Երեկ, Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ –ի ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու` Արշակի, հոգեհանգստի արարողությանը ներկա է եղել նաեւ Շիրակի թեմի առաջնորդարանից տեր Փավստոսը:
Արշակ Գրիգորյանի դին, հիշեցնենք, գտել էին իրենց տան նկուղում, սեպտեմբերի 20-ին: Պաշտոնապես առաջ է քաշվում ինքնասպանության վարկածը:
«Քանի որ սա ինքնասպանություն է, ինչին ինքս չեմ հավատում, Աջապահյանի հետ քննարկեցինք եւ որոշեցինք հոգու հանգստության աղոթք անել»,- ասել է տեր Փավստոսը: Նկատենք, որ ինքնասպանության պարագայում, ննջեցյալի համար եկեղեցական հոգեհանգստյան կարգ չի մատուցվում: Այսօր, արդեն թաղման արարողության ժամանակ տեր Փավստոսը դարձյալ աղոթք է արել Արշակի հոգու հանգստության համար:
Ականատեսների պատմելով, մինչ անհասկանալի հանգամանքներում մահացած երիտասարդի դին դուրս կբերեին տանից, տեր Փավստոսին է մոտեցել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ասել. «Դուք գիտեք չէ՞, որ սա ինքնասպանություն չէ»: «Դրա համար էլ ես այստեղ եմ»,- պատասխանել է տեր Փավստոսը:
Կարդացեք նաև
«Ինչո՞ւ ննջեցյալների համար եկեղեցական ամբողջ ծիսակարգը չարեցիք, որպեսզի Արշակի հոգին խաղաղվի»,- շարունակել է Նաիրա Զոհրաբյանը: «Ես արեցի այն, ինչ որ կարող էի»,- ասել է հոգեւորականը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ