Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Իշխան Բարսեղյանի ձերբակալությունը կոնկրետ անձին պատժելու նպատակ ունի». Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 29,2016 22:13

«Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի՝ նկատմամբ կաշառք վերցնելու հիմքով  քրեական հետապնդումը միանշանակ ունի կոնկրետ անձի նկատմամբ պատժիչ գործողության նպատակ, որը ոչ թե համակարգային խնդիրներ  լուծելու կամքով է պայմանավորված, այլ դատավորների անխափան գործունեություն ապահովելու նպատակ է  հետապնդում: Իմացեք դատավորներ՝պետք  է ենթարկվեք խաղի կանոններին, իսկ խաղի կանոնները Վճռաբեկ դատարանի նախագահինն են, որն ուղղակի կախվածության մեջ է գտնվում Բաղրամյան 26ից՝ Սերժ Սարգսյանից»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով դատավոր Իշխան Բարսեղյանի ձերբակալությանը:

Ըստ նրա, մի կոնկրետ դեպքով, ընդհանուր եզրակացություններ անել կամ կարծիք կազմել, որ դատական համակարգի առողջացմանը կամ բարելավմանը կհանգեցնի, որեւէ հիմք չունի, որովհետեւ.«Պետք է հիշեցնեմ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կողմից երկու տարի առաջ հրապարակված հատուկ զեկույցը դատական իշխանությունում գոյություն ունեցող կոռուպցիայի վերաբերյալ: Դատարանների հրահանգավորված որոշումների, ընդհուպ մինչեւ որոշումների գրման մասին, բավականին լուրջ հարցեր էր բարձրացրել, բայց  նույն դատախազությունը համարեց անհիմն, մտացածին: Խնդիրը ոչ թե առանձին դատավորների գործերով կամ կոնկրետ դեպքերով ձերբակալելու, քրեական հետապնդման ենթարկելու մեջ է, այլ խնդիրը համակարգում դրվածքի մեջ է, այդ համակարգի էությունն այն է, որ դատական իշխանությունն անկախ չէ գործադիր իշխանությունից, տվյալ դեպքում՝  Բաղրամյան 26-ից: Իսկ դատավորներն անկախ չեն իրենց որոշումներում, որովհետեւ թելադրվում են այդ նույն Բաղրամյան 26-ից, ուղղակի կախման մեջ գտնվող Վճռաբեկ դատարանի կողմից»:

Անդրադառնալով դատավորի՝ կաշառք վերցնելու գործով միջնորդ լինելու կասկածանքով ձերբակալված փաստաբանին՝ պարոն Սաքունցն ասաց. «1200-ից ավելի փաստաբաններ կան, բայց քաղաքական զգայուն խնդիրների ժամանակ, երբ մարդիկ կարիք են ունենում պաշտպանության, խոսքը վերաբերում է թե՛ քաղաքական հետապնդման զոհերին, թե քաղաքական հետապնդումներից տուժած քաղաքացիներին, որոնք որպես մեղադրյալ կամ կասկածյալ են ներգրավվում, տեսնում ենք, որ այդ 1200 փաստաբանից առավելագույնը լինում են երեսուն, քսան փաստաբան, որոնք պատրաստակամ են օգնել: Մարտի մեկի դեպքերից հիշենք, որ փաստաբաններ չենք կարողանում գտնել:

Սա խոսում է այն մասին, որ փաստաբանական կորպուսի գերակշիռ մասը բարոյական իրավունք չունեն որպես փաստաբան կոչվել, ունեն մանդատ, բայց պայմանավորված քաղաքական իշխանության վարքագծով կամ նրանց ցանկությամբ, չեն ներգրավվում այն գործերում, որոնք կարող են հակադրվել քաղաքական իշխանությանը: Փաստաբանական կորպուսի գերակշիռ մասն էլ կախվածության մեջ է գործադիր իշխանությունից, այդ գերակշիռ մասի մի մասն էլ մասնակից են կոռուպցիոն մեխանիզմներին: Որովհետեւ դժվար է  պատկերացնել դեպքեր, երբ դատավորը ուղղակի կոռուպցիոն կապի մեջ մտնի մեղադրյալի կամ կասկածյալի հետ: Տվյալ դեպքերում, որպես միջնորդ փաստաբաններն են հանդես գալիս, որի առթիվ ունենք հարուցված քրեական դեպքեր:  Փաստաբանական կորպուսն էլ առողջանալու ու որպես անկախ իրավապաշտպան կառույց հանդես գալու առումով լուրջ խնդիրներ ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31