Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համանախագահների հայտարարությունն անուղղակիորեն հետագա ադրբեջանական սադրանքների համար ճանապարհ է բացում». Թաթուլ Հակոբյան

Հունվար 10,2017 14:04

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հայտարարությունը՝ կապված դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը ժամանակավրեպ է համարում: Aravot.am-ի հարցին՝ արդյոք հայտարարությունը կրկին անհասցե՞ չէ և ավելին, քննադատության սլաքն ուղղված է Հայաստանին, քանի որ հայտարարության մեջ շեշտված է, թե «Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը», պարոն Հակոբյանը ի պատասխան նախ հորդորեց հասկանալ, թե ինչ է նշանակում ԵԱՀԿ Մինսկի խումբ և միջնորդներ. «Երբ հասկանում ենք, որ միջնորդներն ուղղակի միջնորդներ են և իրենց բոլոր հայտարարությունները պետք է փորձեն հավասարակշռված պահել, այդ ժամանակ հասկանում ենք, որ շատ ավելին իրենցից ակնկալել հնարավոր չէր»:

Ամենևին չպաշտպանելով համանախագահների հայտարարությունը՝ Թաթուլ Հակոբյանը նշեց. «Կարծում եմ, որ այն ոչ միայն անհասցե է, այլև կա Հայաստանին ուղղված ուղերձ, թե ինչու հետ չեք տալիս այդ ադրբեջանցի սպանվածի մարմինը: Մյուս կողմից փորձում եմ հասկանալ, որ Մինսկի խումբն ընդամենը միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է, որի ցանկացած հայտարարություն, որը կողմերից մեկը կարող է ընկալել որպես ոչ հավասարակշիռ, արդեն պրոբլեմ կստեղծի ՄԽ գործունեության համար՝ մանավանդ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակաբար սպառնում ու շանտաժի է ենթարկում՝ հրապարակավ ասելով, որ ՄԽ ձևաչափը այն ձևաչափը չէ, որտեղ կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը»:

Պարոն Հակոբյանը հետևաբար փաստեց, որ Ադրբեջանի՝ շանտաժներն ու սպառնալիքները այն մասին, որ կարող է փորձել հակամարտության կարգավորումը տեղափոխել այլ ձևաչափեր, իրենց ազդեցությունը թողնում է, և ՄԽ եռանախագահները փորձում են ինչ-որ տեղ իրենց հայտարարությամբ ադրբեջանական կողմի շահերը բավարարել:

Թաթուլ Հակոբյանի համար ամենաանհասկանալին այն էր, որ ողբերգական դեպքից հետո ավելի քան տասն օրն անց են համանախագահներն անդրադառնում կատարվածին, ինչն անլուրջ է. «Սա այնպիսի մի միջադեպ էր, որին պետք էր արձագանքել հենց նույն օրը, ինչպես համանախագահների հայտարարությամբ, ինչու ոչ նաև ԵԱՀԿ ՄԽ գործող նախագահությամբ՝ ավելի բարձր մակարդակով: Իրավամբ այդ հայտարարության մեջ փոքր-ինչ բալանսը հակված է դեպի Ադրբեջան, և նրանք այնպիսի տեքստ են կազմել, որ տպավորություն է ստեղծում, որ սպանված ադրբեջանցին շատ էլ անմեղ մեկն է եղել, բայց իրականության մեջ մենք գիտենք, թե ինչի արդյունք է եղել այդ ամենը: Լավ կլիներ ՄԽ համանախագահներն ավելի շատ փորձեին կողմերին հորդորել, որ իրավամբ հետաքննություն անցկացնեին կամ իրենք փորձեին թեման տաք պահել, որ նման միջադեպեր այլևս չկրկնվեին: Ինչ-որ իմաստով այս հայտարարությունը նաև անուղղակիորեն հետագա ադրբեջանական սադրանքների համար ճանապարհ է բացում»:

Պարոն Հակոբյանը փաստեց, որ կան մի շարք հարցեր՝ արդյոք հայկական կողմը չի ուզում հանձնել մարմինը, ինչ պայմաններ են դրված և այլն: Եվ այս համատեքստում նման հայտարարության տարածումը որևէ բան չի ավելացնում այն փխրուն խաղաղությանը, որն այս օրերին պահպանվում է ՀՀ-Ադրբեջան սահմանին և ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031