Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը դեկտեմբերի 2-ից նոր կարգավիճակ է ստացել։ ՀՀ կառավարությունը դեռևս սեպտեմբերի 22-ին որոշել էր «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի, իսկ երեք օր առաջ այս անվանումը պետական գրանցում է ստացել։
Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանն այսօր խոսելով ծրագրերի մասին, նշել է, որ 9 նոր մասնագիտություններ կբացվեն համալսարանում՝ սոցիոլոգիա, մշակութային հաղորդակցություն՝ ֆրանսերեն-հայերեն և գերմաներեն-հայերեն լեզուներով, քաղաքագիտություն, հաշվապահական հաշվառում և հարկում, շուկայագիտություն, զբոսաշրջություն, համակարգչային գրաֆիկա, դիզայն, իրավագիտություն, ինչպես նաև երաժշտական կրթություն, որ ի դեպ, նախկինում գործել է այս նույն բուհում։Համալսարանը շուտով կունենա նաև սեփական հյուրատունը, որտեղ կհյուրընկալվեն դրսից հրավիրված մասնագետներ։
Ըստ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի` սա կառավարության ու նախագահի նվերն էր Շիրակի մարզի ազգաբնակչությանը ՀՀ անկախության 25- ամյակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Նշենք, սակայն, որ Հայաստանում առաջին համալսարանը բացվել է հենց Ալեքսանդրապոլի առևտրային ուսումնարանի շենքում, այսինքն` հենց այնտեղ, որտեղ մինչև երկրաշարժը գործել է Գյումրու մանկավարժականը։ Իսկ այժմ այն բուհի կողմից ժամանակավորապես հանձնված է Գյումրու տեխնոպարկին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ