Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանում ինքնահրկիզված անձի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության հրապարակման մեջ Քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել

Հոկտեմբեր 08,2016 15:45

2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված և երեք օր անց հիվանդանոցում մահացած Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ դեպքին հաջորդող օրերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ վերջինս ՄԻԱՎ-ով ապրող անձ է և թմրանյութերից կախվածություն ունի:

Տեղեկատվությունը լրատվամիջոցներում հայտնվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի միջոցով, որը դրա մասին հայտնել էր ինքնահրկիզված անձի առողջական վիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան:

Մասնավորապես՝ նման հրապարակումներ եղան armlur.am («Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը ՄԻԱՎ ուներ. ինչ վտանգ կարող է սպառնալ նրան օգնություն ցուցաբերածներին. ներկայացնում է բժիշկը») և tert.am («Ինքնահրկիզվողը հայտարարել էր, որ քաղաքական պատճառներով չի նման քայլ արել. նա թմրամոլ էր և ՁԻԱՀ-ով հիվանդ. բժիշկ») լրատվական կայքերում:

Վերոնշյալ հրապարակումներում Ն. Դավիդյանը խոսում է Ք. Գրիգորյանի այնպիսի առողջական խնդիրների մասին և այնպիսի՝ խարան առաջացնող որակումներով («պրոֆեսիոնալ թմրամոլ», «ՁԻԱՀ-ով հիվանդ»), որոնք ակնհայտ նպատակ են հետապնդում բացասական վերաբերմունք ձևավորելու՝ տեղի ունեցածի և տվյալ անձի նկատմամբ: Ավելին՝ փորձ է արվում կատարվածը որակելու որպես ոչ քաղաքական քայլ և նսեմացնելու ու վարկաբեկելու ինքնահրկիզման միջոցով բողոքի ակցիան:

Այսպիսով՝ Ն. Դավիդյանը խախտել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ու ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև խախտել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի՝ բժշկական գաղտնիքի վերաբերյալ դրույթը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է ՀՀ Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) իմաստով:

Հիմք ընդունելով վերոգրյալը և Քաջիկ Գրիգորյանի քրոջ՝ եղբոր իրավունքների պաշտպանության նպատակով Կազմակերպությանն ուղղված դիմումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 13-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ Քննչական կոմիտեում հրաժարվել են քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, որ բժշկի կողմից Ք. Գրիգորյանի՝ ՄԻԱՎ-ով վարակված լինելու հանգամանքը բացահայտելը պայմանավորված է եղել նրա հետ ինքնահրկիզման օրը շփված մարդկանց վարակման ռիսկը կանխելու նպատակով, հետևաբար՝ նրա արարքում բացակայում է հանցակազմը:

Որոշմամբ վկայակոչվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին (….) և դրանց հետևանքներին:

Հավելենք, որ նույն բժշկի՝ Ք. Գրիգորյանի վերաբերյալ «պրոֆեսիոնալ թմրամոլ», «10 տարի կալանավորված է եղել» և համանման այլ որակումների վերաբերյալ, որոնք ակնհայտ որևէ այլ անձի ռիսկի չենթարկելու նպատակ չէին կարող ունենալ, Քննչական կոմիտեն մեկնաբանություններ չի տալիս:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ Քննչական կոմիտեի 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից սահմանված կարգով կբողոքարկվի:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31