«Եթե մեղադրանք է առաջադրվել Կարո Եղնուկյանին, ուրեմն պետք է մեղադրանք առաջադրվի նաև Վիտալի Բալասանյանին»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի համոզմունք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Պարոն Սաքունցն իր կարծիքը հիմնավորեց այն փաստով, որ Վիտալի Բալասանյանը ևս տեղեկատվական կապի մեջ է եղել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ: Սակայն նշեց մեկ տարբերություն. «Այն, ինչ թույլատրված է իշխանությունների կողմից, դա հետապնդման ենթակա չէ և այն, ինչ բխում է քաղաքական իշխանության շահերից, դա թույլատրելի է: Բայց այդ նույն գործողությունները, որը կատարվում է մեկ այլ քաղաքացու կողմից, դա քրեորեն հետապնդվում է»:
Ըստ Արթուր Սաքունցի` օժանդակության հարցով ողջ քրեակատարողական հաստատություններին պետք է մեղադրանք առաջադրվեր անգործության համար: Պարոն Սաքունցի համար առնվազն տարօրինակ է այն, որ փոխանակ իրենց պարտականությունը կատարեին իրազեկելու քաղաքացիներին իրենց հնարավոր գործողությունների մասին, մեղադրում են մարդկանց, թե ինչու եք իրազեկել:
Պարոն Սաքունցը վրդովվեց. «Եթե ինֆորմացիա է դուրս գալիս ձեր ներսից, ձեր ներսում փնտրեք, հարգելի իրավապահներ, ոչ թե որ ես ինֆորմացիա եմ ստանում ու տարածում, դրա համար ինձ մեղադրանք եք առաջադրում»:
Կարդացեք նաև
Մարտին Վարդանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանն էլ տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Մարտին Վարդանյանին մեղադրանք են առաջադրել: Ըստ նրա դա ճնշման միջոց է «Սասնա ծռեր» խմբի կազմում գտնվող նրա հոր՝ Հովհաննես Վարդանյանի նկատմամբ. «Մեղադրանքն այս պահի դրությամբ չի հիմնավորվել։ Այն անհիմն է, ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Նա մեղադրվում է հանցագործություններին աջակցելու մեջ, որոնք կատարելու համար ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել»:
Նշենք, որ Մարտին Վարդանյանին մեղադրում են «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ նրանց հեռախոսները լիցքավորելու եւ նրանց համար աջակիցներ փնտրելու համար։ Փաստաբանը մանրամասնեց. «Մեղադրանքի հիմքում դրվել են խոսակցության գաղտնալսման արձանագրությունը։ Սովորական երկխոսություն է նրանց միջեւ, Հովհաննես Վարդանյանի տված հարցերին պաշտպանյալս պատասխանել է` «այո»։ Բայց դրանից հետո աջակիցներ հավաքելու, հեռախոս լիցքավորելու գործողություն չի կատարել»:
Այս առիթով Արթուր Սաքունցը հավելեց. «Մարտին Վարդանյանի դեպքը տիպիկ պատանդառություն է, որ անձին, որին մեղադրում են ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, նրա հարազատների վրա ճնշում են գործադրում, որ անձը գնա հաշտվելու իրեն առաջադրված քրեական հետապնդմանը և իրեն այսպես ասած խելոք պահի: Այս երկրում Պավլիկ Մորոզովներ չկան, որ իր հարազատի դեմ դուրս գան»:
Տեղեկացնենք, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանք է առաջադրվել 16 անձի, որոնցից միայն մեկը՝ Ալեք Ենիգոմշյանն է ազատ արձակել խափանման միջոցի փոփոխության հետևանքով:
Կարո Եղնուկյանն այն անձանց շարքում է, որին ևս հանցագործությանը օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել: Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը մեղադրանքի առումով նշեց, որ «այն գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները»:
Այնուհետև պարզաբանեց, թե որ դեպքում անձը կարող է համարվել հանցագործության կազմակերպիչ. «Եթե անձն օժանդակություն է ցույց տալիս և այն ուղղված է հանցագործության կատարմանը, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ նա օժանդակել է հանցագործությանը: Իսկ հանցագործություն կատարողներին օժանդակելը` ուտելիք փոխանցելը, մի բաժակ ջուր տալը, չի կարող համարվել հանցագործության օժանդակություն»:
Ըստ փաստաբանի` մեղադրանքները բոլոր 16 հոգու պարագայում անհեթեթ են. «Եթե նման կերպ մեղադրանքներ առաջադրվեն, հետևաբար մեղադրանք պետք է առաջադրվի սկսած բժիշկներից, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջացրած լրագրողներով, պատգամավորներով և բազմահազարանոց ցույցի մասնակիցներով, որոնք իրականում բացահայտ հայտարարում էին, որ աջակցում են «Սասնա ծռերին»:
Կարո Եղնուկյանի մեղադրանքի առումով էլ ասաց, որ նրան մեղադրում են չորս գործողություն կատարելու մեջ, որ նա տեղեկացել է տեխնիկայի շարժի մասին, որ նա միջոցներ է ձեռնարկել Ազատության հրապարակում հավաքված անձանց գնդի տարածք տեղափոխելու համար, իբր ապատեղեկատվություն է տարածել իրավապահ մարմինների կողմից տրված սննդի հետևանքով «Սասնա ծռերի» տղաների թունավորման մասին և այդ կերպ հեղինակազրկել իրավապահ մարմիններին և որ ձգտել է ռադիոկապով ապահովել «Սասնա ծռերի» տղաներին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ