Օրերս Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական կրթության գծով պրոռեկտոր է նշանակվել ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանի որդին՝ 35-ամյա Գառնիկ Ավետիսյանը (լուսանկարում): Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ նշանակումը տարակուսանք է հարուցել բուհի ներսում, քանի որ մինչ այդ, նույն պաշտոնը զբաղեցնում էր վաստակաշատ պրոֆեսոր Արմեն Համբարձումյանը:
Գառնիկ Ավետիսյանը բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի կադրերից է, նախկինում եղել է ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ, ու ըստ որոշ տեղեկությունների, տապալել ամբիոնի աշխատանքները:
Ինչ վերաբերում է տիկին Քյալյանին, նորանշանակ ռեկտոր Արմեն Մուրադյանը շատ հարցերով է նրա հետ խորհրդակցում, թեեւ բժշկական համալսարանից Aravot.am-ին տեղեկացրել էին, որ Քյալյանը Մուրադյանի խորհրդականների ցանկում չկա:
Իմիջիայլոց, Գառնիկ Ավետիսյանի նշանակման մասին որևէ տեղեկություն չկա բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջում , մինչդեռ էջը վերջին շրջանում շատ ակտիվ է այն լուրերով, թե ում որ պաշտոնից ազատեց նորանշանակ ռեկտորը կամ որտեղ նշանակեց:
Կարդացեք նաև
Բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Տաթեւիկ Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդ լուրը տեղ չի գտել բուհի ֆեյսբուքյան էջում: Տաթեւիկ Գրիգորյանը պատասխանեց, որ բավարարվել են այն բուհի կայքում հրապարակելով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ բժշկական համալսարանի կայքից: