկ պայմաններ եւ այլն, դա պետության պարտավորությունն է»:

Մանրամասները` տեսանյութում

Իրավաբան Ռոբերտ Ռեւազյանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում խցերը 180 աստիճանով իրարից տարբերվում են` մեկը շատ շքեղ է` խալիներով, բազկաթոռով, «էլիտար», մյուսը` քայքայված, փլված:

Վլադիմիր Հովհաննիսյանն ի պատասխան մեր հարցին, ասաց. «Քրեակատարողական հիմնարկը պատրաստվում է անել վերանորոգման աշխատանքները եւ ողջամիտ ժամկետում պիտի ավարտեր, բայց հստակ ժամկետներ չեն նշել: Մենք այցելելիս, այդ հարցը մշտապես պահել ենք ուշադրության կենտրոնում»: Մեր ճշտող հարցին, թե օրենքը թույլ տալի՞ս է որպեսզի խցում ապրողներն անեն այդ վերանորոգումը, պարոն Հովհաննիսյանն ասաց` օրենսդրական նման կարգավորում չկա, ես չեմ հանդիպել:

Քննարկմանը ներկա ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արայիկ Զալյանն ասաց, որ «Նուբարաշենի» առաջին հարկի խցերի խնդիրներն իրենք տարիներով բարձրացրել են եւ թիվ 2 խցում, նույնիսկ պատուհան բացելու հնարավորություն չի եղել. «89-րդ խցում ճիշտ է խոնավության մակարդակը 1-ին հարկի սենյակի հետ համեմատելու չի եղել, բայց խավարասերներ այնտեղ էլ կան»:

Ըստ պարոն Զալյանի` հակառակ հասարակական կառույցների պահանջին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկը ամբողջությամբ փակված չէ եւ այնտեղ են գտնվում կարանտինային սենյակները: Այդ խցերում ժամանակավոր պահվում են այն անձինք, որոնք նոր բերվում են կալանավայր:

Արթուր Սաքունցը գտնում է, որ կալանավայրերում վիճակը բարելավելու քաղաքական կամք չկա, քանի որ քրեակատարողական հիմնարկը հանդիսանում է բիզնես եւ մի շարք մարդկանց շահեր է սպասարկում:

Ըստ նրա, «զոն նայող» ասվածը նույնպես քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ստեղծածն է. «Դա հանդիսանում է կառավարման գործիք քրեակատարողական հիմնարկում այլ ազատազրկվածների վարքագիծը եւ իրավիճակը հսկելու համար»:

Պարոն Սաքունցի դիտարկմամբ, քրեակատարողական հիմնարկների ներսում չի գործում բողոքներ ու դժգոհություններ ներկայացնելու համակարգը: Ըստ նրա, 2012 թ.-ին ՔԿՀ-ների ֆինանսավորումը 2 անգամ կրճատվել է, ինչի արդյունքում եւ սնունդը, եւ դատապարտյալներին տրամադրվող ծառայությունները ավելի վատը դարձան, սակայն այդ առիթով բողոքները չավելացան. «Իսկ չավելացան, քանի որ փակ համակարգ է»:

Քննարկմանը հրավիրված էին նաեւ արդարադատության նախարարության 2 մասնագետ, սակայն միջոցառումից 20 րոպե առաջ զանգահարել եւ տեղյակ էին պահել, որ անհետաձգելի գործեր ունեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728