Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Հանգիստ թողեք Վարդեւան Գրիգորյանի ընտանիքը»

Սեպտեմբեր 30,2016 18:16

«Մինչեւ բակային հանդիպումների քարոզարշավի մեկնարկը` մենք շտաբում քննարկում ենք օրվա կարեւորագույն խնդիրները: Քանի որ այսօր քարոզարշավի վերջին օրն է, շտաբերի պատասխանատուների հետ քննարկել ենք ընտրությունների օրվա հետ կապված հարցեր: Խստագույն հանձնարարական է տրված մեր բոլոր պատասխանատուներին`որեւէ սադրանքների չենթարկվել, որեւէ բանի մեջ չներքաշվել: Հնարավոր է լինեն տարբեր սադրանքներ: Մեզ համար կարեւոր է ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը: Մենք գնում ենք ազատ եւ արդար ընտրության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` պարզաբանելով, թե ի՞նչ խորհրդակցություն է անցկացրել այսօր Գյումրիի նախընտրական շտաբում` շտաբերի պատասխանատուների եւ ակտիվի հետ:

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ի սկզբանե ԲՀԿ-ի նշաձողը եղել է հաղթանակը: Հիմա էլ է այդպես. «Որեւէ համայնքում, որտեղ ԲՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, օլիմպիական սկզբունքով չի մասնակցում: Ընտրությունը սպարտակիադա չէ: Մենք մասնակցում ենք առաջին տեղը զբաղեցնելու հստակ նշաձողով»:

Հարցին` Գյումրիում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու հետ տեղի ունեցած ողբերգական դեպքը արդյոք որեւէ կերպ չի՞ ազդելու ընտրության օրը` ընտրական գործընթացի վրա, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերին նորից է հորդորում` այդ ողբերգությունը շահարկման առարկա չդարձնել. «ԲՀԿ-ն արդեն նման հրապարակային կոչ արել է: Նորից եմ հորդորում` հանգիստ թողեք Վարդեւան Գրիգորյանի ընտանիքը: Դա մեծ ողբերգություն է, եւ որեւէ շահարկում անթույլատրելի է»:

Ի դեպ, Վարդեւան Գրիգորյանի մյուս որդին, այսօր տված հարցազրույցում հաստատել է, որ եղբայրն ինքնասպանություն է գործել, թեպետ քարոզարշավի ընթացքում եւ Նաիրա Զոհրաբյանը, եւ մյուս ԲՀԿ-ականներն անընդհատ ակնարկում են զառերով չարաբաստիկ պաստառը` Aravot.am-ի դիտարկմանը տիկին Զոհրաբյանը այսպես հակադարձեց. «Այն, որ այդ պաստառը անբարոյականություն է եւ քարոզչական կեղտոտ հնարք` ես եւ իմ գործընկերները շարունակում ենք պնդել: Որ դրա հեղինակները պատասխան են տալու` դարձյալ երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց որ այդ մեր ողբերգության հետ դա կապ ունենալ չէր կարող` նույնպես փաստ է:

Ես նորից հորդորում եմ բոլորին` առավելագույն զսպվածություն ցուցաբերել` հասկանալով, որ իրապես լարված իրավիճակ է քաղաքում: Ցանկացած անզգույշ խոսք, քայլ, ոչ հաշվարկված գործողություն կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների:

Հորդորում եմ գնալ ազատ ու արդար ընտրությունների, որեւէ մեկի ցավը չշահարկել, որովհետեւ բոլորս պատասխանատու ենք գյումրեցու առջեւ: Իսկ մնացած խոսակցությունները, այդ թվում նաեւ ոչ պարկեշտ քարոզչական հնարքների մասին, ինչպես ասել ենք, տեղի կունենան միայն ընտրական գործընթացներից հետո»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930