Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավիագործակալությունները Կարեն Կարապետյանին մրցակցության տարբերակ են առաջարկում

Դեկտեմբեր 05,2016 13:30

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող տասնյակ գործակալություններ, որոնք տարիներ ի վեր պետությանը հարկ ու տուրքեր են վճարել, աշխատատեղեր ապահովել, այսօր կանգնած են փակման վտանգի առաջ: Նրանցից ոմանք վարձակալությամբ վերցրած տարածքների սեփականատերերին արդեն զգուշացրել են` հունվարից գրասենյակներն ազատելու են:
Ավիագործակալությունների ղեկավարները կարծում են, որ կառավարության` խոստումներով լի ծրագիրն ու գործելաոճն իրար չեն համապատասխանում:

Մի կողմից՝ ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ գործարարների համար լինելու են հավասար, մրցակցային պայմաններ, մենաշնորհների վերացում, մյուս կողմից` մենաշնորհ առաջացնող որոշումներով ստիպում, որպեսզի մանր ու միջին բիզնեսը վնասներ կրի:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին կառավարությունը բյուջեի փողերը խնայելու նպատակով պաշտոնյաների համար ավիատոմսերի գնման գործընթացը փոխեց: Եթե նախկինում պաշտոնյայի ավիատոմսը գնվում էր պետական գնումների մրցույթով, ապա նոր կարգով տոմսերի մատակարարը մեկն է` ԷԿԵՆԳ ընկերությունը, որն, ըստ կառավարության պատասխանատուների, ոչ թե միջնորդավորված, այլ ուղիղ կապ մեջ է «Ամադեուս» ընկերության հետ, որի ծրագիրը ամենատարածվածն է ավիատոմսերի վաճառքի համար նախատեսված ծրագրերից:

Ավիագործակալությունների ղեկավարները կարծում են, որ հակառակ իր հակամենաշնորհային քաղաքականության՝ ՀՀ կառավարությունն այս դաշտում, ի դեմս ԷԿԵՆԳ-ի, ձեւավորեց մենաշնորհ` մի շարք գործակալությունների զրկելով ավիատոմսերի պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից: Եվ այն արդեն տալիս է իր «պտուղները»: Այսինքն` այն հսկայական գումարները, որոնք դուրս էին գրվում պետական բյուջեից եւ փոքր բիզնեսին փոքր-ինչ «շնչելու» հնարավորություն տալիս, այժմ միայն ԷԿԵՆԳ-ի գրպանն են գնում:

Նկատենք, որ կառավարության` պետական ավիատոմսերի վաճառքը ԷԿԵՆԳ-ի ձեռքում կենտրոնացնելու պատճառաբանություններից մեկն էլ կոռուպցիոն ռիսկերի բացառումն էր, թափանցիկ լինելը եւ էժան տոմսեր մատակարարելը:

Սակայն ԷԿԵՆԳ-ն իր գնած մի քանի ավիատոմսով, ինչպես վստահեցնում են մեր զրուցակիցները, ռեկորդներ է սահմանել, քանի որ մինչ այժմ մրցույթներով ձեռք բերված ոչ մի ավիատոմս այդքան թանկ չի եղել` որպես օրինակ նշելով ֆինանսների նախարարի համար վերջերս ձեռք բերած 5500 դոլարանոց ԱՄՆ-ի ավիատոմսը: Որքան էլ այս պարագայում երկրորդ կողմը փոխհատուցել է տոմսի արժեքի մի մասը, ինչպես որ վստահեցրել էին նախարարության մամուլի ծառայությունից, այդուհանդերձ, ըստ ավիագործակալությունների ներկայացուցիչների՝ կան նաեւ այլ դեպքեր, որ ԷԿԵՆԳ ընկերության միջոցով դուրս գրվող ավիատոմսերը ավելի բարձր արժեք ունեն, քան մրցակցության արդյունքում armeps.am գնումների համակարգի միջոցով մասնակից ընկերությունների ներկայացրած արժեքները:

armeps.am-ը ֆիննախի ստեղծած կայքն է, որի միջոցով Հայաստանում կատարվում են բոլոր ոլորտների էլեկտրոնային գնումները:

Պատվիրատու նախարարություններն այստեղ ներբեռնում են իրենց առաջարկները` տեխնիկական բնութագրերի հետ միասին, իսկ այդ ոլորտում գրանցված բոլոր տնտեսվարող սուբյեկտներն իրենց համակարգչում տեսնելով հրավերը` տեխնիկական բնութագրերին համապատասխան` էլեկտրոնային եղանակով ներբեռնում են իրենց գնային առաջարկները: Արդյունքում տվյալ մրցույթը հայտարարած նախարարության հանձնաժողովն, ըստ ներբեռնած գների, հաղթող է ճանաչում ամենացածր գին ներկայացրած մասնակցին: Ավիագործակալությունների ղեկավարների խոսքերով՝ գնումների ոլորտում նախկինում օգտագործված բոլոր մեխանիզմներից ամենաօպտիմալ տարբերակը armeps.am կայքի միջոցով մրցույթներին մասնակցելն է, որտեղ մարդկային գործոնը եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված:

Քանի որ ԷԿԵՆԳ-ի գործունեությունից փոքր ու միջին բիզնեսի համար ի հայտ են գալիս լուրջ ֆինանսական խնդիրներ, ավիագործակալությունների ղեկավարները, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, առաջարկում են ավիագործակալություններին թույլատրել աշխատել ԷԿԵՆԳ-ին զուգահեռ` այդպիսով վերացնելով երկուստեք կոռուպցիոն ռիսկերը եւ ԷԿԵՆԳ-ի մենաշնորհը: Այսինքն՝ մրցույթ հայտարարելուց հետո մասնակիցները www.armeps.am կայքի միջոցով բեռնեն իրենց գնային առաջարկները, եւ բացման օրը ամենացածր գին առաջարկող մասնակցի գնառաջարկը համեմատվի ԷԿԵՆԳ-ի կայքում արտացոլված գնի հետ: Մասնակցի ավելի ցածր գին ներկայացնելու դեպքում իրեն ճանաչեն հաղթող, իսկ ԷԿԵՆԳ-ի www.govtravel.am կայքում այդ պահին արտացոլված ավելի ցածր գնի դեպքում ավիատոմսերը ձեռք բերվեն ԷԿԵՆԳ-ի էլեկտրոնային համակարգի միջոցով` այսպիսով մրցակցություն ապահովելով կազմակերպությունների եւ ԷԿԵՆԳ համակարգի միջեւ:

«Այս պայմաններում կգործի փոխզսպվածության մեխանիզմ, եւ էականորեն կխնայվեն ՀՀ պետական բյուջեի միջոցները, ինչպես նաեւ կապահովվի հավասար մրցակցություն շուկայում գործող բոլոր մասնակիցների համար»,- վստահեցնում են ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է գնումների գործընթացում տեղի ունեցող այն կոռուպցիոն ռիսկերին, որոնց մասին ներկայացրել էին վարչապետին, ապա ավիագործակալությունների ղեկավարները փաստում են, որ ավիափոխադրողները սկսել են պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք արհեստականորեն ամրագրում են իրենց չվերթի տոմսերը` որպես պատժամիջոց անջատելով տվյալ ավիագործակալության տոմսերի ամրագրման եւ վաճառքի ծրագիրը, առանց որի հնարավոր չէ աշխատել այդ ոլորտում:
Այսինքն` ավիագործակալությունն այլեւս չի կարող ավիատոմսի գներն արհեստականորեն բարձրացնել, քանի որ ավիափոխադրողները հսկում են եւ «մաքրում» են չվերթները:
Ավիագործակալության ներկայացուցիչներին նաեւ մտահոգում է այն, որ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի պատասխանատուները չեն բացառում, որ www.govtravel.am պլատֆորմը կներդնեն ոչ պետական ոլորտ` խոշոր կորպորացիաներին եւ հասարակությանը էլեկտրոնային եղանակով ավիատոմսեր վաճառելու համար:

Նրանք կառավարությանը հորդորում են բացառել ԷԿԵՆԳ-ի կողմից այլ իրավաբանական անձանց եւ հասարակությանը www.govtravel.am կայքի միջոցով ավիատոմսերի վաճառքի հնարավորությունը, քանի որ լինելով պետական կառույց եւ օգտագործելով իր վարչական լծակներն ու պետական լինելու՝ ավելի հուսալի թվացող համբավը՝ այս ընկերությունը կարող է ստանալ գերակա դիրք եւ մի քանի հարյուր՝ առանց այդ էլ մրցակցության այս դժվար պայմաններում մի կերպ գոյատեւող ավիաընկերությունների փակման առիթ դառնալ:

«Չէ՞ որ պետությունը պետք է ղեկավարի կամ մասնակցություն ունենա ստրատեգիական նշանակության ոլորտներում, այլ ոչ ավիագործակալությունների նման մանր բիզնեսում»,- նշում են ավիագործակալության ղեկավարները:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

03.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էկենգ says:

    Փաստացի հոդվածում նշվում է, որ ավիագործակալները առաջարկում են վերադառնալ հենց այն կոռուպցիոն գործելակերպին, որի պարագայում տարեկան պետական բյուջեից մսխվել է շուրջ 500մլն. ՀՀ դրամ որպես ավիատոսմերի իրական արժեքի` “Ամադեուս” կամ նման հարթակներում ավիաընկերությունների կողմից գննաշված տոմսի արժեքի և մինչև 100 % չափով ավիագործակալների կողմից հավելագրված և անվերահսկելի գնանշումների եղանակին: Հոդվածում անհաջող արդարացումներ և հիմնավորումներ են ներկայացվում, մոռանալով բուն խնդրի մասին: Եթե ինչ որ մեկը իրոք ցանկություն ունի հավատալ այդ ամենին, ապա խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել այդ ավիագործակալների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում վաճառված ավիատոմսերի արժեքները (պարզապես կատարեք որոնում “ավիա” բառով http://www.gnumner.am կայքում) և այնուհետև կատարեք համեմատություններ “Էկենգ”-ի http://www.govtravel.am կայքի «Հաշվետվություններ» բաժնում զետեղված տոմսերի արժեքների հետ:

    Ավելի պարզ ներկայացնենք խնդիրը` ավիագործակալների համար միակ ընդունելի պահանջն է. ինչու է կառավարությունը որոշել է ընդունել առանց միջնորդի ավիատոմսի միջազգային գնանշումը “Ամադեուս” հարթակում, այլ փոխարենը “թույլ տվեք մենք որոշենք ավիատոմսի գինը, այնպես ինչպես կուզենք, չէ որ մենք մրցույթի ենք մասնակցում”: Եվ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Հոդվածում հստակ փորձ է կատարվում որպես անթերի և արդար եղանակ ներկայացնել նախկինում գոյություն ունեցող գումարներ մսխելու հնարավորությունը: Տվյալ դեպքում ավիագործակալների “փոքր-ինչ «շնչելու» հնարավորություն տալը” նշանակում է վերջիներիս շուրջ 500մլն. ՀՀ դրամի մսխելու հնարավորություն տալը, որը բացարձակապես չափազանցված չէ (առկա են փաստագրված տվյալներ և համեմատական վերլուծություններ): Միաժամանակ ընթերցողին առաջարկում ենք կատարել նաև ինքնուրույն հաշվարկներ թե ինչպես տարեկան մոտ 3000 ավիատոմսի վաճառքը (տեղեկանքի համար` Երևանի օդանավակայանից տարեկան ուղևորափոխադրման ծավալը կազմում է մոտ 1մլն. ուղևոր) կարելի է գնահատել որպես ավիաշուկայի “մենաշնորհ” և դա փորձել հրամցնել հանրությանը որպես մի շարք բիզնեսների փակման պատճառ: Նույնիսկ շատ մեծ երևակայության պարագայում 3000 տոմսը չի գերազանցում 1%:

    Եվ վերջինը` շարունակաբար անհիմն և կատարյալ անհեթեթ եղանակով խոսվում է “Էկենգ”-ի կողմից դրսևորվող ինչ-որ երևակայական կոռուպցիոն երևույթի մասին: Իհարկե տվյալ դեպքում ավիագործակալները առաջնորդվում են հետևյալ սկզբունքով` “լավագույն պաշտպանությունը հարձակվելն է”: Սակայն պետք է հուսախափ անենք վերջիներիս: Մինչ օրս որևէ փաստարկ չի ներկայացվել և ներդրված համակարգի պարագայում չի էլ կարող ներկայացվել` “не дождетесь!»: Ուստի, խնդրում ենք նման մեղադրանքի հիմնավորման համար ներկայացնել գեթ մեկ դեպք որևէ կոռուպցիոն երևույթի նույնիսկ տեսական առկայության մասին: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ որպես օրինակ նշված է ֆինանսների նախարարի համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Արժույթի միջազգային հիմանդրամի միջոցներով վերջերս ձեռք բերած 5500 դոլարանոց ԱՄՆ-ի ավիատոմսի դուրս գրումը: Զավեշտաին այն է, որ այդ ավիատոմսի դուրս գրումը կատարվել է հենց ՀՀ վարչապետին գրություն ստորագրած կազմակերպություններից մեկի` “ԷԴԱԼԵՔՍ” ընկերության կողմից: Տվյալ դեպքում խոսքը բիզնես կարգի ավիատոմսի մասին է և եթե շահարկվում է դրա արժեքը, ապա նման հարցադրում կարելի է ուղղել հենց այդ ընկերությանը` այդ ինչպես պատահեց, որ վերջինս “Էկենգ”-ից գանձեց նման գումար տվայլ ավիատոմսի դուրս գրման համար:

    Հ.Գ. Հոդվածի հեղինակին խնդրում ենք մոլորություն չստեղծել` “մի կերպ գոյատեւող ավիաընկերություններ”-ին սա չի կարող անդրադառնալ: Հավանաբար ուզում էիք ասել, որ տարեկան մոտ 500 միլիոնի չափով պետական բյուջեից մսխող “ավիագործակալներ” -ի մասին է խոսքը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031