Քիչ առաջ երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու ու ԲՀԿ ակտիվի հետ հանդիպելու համար Գյումրի ժամանեց Գագիկ Ծառուկյանը: Գյումրու կենտրոնում՝ Ամենափրկիչ եկեղեցու մոտ աննկարագրելի իրավիճակ էր ստեղծվել, ասեղ գցելու տեղ չկար, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Գյումրու սոցիալապես անապահով բոլոր բնակիչները՝ նամակները ձեռքերին, մի մարդու պես եկել էին Գագիկ Ծառուկյանին տեսնելու ու օգնություն խնդրելու: Նույնիսկ եկել էին նրանք, որոնք ձեռնափայտերով էին ու չէին կարողանում սառցակալած փողոցներում նորմալ տեղաշարժվել։
Գյումրեցիները Գագիկ Ծառուկյանին ընդունեցին ծափահարություններով, սկսվեց մի հրմշտոց, իրարանցում, մի տղամարդ այդ ընթացքում ընկավ գետնին:
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի փաստմամբ`55 տարեկան Ներսես Մելքոյանին շտապօգնության մեքենայով Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակից (այնտեղ, որտեղ սպասում էին Գագիկ Ծառուկյանին,-Ն. Ա.) հասցրել են Գյումրի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է։ Պարզեցինք, որ մահացողը Կազաչի պոստ թաղամասի բնակիչ 55 տարեկան Ներսես Մելքոնյանն էր։
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանին ամեն քայլափոխի շրջապատում էին, փակում ճանապարհը, վերջինս չէր կարողանում տեղաշարժվել։ Նա մի կերպ կարողացավ իր ծաղկեպսակը դնել երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին, բայց քիչ էր մնում գցեին ծաղկեպսակը։
Երբ Գագիկ Ծառուկյանը շարժվեց դեպի «Յոթ վերք» եկեղեցի՝ մոմեր վառելու, բազմությունը նրա հետևից շարժվեց ու մի իրարանցում էլ սկսվեց եկեղեցում։ Եկեղեցուց դուրս գալուց հետո գյումրեցիները չէին թողնում Գագիկ Ծառուկյանին հեռանալ, նրան մի կերպ նստեցրեցին մեքենա։
Գագիկ Ծառուկյանը այցելել Գյումրու Ավտոկայան թաղամասի տնակներ, այնուհետ եղավ «Շիրակ» կենտրոնում՝ այս կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին 10 միլիոն դրամ, իսկ Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին էլ 30 միլիոն դրամ տրամադրեց սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։
Տեղի լրագրողները ծիծաղելով ասում էին՝ «Վարչապետն էլ եկավ, ո՞վ էսպես գլուխը ջարդեց նրան տեսնելու համար»։ Ամենատխուրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի այցը մեկ անգամ ևս ի ցույց դրեց Գյումրու սոցիալապես թշվառ վիճակը, ապացուցեց, որ գյումրեցիների մեծ մասը ծայրահեղ պայմաններում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ողբամ վիճակդ հայ ժողովուրդ:
համաձայն եմ ձեր կարծիքին