Հայր Անտոն Վարդապետ Թոթոնջյանի պաշտպան՝ փաստաբան Սիրուշ Աղվանյանը չի հերքում տեղեկությունը, որ իր պաշտպանյալ վարդապետը անցած տարի Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով վարդապետը հանցախմբին հեղաշրջում անելու համար տվել է 70.000 ԱՄՆ դոլար:
«Այս պահին որեւէ հայտարարություն չեմ անի, հետագայում լրացուցիչ դրա վերաբերյալ հայտարարություն կարվի»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Աղվանյանը:
Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում չեք հերքում, որ ձեր պաշտպանյալը հեղաշրջում իրականացնելու համար 70.000 ԱՄՆ դոլար է տվել Արթուր Վարդանյանին, փաստաբանը պատասխանեց. «Քանի որ դեռևս գործով ապացուցված չէ, դատարանը միայն կարող է ասել՝ հեղափոխությո՞ւն պետք է արվեր, թե՞՝ ոչ, մեղադրանքը դրա հետ է կապված, առաջադրված: Մեր կարծիքով մեղադրանքն անհիմն է, համապատասխան միջնորդությունները ներկայացվել են, դրա համար չեմ կարող այդ լուրը հաստատել»:
«Ես Հայր Անտոնին չեմ ճանաչում, որ կարողանամ կարծիք հայտնել, թե ի վիճակի էր այդպիսի խաղերի մեջ մտնելու, որովհետեւ սա քաղաքական խաղ է, չասելու համար, որ այդտեղ ինչ-որ հայաստանյան ու հակապետական խնդիրներ են բարձրացվում: Դժվարանում եմ որեւէ բան ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ