Լրահոս
Օրվա լրահոսը

«8 միլիոն դրամ տույժը չի նպաստի խնդիրների լուծմանը». Արթուր Սաքունց

Դեկտեմբեր 11,2016 18:49

Արթուր Սաքունցի հավաստմամբ` կառավարության առաջարկները «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ անարդյունավետ են:

Հիշեցնենք, որ նախագծով հստակեցվում են ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների ուսումնառության ժամկետները, նրանց լեյտենանտի կոչում շնորհելու կարգը, ինչպես նաեւ՝ զինծառայողի կողմից հետուսումնական զինվորական պայմանագրային պարտավորության չկատարման դեպքում պարտավորությունն ու իրավական հետեւանքը: Գործող օրենքով նախատեսվում է այդ դեպքում ուսման ծախսերի փոխհատուցում, որն իրեն չի արդարացնում, որովհետեւ չկա ուսման ծախսերի հաշվարկման մեթոդաբանություն, որովհետեւ զինծառայողները սովորում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում, իսկ այդ ծախսը, հաշվարկները տարբերակված մոտեցում է պահանջում:

Այս նախագծով ամեն տարվա համար տույժը 1 մլն 100 հազար դրամի կարգի է, ամբողջ ուսումնառության համար կազմում է մոտ 8 մլն դրամ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ այսպես հատվածական կերպով խնդիր չեն լուծում, փոխարենը պետք է կարգի բերել զինված ուժերում ծառայության վիճակը, որ ծառայության պայմանները, ծառայողների` տվյալ դեպքում սպաների, ռազմական բժիշկների վարձատրության, սոցիալական  ապահովության խնդիրը լուծված լինի. «Ծառայությունը  պետք է լինի պատվաբեր, գրավիչ, և անձը պետք է կարողանա իր մասնագիտական հմտությունները դրսևորել»:

Արթուր Սաքունցը փաստեց, որ իրենք առնչվել են այն խնդիրներին, երբ սպաները ժամկետից շուտ ցանկանում են հեռանալ ծառայությունից:

Նա նշեց, որ այստեղ էլ կա խտրական վերաբերմունք, որոշ սպաների թույլ չեն տալիս ուսումը շարունակել օրդինատուրայում, կան ռազմական բժիշկներ, որոնք ծառայություն են անցնում հոսպիտալներում, մինչդեռ պետք է պրակտիկան սկսեն զորամասերից:

Ըստ պարոն Սաքունցի` պետք է համալիր լուծում տրվի:

Ըստ նրա` լուծման տարբերակներից է զինծառայությունը վճարովի մասնագիտական դարձնելը, որ երկրի անվտանգությունն ապահովեն  զինվորական մասնագիտություն ընտրած մարդիկ. «Ժամանակ առ ժամանակ պատժողական մոտեցումներ են ձևակերպում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Գումարի մեծ չափը ստիպողական բնույթ ունի»:

Պարոն Սաքունցը մտավախություն ունի, որ այս փոփոխություններից հետո մարդիկ ընդհանրապես կարող է հրաժարվեն ռազմական բժիշկ դառնալուց. «Պատժողական մոտեցումները չեն նպաստում խնդիրների լուծմանը: Հասկանալի է, որ իշխանությունները մտահոգված են, որ մեթոդներ ձեռնարկեն, որպեսզի ռազմական բժիշկների արտահոսք էլ չլինի բանակից, ուստի դնում են այնպիսի պահանջներ, որ չկարողանան հաղթահարել գոյություն ունեցող արգելքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031