Երեկ Aravot.am-ին տված հարցազրույցում «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ, Բալասարյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանը հաստատել էր, որ զառերով հայտնի պաստառը, ինչի հետ կապում են Գյումրիում ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու հետ տեղի ունեցած ողբերգությունը, ինքն է այդ պաստառի հեղինակը եւ իր խոսքերով՝ «հոգեւոր հայրը»։
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահրադյանի հայտարարությանը` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Ժամանակավոր օգտագործման համար ստեղծված «Գյումրեցու ոգի» կուսակցության խորհրդական-նախագահը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ զառերով պաստառի հեղինակը ինքն է։ Որ այս հայտարարությունը պետք է անմիջապես դառնար իրավապահների քննության հարցը, դրա մասին չէ այս պահին խոսքս։ Այդ տղային ուզում եմ տեղեկացնել, որ թե՛ իր, թե՛ իր «պապաների» հետ մենք կխոսենք հոկտեմբերի 2-ի ընտրություններց հետո։ Բոլոր փորձերը՝ մինչեւ ընտրություն մեզ ներքաշելու որեւէ սադրանքի, բանավեճի մեջ, չեն ստացվելու։ Հոկտեմբերի 2-ից հետո մենք կխոսենք թե՛ այդ տղայի, թե՛ նշյալ պաստառի իրական հեղինակների եւ կատարողների հետ։
Ինչ վերաբերում է այդ տղային ու նրա «պապաներին», ապա միայն այն, ինչ անունով որ գյումրեցիները ողբերգական դեպքից հետո կնքել են Սահակ Սահրադյանին եւ նրա տերերին, դա արդեն Աստծո ամենամեծ պատիժն է յուրաքանչյուր մարդու համար։ Մնացածը՝ հոկտեմբերի 2-ից հետո»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ