2014-15 թթ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ընդհանուր թվերը չեն գերազանցել հիմնարկներում պահվող անձանց թույլատրելի թվաքանակին: Սա արձանագրվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2014-2015 թվականների հաշվետվությունում:
Այսօր ոլորտի փորձագետների մասնակցությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանը, որը նաեւ դիտորդական խմբի անդամ էր, ներկայացրեց խմբի` քրեակատարողական հիմնարկներում կատարած 2014-2015 թթ․-ին ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա վերհանված, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում արձանագրված խնդիրները։
Ըստ նրա. «Գերբնակեցման խնդիր քրեակատարողական հիմնարկներում չի եղել: Եղել են եւ կան առանձին քրեակատարողական հիմնարկներ, որտեղ առկա է գերբնակեցման խնդիրը: 2014-ին գերբնակեցված են եղել Նուբարաշեն, Արթիկ, Վարդաշեն, Կոշ, Հրազդան, Սեւան հիմնարկները, սրանցից մի քանիսը տարվա ընթացքում գրանցել են գերբնակեցման դինամիկ աճ: 2015-ին գերբնակեցված են եղել Նուբարաշեն, Կոշ, Արթիկ, Վարդաշեն հիմնարկները: Սեւան, Արթիկ ու Կոշ կիսաբաց ու կիսափակ ռեժիմով կացարաններից յուրաքանչյուրում պահվել է մինչեւ 45 անձ: Նուբարաշենում արձանագրվել է դեպք, երբ խցում տեղադրված է եղել 8 մահճակալ ու 1 բազմոց, բայց բնակվել են 15 անձ: Ականատես ենք եղել, երբ գերբնակեցված կացարանում մեկ անձը քնում էր սեղանի տակ, մյուսը` սեղանի վրա»:
Կարդացեք նաև
Օֆելյա Զալյանն առանձնացրեց նաեւ գերբնակեցման պատճառով առաջացող խնդիրները: Գերբնակեցումը լրացուցիչ լարվածություն է առաջացնում բանտարկյալների միջեւ, իսկ գերբնակեցման հիմնական պատճառը կալանքը` որպես խափանման միջոց, իսկ ազատազրկումը` որպես պատժի տեսակ հաճախ կիրառելու պրակտիկան է, ինչպես նաեւ պատժից վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմի ոչ արդյունավետ կիրառումը:
Փորձագետը պատմեց, որ դիտորդական խումբն ուսումնասիրել է նաեւ բանտախցերի վիճակը` սանիտարական պայմանները, ջրի առկայությունը, ջերմաստիճանը եւ այլն եւ կրկին խնդիրներ արձանագրել. «Դիտարկել ենք 103 խուց, գերազանց կամ լավ են գնահատվել այն խցերը, որոնք վերանորոգվել են դատապարտյալների միջոցով: Ոչ բարվոք են գնահատվել խցերի 6 տոկոսը, վթարային` 2 տոկոսը, գերազանց` 12 տոկոսը, բարվոք` 33, միջին` 47 տոկոսը»:
Դիտորդական խմբի ուսումնասիրությունների ժամանակ Կոշ քրեակատարողական հիմնարկում եղել է ջրի խնդիր, ըստ Օֆելյա Զալյանի. «…Զուգարանները գտնվում էին կացարաններից դուրս ու շատ վատ սանիտարահիգիենիկ վիճակում»: Իսկ Երեւան, Կենտրոն, Վարդաշեն, Նուբարաշեն, Աբովյան, Հրազդան, Գորիս, Լեռնաձոր ՔԿՀ-ներում բացահայտել են կրծողներ ու խավարասերներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ