Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք այդ հեղինակությունը չունեն». Իգիթյանը՝ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի մասին

Սեպտեմբեր 28,2016 14:16

«Զուռնեն հեռվից լավ է լսվում»,- այսպես արձագանքեց սփյուռքահայ մտավորականների՝ «Արդարությունը Հայաստանում» խորագրով հայտարարությանը ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:

Հիշեցնենք, որ ըստ հայտարարության, սփյուռքահայ մտավորականները գրել են. «Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տեղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների, ստորագրահավաքի նախաձեռնողներն ասում են՝ ո՛չ, համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին»:

Պարոն Իգիթյանն Aravot.am-ին ասաց, որ այդ հայտարարությանը միացած սփյուռքահայ մտավորականներին չի ճանաչում: Մեր դիտարկմանը, թե հայտարարությանը միացած մտավորականներից են դերասանուհի Արսինե Խանջյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, պարոն Իգիթյանը շարունակեց. «Ես սփյուռքահայ մտավորականությանը տեղյակ չեմ, չեմ ճանաչում: Դուք մի երեք անուն եք տալիս, դա դառնում է Վիլյամ Սարոյա՞ն կամ Արշիլ Գորկի՞, Ռուբեն Մամուլյա՞ն: Թե՞ արդեն այդ հաստիքացուցակում ով այս աշխարհից գնում է թափուր տեղերը նշված են՝ ով պետք է լինի, էդ ինչ բան է, մասշտաբի հարց է չէ՞: Ազգ ներկայացնող մտավորականություն, էդ ովքե՞ր են, էդ երեք հոգի՞ն: Էդ ինչ ընդհանրացումներ են, չեմ հասկանում: Նրանք այդ հեղինակությունը չունեն, ով որ լավ կիթառ է նվագում, դառնում է հայ մտավորակա՞ն»:

Ճարտարապետն ասաց՝ ոչ միայն չի միանա ստորագրահավաքին, այլեւ դեմ է ամբոխային պայքարին. «Եթե այդքան ցավում են, թող գան, այստեղ ապրեն ու մեզ հետ միասին իրենց պայքարը վարեն:

Հեռվից հայրենիք սիրելուն չեմ հավատում: Ես մասսայական կարծիքներ չեմ ընդունում: Երբ երեք հարյուր հոգի փողոցով անցնում են, երկուսին կանգնեցնում եմ, ասում՝ տղաներ ուզում եմ ձեզ միանալ, խնդիրն ի՞նչ է, ասում են՝ չգիտենք, դե գոռում ենք էլի: Այդ հոգեբանությամբ նպատակին չենք հասնի»:

Պարոն Իգիթյանի համար նաեւ անհասկանալի է «Արդարություն Հայաստանում» հայտարարության այն հատվածը, թե «Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տեղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների». «Չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, ինչ մարդու իրավունքներ են խախտվել: Ես կրկնում եմ՝ փողոցային երեւույթներ չեմ ընդունում, մենք անհատների ազգ ենք, ամբոխ հասկացողությունը փոքրաթիվ ազգերի համար շատ վնասակար բան է: Ես ամբոխային, փողոցային ակցիաներ պետություն կառուցելու մեջ չեմ տեսնում»:

Մեր հարցին, իսկ ինչու Հայաստանում ձեւավորված մենաշնորհի, կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների ու արատավոր այլ երեւույթների դեմ պայքարը սկսեցին սփյուռքահայ եւ ոչ հայաստանաբնակ մտավորականները, որովհետև նրանք չե՞ն նկատում այդ խնդիրները, թե՞ դրանք չեն անհանգստացնում իրենց, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Այն, ինչով զբաղվում եմ իմ կյանքում բոլորը քննարկո՞ւմ են այստեղ, սփյուռքում: Ընդհանրապես տեղյա՞կ են՝ ես ինչով եմ զբաղվում, որեւէ մեկի օգնության կարիքն ունեմ, թե՝ չէ: Այն, ինչով զբաղվում եմ, ես այդ գործը հասկանում եմ, թե՞՝ոչ: Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի ոչ մի ակցիաների կարիք չի լինի»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն` ձեր կարծիքով, մտավորականները երկրում ստեղծված խնդիրների հետ գործ չունե՞ն, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Պայքարելու տարբեր ձեւեր կան, ես այդ տեսակ պայքարը չեմ ընդունում: Վաղը մյուս օրը, եթե մի հիվանդ բերեն հիվանդանոց ու մասնագետների կոնսիլիում լինի, մենք պետք է այդ կոնսիլիումը թողնենք փողոցում հավաքվենք ու դիագնոզ տա՞նք, բժիշկներին էլ ասենք՝ ոնց բուժե՞ն: Մինչեւ դրանով զբաղվենք հիվանդը կմեռնի: Ամեն ինչով պետք է հասկացող մարդիկ զբաղվեն, այն ժամանակ ոչ մի խնդիր չի լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այդ – իրոք ափսոսալի – հայտարարութիւնը ստրագրողներից շատերը արվեստագէտներ են, եւ ոչ թէ մտավորականներ: Նոյն բանը չէ, նամանավանդ այս պարագային, որովհետեւ անոնց սայթաքումը կապ ունի արվեստագէտի հուզալից հոգեվիճակին, զգացական խառնվածքին հետ, մինչ մտավորական բառին մէջ իսկ արդէն… միտք կամ մտածել բառը կայ:

    Սակայն հիմնական խնդիրը այն չէ որ այդ անձիքը իրենց կարծիքն են հայտում, -թեկուզ, այո, որոշ ինքնահավանությամբ մը, համայն աշխարհը շփոթելով իրենց հմայված երկրպագուների հետ – :

    Խնդիրը այն է թէ իրենց կեցվածքը կը հանդիսանա արդարացում, ջատագովում՝ բրտութեան արարքի մը, ոճրագործության, մարդասպանութեան: Այս կէտն է որ անիմաստ ու չեղեալ կը դարձնէ իրենց նախաձեռնությունը: Մինչ իրենք լաւ գիտեն թէ իրենց ապրած երկիրներում ինչ էր կոչվելու եւ ոնց էր արժեվորվելու այդ արարքը…

    Յետոյ, նկատի ունենալով որ ստորագրեալներու մեծամասնութիւնը արեւմտեան երկիրներու քաղաքացիներ են, պէտք է նկատի ունենային իրենց առած քայլի վերաբերող աշխարհա-քաղաքական երեւոյթը, որ ուրիշ պատճառ մըն է որ հակաարտադրողական դառնա իրենց անխոհեմ եւ մակերեսային ոտնձգությունը:

  2. “Сам не ам,не кому не дам”! Սա պարոն Իգիթյանն է:

  3. Զարուհի Մուրադյան says:

    Ինքը ոչ մի բան չի ստեղծել,սակայն տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանի ավագանիյում շարունակաբան քվեարկել է Երևանը քանդելու բոլոր օրինագծերը…հայտնի սառայագետ է դառել,քանի որ շատ է ցանկանում հաճոյանալ ախշարհի ուժեղներին….լավ կլիներ լռեր,բայց սենցները չեն լռում

  4. Ինգա says:

    Դե ուրեմն արի բոլորս տեղներս նստենք և ոչինչ չանենք, ջայլամների նման գլուխներս ավազի տակ շարունակենք ստրուկների նման գոյատեվել պարոն։ Այս ինչ անհեթեթություն է! Եթե դու լավ էս ապրում և քեզ կխանգարի որևե փոփոխություն, դա դեռ չի նշանակում որ ազգտ ոչինչի կարիք չունի։ Եվ չմորանաս, պարոն, որ դրսի ձերքերից բոլորդ էք օգտվում, և հասարակությունը բարեկամների կողմից, և իշխանություն կոչեցյալդ բարեգործերի միջոցով!!

  5. Арман says:

    Игитян, ты вообще кто? Ты по сравнению с этими великими людьми маленькая, очень маленькая мелочь.

  6. henri says:

    Ես Հենրիկ Իգիթեանը ճանչցեր եմ որ մեծ ներդրում կատարած է հայ արուեստագէտները ճանչցնելու,այս մէկը ով՞ է որ նոյն անունը կը կրէ և կը յայտնուի միշտ քաղաքապետարանի սրահներուն մէջ և նարեկ սարգսեանի կողքին ապա խոր լռութիւն,,,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930