Ես շատ եմ ուզում, որ մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը հաջողի: Անչափ շատ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Արմեն Ամիրյանն իմ գործընկերն է, որոշակի հեռուստատեսային ճանապարհ ունենք միասին անցած, որ Արմեն Ամիրյանն արժեքներ ստեղծած մարդ է, մշակութային է, գիտի համակարգեր կառավարել և այլն: Ուղղակի Արմեն Ամիրյանի ձախողումը բոլորիս հերթական ձախողումը կլինի՝ հիասթափությունների, անկումային տրամադրությունների, անելանելիության նոր զգացողություններով: Ընդամենն այսքանը: Իսկ Արմեն Ամիրյանի չձախողելու միակ գրավականը մշակույթն ապասովետականացնելն է:
Ես հասկանում եմ, որ մենք ընդհանրապես մեր երկիրն ապասովետականացնելու, մեր անկախությունը վերանվաճելու խնդիր ունենք մեծ հաշվով՝ խորը, գրեթե անլուծելի թվացող խնդիր: Համոզված եմ՝ գրեթե սերունդների խնդիր: Մենք մեր երկրի կառավարման համակարգերն ապասովետականացնելու խնդիր ունենք, հասարակական հավաքական մտածողությունն ապասովետականացնելու խնդիր ունենք, բայց այս ամենն Արմեն Ամիրյանից պահանջելը, մեղմ ասած, արդար չի լինի:
Իսկ մշակույթի ապասովետականացման խնդիրն Արմեն Ամիրյանի առաջ պետք է դնենք անպայմանորեն:
Միանգամից ասեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, որ սովետական շրջանում մշակութային առումով բավականաչափ դրական երևույթներ կային, ես այդ մարդկանց հետ համաձայն եմ: Մշակույթն ապասովետականացնել ասելով նկատի ունեմ կառավարման համակարգերից, հասարակության մշակութային մտածողությունից վտարել բոլոր այն մնացուկային երևույթները, որոնք խորապես սովետական են իրենց գաղափարաբանական հիմքերով ու հատկանիշներով:
Կարդացեք նաև
Արտաքին, զգացական, աննշան թվացող երևույթներից մինչև ոլորտային կառավարման մոդելներ, մինչև մշակութային քաղաքականության խորքային դրսևորումներ, մինչև բյուջետային ձևավորումներ, մինչև մշակութային մտածողություն և այլն՝ պետք է ապասովետականացնենք:
Նախ` արտաքին, զգացական, աննշան թվացող երևույթներից մի քանիսի մասին: Ինչու՞ առաջինն այս մասին, չգիտեմ: Երևի որպես ապասովետականանալու զգայացունց ազդակ:
Պետք է արգելենք թաղման տարատեսակ կառավարական հանձնաժողովների ստեղծումը, դրա հանրահռչակումը: (Աստված ազատի մեզ այս «հանրահռչակել» տխմար բառից): Բնականաբար, ինչ-որ հանձնաժողովներ պետք է ստեղծվեն կազմակերպչական որոշ խնդիրներ կանոնակարգելու համար: Նույնիսկ սովորական մահկանացուների դեպքում ինչ-որ մարդիկ այդ գործերը հանձն են առնում, բայց մեկին չթաղենք վարչապետի գլխավորությամբ, մյուսին՝ նախարարի, երրորդին՝ փոխնախարարի: Գուցե երկրային կյանքում հանգուցյալները հավասար չեն եղել Աստծո առաջ, բայց երկնքում հավասար են, կարծում եմ:
Պետք է արգելենք, ուղղակի արգելենք մշակույթի օջախները սգո հանդիսասրահների վերածելը: Կամերային երաժշտության տունը, օպերային թատրոնն արդեն իդենտիֆիկացվում են հոգեհանգիստ, հուղարկավորություն երևույթների հետ և ոչ մշակույթի: Պետք է հավատացնենք բոլորին՝ թե հանգուցյալի հարազատներին, թե հասարակությանը, թե սովետիզմի կպչուն կրողներին, որ ասենք օպերայի շենքից որևէ մեկին հուղարկավորելը հարգանքի նշան չէ՝ թեկուզ այդ արվեստի ամենամեծանուն ներկայացուցչի վաստակի հանդեպ: Գիտեմ, որ շատ դեպքերում հենց մահացողների հարազատներն են դառնում նման որոշումների պատճառը: Բայց՝ համոզենք, խնդրենք, հորդորենք: Սարսափելի է կեսօրին պտտվել դագաղի շուրջը, երեկոյան ըմբոշխնել ներկայացում, համերգ: Բացի այդ, սա նաև արժեհամակարգային խնդիր է՝ բնույթով հակահայկական, հակաքրիստոնեական և սովետական է իր ամբողջ փիլիսոփայությամբ:
Այս արատավոր, խորը սովետական երևույթի հետևանքում ձևավորվել է մարդուն մի քանի անգամ հրաժեշտ տալու «նյու» հայկական ավանդույթ՝ երբ հոգեհանգիստը կատարվում է որևէ եկեղեցում, իսկ հաջորդ օրը հրաժեշտ են տալիս որևէ մշակութային օջախից, կարծես եկեղեցական հոգեհանգիստն այլ նպատակով էր և ոչ հրաժեշտի: Խոսենք, համոզենք, խնդրենք Հայ Առաքելական Եկեղեցուն և կարգավորենք այս խնդիրը մեկընդմիշտ: Լուծումներ կան:
Թողնենք մեդալների, կոչումների՝ ժողովրդական, վաստակավոր և այլ որակումների ոչ միայն խրոխտ հնչեցումը ամենատարբեր արարողությունների առիթով, այլ նաև դադարեցնենք դրանց բաշխումը, (իսկապես, չեմ ասում շնորհումը, այլ բաշխումը, որովհետև այն ուղղակիորեն բաշխվում է): Ուղղակի թողնենք: Սա նույնիսկ մեր նոր՝ մենեջերական կառավարության տրամաբանության մեջ է տեղավորվում: Հաշվեք, թե որքան գումար են վճարում հարկատուները բոլոր նախարարությունների, գերատեսչությունների պատվոգրերի, մեդալների, կոչումների համար: Ավելին է՝ քան աղմուկով կրճատված ավտոմեքենաների գումարը: Հաստատ: Ավելին է, քան նոր վարչապետի չեղյալ հայտարարած գործուղումների գումարները: Անհեթեթությունն այնտեղ է հասել, որ կարծեմ նույնիսկ «Երևանի մշակույթի վաստակավոր գործիչ» կոչում է հիմնվել: Ասել է, թե Երևանի մշակույթը Հայաստանի մշակույթը չէ:
Արմեն Ամիրյանը հաստատ գիտի, թե ինչ խարդավանքներ են տեղի ունենում, ինչ թշնամանք է առաջանում, ինչպես են մարդիկ ոտնահարում ամեն սրբություն, այս «բարձրունքներին» հասնելու համար և ատելության ինչ մթնոլորտ է ձևավորվում ստացածների ու չստացածների միջև: Այստեղ ոչ մի մշակույթ, ոչ մի արվեստ չկա: Մի առիթով իմ արվեստագետ ընկերներից մեկն ասաց, որ այն, ինչն ատելություն է սերմանում, պետք է վերացնել: Բոլոր երկրներում նշանակալից մարդկանց խրախուսելու մոդելներ կան: Կառավարական պարգևներ կան, անշուշտ: Ապասովետական ելքեր կարելի է գտնել:
Պետք է չափորոշիչներ սահմանել պետական նշանակության միջոցառումների՝ սովետական լեզվով ասած գեղարվեստական մասի հետ կապված: Այլևս անհնար է, որ բոլոր այդ գեղարվեստական մասերում բացակայի գեղարվեստը: Հավատացեք, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում անգամ այստեղ չափորոշիչներ կան, հստակ չափորոշիչներ: Անձայն երգիչ-երգչուհիները, ռեստորանային ուրախությունների «զարդերը» չեն կարող պետական նշանակության միջոցառումներ «զարդարել»: Այն էլ քսանհինգ տարի շարունակ: Հետո ի՞նչ, որ նրանք հանրային հեռուստատեսությամբ «ամենակարող» են: Պետությունը պետք է ամենակարող լինի: Առանց դասական արվեստի, առանց ազգ ներկայացնող իրական մշակույթի ներկայության չի կարող պետական միջոցառման «գեղարվեստական» մաս տեղի ունենալ:
Հիմա մշակութային քաղաքականության ավելի խորքային դրսևորումների մասին:
Այսօր հայ մշակույթում գերխնդիր է «կա-վե-էն»-ային մշակույթից անցում կատարելը հայ մշակույթին (ընդգծումն իմն է), խորապես հայ մշակույթին: Եվ դա պիտի անենք անհապաղ: Իրական հայ մշակույթը պետք է դառնա ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ:
Եվ ընդհանրապես մշակույթի ներքին սպառման խնդիրները պետք է դառնան լրջագույն խնդիրներ: Սկսած «Ոսկե Ծիրան» մշակութաբանական խորը երևույթ միջազգային կինոփառատոնից, որին պետք է աջակցել ամենայն ջանքով և ոչ՝ խանգարել խարդավանքներով ու ձեռնածություններով, մինչև մշակութային օջախների տրամադրում արմենչիկային համերգներին, մինչև գերեզմանային արձանագործության սփռում, մինչև փառատոնային գործունեություն և այլն:
Հայաստանը պետք է դառնա ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿԻՐ՝ իր բոլոր դրսևորումներով: Այնինչ մենք «արտահանում» ենք մշակութային գործիչներ:
Հայ միջնադարյան արվեստը բավարար է, Կոմիտասը, Փարաջանովը, Չարենցը, Նարեկացին (անուններ չթվարկեմ) բավարար են, հայ մոդեռն արվեստը, հայ դասական երաժշտական, կատարողական արվեստը բավարար են, հայ կերպարվեստն իր անցյալով ու ներկայով բավարար է, որպեսզի Հայաստանը դառնա մշակույթ արտահանող երկիր:
Մենք բավարարվել ենք ծաղրածուների մշակույթը ներքին սպառման ապրանք դարձնելով, ծաղրածուների մշակույթը հայի հայրենիքում, պետությունում հային պարտադրելով, սովետական միջոցառումային արվեստով, մինչդեռ արևմտյան շատ երկրներ, քաղաքակրթություններ նույն Կոմիտասին, Փարաջանովին, Չարենցին, Նարեկացուն հրամցնում են իրենց հասարակություններին: Իսկ նրանց «իրավունքների կրողը» մենք ենք, Հայաստանը և նրանց իրավունքների «շահաբաժինները» մենք պետք է ստանանք: Գոնե մենեջերական մեր այս կառավարության ժամանակաշրջանում այն կարող ենք դարձնել ավանդույթ:
Պիտի անդառնալիորեն փոխվեն մշակույթի թե ներքին, թե արտաքին սպառման վեկտորները և պիտի փոխվեն անվերապահորեն, պիտի փոխվեն, այո, շոկային թերապիայով: Չենք կարող սպասել, մինչև սովետական մտածողության կրողները՝ (տարիքից, վաստակավոր կամ ժողովրդական, կամ համամարդկային լինելու հանգամանքից անկախ), այլևս անկարող լինեն ազդեցություններ թողնել: Սերժ Սարգսյանն ասաց չէ՞ «Նեղանալ և նեղսրտել չկա»…: Պետք է գործել:
Աշխարհահռչակ դիզայներներ են ոգևորվում Փարաջանովի արվեստով, մեծարվեստ հավաքածուներ են ստեղծում ու վաճառում աստղաբաշխական գներով, միլիոնանոց շուկաներ ունեցող հեռուստաընկերություններ են ոգևորվում Փելեշյանի ֆիլմերով, ցուցադրում են գրեթե ամեն շաբաթ, իտալացիներն են թվայնացնում վարպետի ֆիլմերը: Գերմանացիներն են Տիգրան Մանսուրյանին «Ռեքվիեմ» պատվիրում: Հայկական մոդեռն արվեստը մեծ պահանջարկ ունի աշխարհի գալերեաներում, հայկական էթնո երաժշտական արվեստն աշխարհում դահլիճներ է լցնում, իսկ մենք…Նույնիսկ հարկ չեմ համարում ասել, թե մենք ինչ ենք անում:
Այստեղ էլ լուծումներ կան: Ի վերջո, հարյուրավոր աշխարհահռչակ հայեր ոչ միայն համաշխարհային մշակույթի հնչեղ անուններ են, այլև հրաշալիորեն ծանոթ են մշակույթի կառավարման միջազգային չափորոշիչներին, ունեն կապեր, հարաբերություններ, հնարավորություններ, կրթություն վերջապես և ուղն ու ծուծով կապված են Հայաստանի հետ: Մի մասը նույնիսկ Հայաստանից «արտահանված» են: Ուղղակի նրանց պետք է ներքաշել ոչ թե խարդավանքների, բանսարկությունների, այլ կառավարման համակարգերի մեջ՝ ընդդիմանալով տեղական, գավառական, խորը սովետական երևույթների երբեմն լուռ, երբեմն անթաքույց ընդդիմությանը: Ի վերջո պետք է հասկանալ, հասկացնել, որ մշակույթ կառավարելը մասնագիտություն է և կրթություն է պահանջում, հմտություն, ու ժողովրդական թատրոնի բեմում ասմունքած լինելը, կամ նույնիսկ ասմունքելը պայման չէ թանգարան կամ օպերային թատրոն կառավարելու համար:
Առանց վարանելու պետք է մինչև վերջին լուման թափանցիկացնել գրահրատարակչության և կինոարտադրության ոլորտների պետական պատվերն ու պետական աջակցությունը: Խնդրեմ, վերացրեք այս ոլորտների տարատեսակ ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները: Պետական պատվերով և պետության աջակցությամբ իրականացվող գրահրատարակչությունը և կինոարտադրությունը պետք է լինեն ազգային արժանապատվության խնդիրներ:
Ովքե՞ր են որոշում հրատարակվելիք գրքերի ցանկերը, հեղինակներին: Արդյոք այն գրողները, որոնք նույնիսկ «նամակ գրելու իրավունք չունեն» պետք է միշտ հրատարակվեն պետական աջակցությամբ: Ովքե՞ր են որոշում նկարահանվելիք ֆիլմերի ցանկերը, ռեժիսորներին: Արդյոք այն ռեժիսորները, որոնք միշտ ձախողվում են, պետք է միշտ նկարահանեն պետական աջակցությամբ: Ո՞վ է այսքան ժամանակ պատասխան տվել ձախողված ֆիլմերի, հրատարակված անպետք գրքերի համար: Որքանո՞վ են միանձնյա ընդունվում որոշումները: Որքանո՞վ է գեղարվեստական, հոգաբարձուների և այլ տարատեսակ խորհուրդների ներսում իշխում թայֆայականությունը: Եթե նույնիսկ մեկ-երկու արժանավայել հրատարակություն է ծնվել կամ մեկ երկու ուրիշ մի բան, դեռ չի նշանակում, որ դրանց քողի տակ պետք է միջակությունները յուրացնեն պետական միջոցները:
Արդյոք հնարավոր չէ՞ նախապես հրապարակել գալիք տարում հրատարակվող կամ նկարահանվող գրքերի ու ֆիլմերի ցանկերը, հանրային քննարկումներ անել, հրապարակել կայացված որոշումների հիմնավորումները, ձախողումների պատասխանատուներին և այլն: Արդյոք հնարավոր չէ՞ համակարգային անթերի լուծումներ գտնել: Հնարավոր է: Այստեղ ևս մոդելներ կան, լուծումներ: Կան նաև անձիք, որոնք գիտեն համաշխարհային փորձը, աշխարհում առկա մոդելները: Եվ այդ անձիք բոլորովին էլ այն անձիք չեն, որոնք այսօր որոշում կայացնողներ են՝ (decision-maker) կասեին ամերիկացիք: Մի քանի երիտասարդներ վերջին մի քանի տարում հեղափոխություն արեցին գրահրատարակչության, գրքի հանրայնացման, գիրք կարդալու մշակույթի ոլորտներում: Ինչո՞ւ նրանք չեն decision-maker-ները:
Թարգմանչական գրականության ստեղծումը գերխնդիր է: Հայ գրականության գիգանտները թարգմանված չեն, չկան այսօր ժամանակակից աշխարհի էլեկտրոնային գրահարթակներում, եթե այս կամ այն կերպ կան էլ, ապա անհատների, նվիրյալների, ալտրուիստների շնորհիվ և ոչ պետության:
Զարմանալիորեն Կինոյի, թատրոնի մասին և այլ օրենքներ մնացել են չընդունված: Ինչո՞ւ: Ովքե՞ր են ընդդիմացել: Ո՞ւմ ձեռնտու չի եղել: Արդյոք նաև նրանց, ովքեր միշտ բարձրաձայնում են օրենքներ ընդունելու հարցերը: Գուցե սա է՞ պատճառը, որ մեր թատրոնում դեռ ասմունքում են հիսունականների հանգույն, իսկ համաշխարհային բեմերում այլ գործընթացներ են տեղի ունենում, որ մեր կինոն կամ «կա-վե-էն»-ային շոու է, կամ խեղճ, համաշխարհային զարգացումներից հեռու նկարաշար: Պետք է հրապարակայնացնել խոհանոցը, պետք է հանրայնացնել խնդիրները:
Ազգային օպերային թատրոնի հարցը դասվել է հայկական անլուծելի հարցերի շարքին: Տարիներ շարունակ փոխվում են կառավարիչները, փոխվում են դերակատարներ, բայց չի փոխվում թատրոնը: Ոչ մի տեսանելի փոփոխություն: Սովետական կառավարման համակարգեր՝ գաղտնիքներով, խարդավանքներով, անթափանց վարագույրի հետևում: Աշխարհի բեմական զարգացումներից հեռու ներկայացումներ, բայց տաղանդավոր մարդիկ, որոնք կարտահանվեն շուտով: Չկա՞ն լուծումներ: Չկա՞ն մարդիկ, որոնք կարող են հեղափոխական փոփոխություններ անել: Կան: Ուղղակի սովետիզմը պետք է հաղթահարել:
Նախնադարյան իրավիճակ է գրադարանային ու թանգարանային հատվածներում: Այո, Wi Fi կա որոշ գրադարաններում, թանգարաններում, բայց կառավարման համակարգերը, ծառայությունների մատուցման համակարգերը, սպասարկման մշակույթները սովետում են, խորը սովետում: Կառավարիչները հիմնականում սովետում են: Մեկ-երկու փոփոխություններ եղան, մասնավորապես թանգարանային ոլորտում, նոր մարդիկ նոր արյուն բերեցին, նոր մտածողություն և անմիջապես փոխվեց իրավիճակը: Իսկ թանգարանային, գրադարանային ոլորտները կարող են ուղղակիորեն նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Ուղղակիորեն:
Մշակութային ժառանգության պահպանման խնդիրը սպառնում է Հայաստանի ինքնությանը: Որքան «եվրոռեմոնտներ» են արվել, որքան այլանդակություններ, որոնք կասկածի տակ են դնում ու դնելու նույնիսկ Հայաստանի հազարամյա պատմության փաստը: Իտալացիները խնդրում են վերականգնել մեր պատմական մշակութային ժառանգությունը, մեր արվեստի ստեղծագործությունները, որմնանկարները, իսկ մենք նրանց վանում ենք կառավարման մեր սովետական մոդելներով՝ չհաշված մեր «ավանդական» հոգեկերտվածքը փողային հարցերում և մեր սովետական կառավարիչները:
Ի վերջո, մշակութային քաղաքականության զարգացման հիմնադրույթները, կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը պետք է հանրային քննարկման միջոցով ձևավորել՝ անկեղծ, հրապարակային, բաց, իրական քննարկումներով, ապասովետական մարդկանց, արժեքային համակարգեր ունեցող մարդկանց համախմբումով: Կա՞ն: Այո, կան: Նույն կերպ պետք է քննարկել նաև բյուջեի խնդիրները: Բյուջեի մշակութային հատվածում բազմաթիվ են անհասցե, անորոշ բյուջետային հատկացումները, որոնք, հասկանալիորեն, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, նաև՝ հովանավորչություն, կամայականություններ: Արդյոք հնարավոր չէ՞ հասցեական, ճշգրիտ ձևակերպումներով կազմել բյուջետային ծախսերը: Հնարավոր է: Հնարավոր չէ՞ վերլուծել առայսօր կատարվածն ու հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը: Հնարավոր է:
Ես չէի պատրաստվում այսքան երկար գրել, բայց խնդիրներն այնքան են խորացել, որ ժամանակ ու տարածություն կորել են նրանց մեջ: Եվ ոչ մի չափազանցություն չկա ասվածում: Ճիշտ հակառակը՝ մշակութային խնդիրների չնչին տոկոսին է անդրադարձը:
Հ.Գ. Եթե հուսադրող չլինեին Արմեն Ամիրյանի առաջին հայտարարությունները մշակույթի նախարարի պաշտոնում, այս հրապարակումը հաստատաբար չէի անի, որովհետև խոսելն ու արդյունքներ չտեսնելն ավելի հիասթափեցնող է: Գրահրատարակչության, կինոարտադրության քաղաքականությունների մասին Արմեն Ամիրյանի հայտարարությունները համարձակ են: Նույնիսկ հեռուստատեսության «ամենակարող»-ի քննադատությունն էր համարձակ: Այդպես երբեք չէր եղել: Նույնիսկ մշակույթի նախարարության պաշտոնական հաղորդագրություններն են ոչ պաշտոնական: Ապասովետական մի բան, հաստատ, արդեն կա:
Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՙՙԼրաբերյանՙՙ օրերի բաբախը և սրտացավ հայ մարդու ազնիվ մղումները տեսա…