Թափանցիկ ուղերձ Վաշինգտոնից` Ուորլիքի միջոցով
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, որում հայտնել է, որ վերջերս հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերը, առաջ քաշված առաջարկներն առ այն, թե ինչպես կարող են ազդել գործընթացի առաջընթացի վրա: Ավելի կոնկրետ՝ նա հստակեցրել է, որ Լավրովի հետ խոսել են այն մասին, թե ինչպես կարող են կողմերի հետ այնպիսի աշխատանք տանել, որպեսզի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ առաջընթաց գրանցվի:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակնհայտ է, որ բավական ծանր իրավիճակում է հայտնվել՝ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու իմաստով։ Բանն այն է, որ ապրիլին հայկական կողմի առաջ քաշած պահանջներն առայժմ չեն իրագործվել:
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին կողմերի հայտարարությունում որեւէ անդրադարձ չեղավ։ Մինչդեռ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնությունը մայիսի 16-ին Վիեննայում էր ձեռք բերվել։
Կարդացեք նաև
Հուլիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ընդլայնման հարցում:
Այս առաջարկներին ընդդիմանում է Ադրբեջանը, եւ հետեւաբար պաշտոնական Երեւանն էլ անիմաստ է համարում նման պայմաններում բանակցությունների շարունակությունը:
Խոսվում էր, թե հնարավոր է Փարիզի միջնորդությամբ, ապա Պուտինի նախաձեռնությամբ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպվի, բայց առայժմ նման հանդիպման կազմակերպման մասին խոսք չկա, մինչդեռ մի պահ նույնիսկ օգոստոսին այդ հանդիպումը անցկացնելու մասին տեղեկություններ էին շրջանառվում: Այսինքն՝ այլեւս անհնար է թաքցնել, որ հանդիպելու, բանակցելու նյութ չկա, որովհետեւ առաջընթաց էլ չկա` ամիսներ առաջ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
Ուորլիքն ասում է. «Վերջերս Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունեց երկու նախագահներին: Որպես հետեւանք՝ մենք կցանկանայինք տեսնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, ինչպես նաեւ պայմանավորվածություններ՝ խաղաղության գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ: Ահա թե ինչի վրա է պետք աշխատել: Եվ, ինչպես դուք, երեւի, գիտեք, շնորհիվ այդ գագաթնաժողովների առաջ են քաշվել կարգավորման բազմաթիվ պայմաններ: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը: Մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել այդ պայմանավորվածության զարգացումը: Բացի այդ, ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ կներգրավվի Վիեննայում եւ մայրաքաղաքներում դիտորդական առաքելության ընդլայնման աշխատանքներում»:
Այսինքն՝ ամերիկացի համանախագահը եւս փաստել է, որ վերոնշյալ հարցերում չկա առաջընթաց: Նա նույնիսկ դժվարացել է ասել, թե առաջիկայում կկազմակերպվի՞ արդյոք հանդիպում նախագահների մակարդակով, նա ընդամենը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կտեսնեն Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ու հավելել է. «Կցանկանայի հույսեր փայփայել, որ այնտեղ տեղի կունենա նաեւ երկու նախագահների հանդիպում»:
Ո՞րն է ԱՄՆ-ի համար Ղարաբաղյան կարգավորման իդեալական սցենարը՝ հարցին պատասխանելիս ամերիկացի համանախագահը նշել է. «Մեզ համար իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների եւ պարտվողների բացակայություն, այն պետք է շահավետ լինի երկու կողմերի համար էլ: Որպես մարդ, ով երկար տարիներ բանակցություններ է վարել այլ հարցերի շուրջ, կարող եմ ասել, որ բանակցությունները չեն կարող հաջող լինել, եթե կողմերից մեկը ստիպված է զոհողությունների կամ զիջումների գնալ: Բանակցությունները հաջող են, երբ հաղթում են երկու կողմերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները. ամբողջ տարածաշրջանն արժանի է, որպեսզի ապրի խաղաղության եւ անվտանգության մթնոլորտում»: Այնուհետեւ Ուորլիքը հստակեցրել է՝ «կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասը վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման դիմաց»:
Պաշտոնական Բաքուն, գաղտնիք չէ, որ ԼՂՀ կարգավիճակը ճանաչելու մտադրություն երբեք չի ունեցել եւ չունի, ու դա համանախագահները լավ գիտեն: Ադրբեջանին ձեռնտու է ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ: Նման պայմաններում պաշտոնական Երեւանին այլ բան չի մնում, քան ԼՂՀ-ն բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը, ԼՂ ինքնորոշման ուղղությամբ հետեւողական աշխատանք տանելը:
Ջեյմս Ուորլիքը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներն աշխատում են միասնական, եւ, կարծես, առանձնահատուկ նպատակ է ունեցել շեշտել ՌԴ նախագահի ջանքերը: «Իհարկե, Ռուսաստանի դերակատարությունը շատ դրական է եւ արդյունավետ: Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ նախագահ Պուտինը անձամբ է ներգրավված գործընթացում, եւ, իհարկե, արտգործնախարար Լավրովն էլ քաջատեղյակ է գործընթացին: Ուշագրավ է, որ իր պաշտոնավարության ավելի քան 10 տարիների ընթացքում նա այնքան ուժեղ է ներգրավված խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, որ գիտի՝ որտեղ են թաքնված ստորջրյա քարերը: Մենք շատ ենք հարգում նրա մոտեցումը եւ ցանկանում ենք աշխատել նրա հետ այդ ուղղությամբ: Պետքարտուղար Քերին բազմիցս դա քննարկել է նրա հետ, եւ դա այն բնագավառն է, որում ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան կարող են արդյունավետ համագործակցել»:
Սակայն ուշագրավ է այն արձանագրումը, որն արել է Ուորլիքը Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման վերաբերյալ: «Ռուսաստանը երկարատեւ ձեւավորված հարաբերություններ ունի երկու երկրների հետ եւ երկար ժամանակ բարեկամություն է անում նրանց հետ: Մենք հասկանում ենք այդ հարաբերությունները: ԱՄՆ-ը նույնպես ցանկանում է սերտ համագործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, բայց այլ կերպ: Մենք զենք չենք մատակարարում կողմերից ոչ մեկին: Մենք նրանց մատակարարում ենք շատ սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք: Բայց Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից կա օրինական մանդատ, այն չի թույլատրում մատակարարել այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Այդպիսով՝ մենք զենքի մատակարար չենք: Մենք ենթադրում ենք, որ երկու կողմերի հետ էլ ռազմավարական փոխհարաբերություններ ունենք»,- նշել է նա` հավելելով. «Մենք սահմանափակ ռազմական համագործակցություն ենք ունեցել երկու կողմերի հետ էլ: Բայց նրանցից ոչ մեկի հետ մենք չունենք զենքի մատակարարման վերաբերյալ փոխհարաբերություն»:
Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ կառուցելու ԱՄՆ քաղաքականությունը չի կարող հիմնվել զենքի մատակարարման, այսինքն` Ղարաբաղյան հակամարտության բռնկմանը նպաստելու քաղաքականության վրա: Սա է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի տարբերությունը, որն ամրագրել է ամերիկացի համանախագահը` ընդգծված հարգալից վերաբերմունք ցույց տալով ԵԱՀԿ Մինսկի խմբում գործընկեր Ռուսաստանի նկատմամբ:
Մինչ այժմ Հայաստանից են հնչել ու հնչում դժգոհություններ Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ` Ադրբեջանին շարունակաբար զինելու առիթով: Ուորլիքը ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ է, որի միջոցով, ըստ էության, պաշտոնական Վաշինգտոնն անուղղակիորեն «մեսիջ» է հղել Մոսկվային` մենք էլ ռազմավարական հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, բայց դա չենք անում նրանց զինելով:
Նույնը, թերեւս, Վաշինգտոնը կցանկանար տեսնել Մոսկվայի կողմից այսօր, երբ ակնհայտ է, որ խախտված է ռազմական հավասարակշռությունը` նաեւ ՌԴ-ի ակտիվ «ջանքերի» շնորհիվ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 14.09.2016