Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Սիրանույշ Պապյանին եւ Վլադիմիր Գասպարյանին հաշտվելու հնարավորություն տվեց. (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2016 19:33

«Խճճելու եմ, չեմ թողնելու եւ դուք ձեր հայցը չեք հիմնավորելու, հետ եք վերցնելու»,- այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը`դիմելով  կայքի լրագրող Սիրանույշ Պապյանի պաշտպաններին:

Հիշեցնենք, լրագրողը դիմել էր դատարան`պահանջելով, որպեսզի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակային ներողություն հայցի իրենից:

Ապա եւս երկու պահանջ ավելացավ`ճանաչել մասնագիտական գործունեության ընթացքում խոսքի ազատության իրացումը խոչընդոտելու փաստը, ճանաչել սեռի հատկանիշներով գենդերային խտրականության փաստը: Այս ամենը սկսվեց նրանից, որ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում, ի պատասխան լրագրողի հարց-դիտարկման, որ ոստիկանությունում ընթացող փոփոխությունները հասարակական շրջանակներում տեսանելի չեն, ոստիկանապետն ասել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»:

Այս նիստը ձգձգվում է արդեն մի քանի ամիս: Այսօր, վերջապես կայացավ նախնական դատական նիստը: Լրագրողի շահերի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը մոտ քսան րոպե ներկայացնում էր հայցի հիմքերը, դրանք համեմելով նաեւ միջազգային փորձից օրինակներով եւ տարբեր օրենսդրական ակտերին, այդ թվում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ այլ միջազգային փաստաթղթերին հղումներ անելով: Ոստիկանապետի ներկայացուցիչը նախ առարկեց, ապա նման որակում տվեց. «Խորհրդային տարիների ՍՄԿԿ համագումարն է հիշեցնում`վեց ժամ խոսեց, բան չասեց»: Ոստիկանապետի ներկայացուցիչը հայտարարեց, որ հայցը բացահայտ անհիմն է, դրա նպատակը PR-ն է եւ հայցվորին առաջարկեց`ետ վերցնել հայցն ու ավարտել այս ամենը: Հայցվորի ներկայացուցիչները երկար ժամանակ պնդում էին, որ պատասխանողի ներկայացուցիչը ներկայացնի իր մերժման հիմքերը:

Չնայած Տիգրան Աթանեսյանի վերոնշյալ հայտարարությանը, հայցվորի ներկայացուցիչները պնդեցին, որ նախնական նիստում հայցի մերժման հիմքերն այդպես էլ չներկայացվեցին: Դատարանը կողմերին առաջարկեց հաշտության համաձայնագրի շուրջ բանակցել: Հենց դահլիճում ոստիկանապետի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք հաշտության համաձայնագիր չեն կնքելու: Այդուհանդերձ, դատարանը որոշեց, որ ողջամիտ ժամկետու կողմերը պետք է բանակցեն: Հաջորդ նիստը կկայանա 2017 թվականի փետրվարի 16-ին, ժամը 15. 00-ին:

Նիստի ավարտից հետո, հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Ասատրայանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատասխանողի ներկայացուցչի`հաշտության համաձայնության մասին կտրուկ արձագանքին, տարակուսանք հայտնեց. «Այնքան կտրուկ էր որ տպավորություն էր, թե իրենք են վիրավորվել»: Դավիթ Ասատրյանի կարծիքով, նման կտրուկ արձագանքը փաստում է, որ պատասխանողի կողմից վիրավորանքները շարունակվում են:

Մանրամասները` տեսանյութում

https://www.youtube.com/watch?feature=youtu.be&v=gElgcXVDNys&app=desktop

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930