Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանն անջատել է տվել ԲՀԿ-ի քաշած լույսերը. ահազանգում են ԲՀԿ-ականները

Սեպտեմբեր 02,2016 19:03

Այսօր Aravot.am-ին էին դիմել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ու Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավար, ավագանու անդամ Արմեն Բադեյանը՝ դժգոհելով, որ տեղի ԲՀԿ-ականներով խճապատել են Գյումրու Բուլվարային թաղամասը, իսկ Ավզնոց թաղամասում, Աղյուսի, Լալյան, Շահումյան փողոցներում, Կազաչի պոստ հատվածում էլ բնակիչների խնդրանքով փողոցային լույսեր են քաշել, սակայն Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն անջատել են լուսավորությունը, ավելին` տրակտորով քանդել Բուլվարային թաղամասի խճապատած հատվածը:

Այս կապակցությամբ  Միքայել Մելքումյանն ասաց. «Ավագանու անդամ Արմեն Բադեյանի գլխավորությամբ մեր տղաները Ավզնոց, Աղյուս, Լալայան, Կազաչի պոստ, Մսի կոմբինատ հատվածում պուրակի նման սիրուն մի տեղ են սարքել, լուսավորություն անցկացնել, քաղաքապետարանի աշխատակիցները եկել, լուսավորությունն անջատել են, չեն թողնում անգամ, որ երեկոյան ժամերի միացվի և տրակտոր են ուղարկել, որ մեր ջահելների խճապատածը քանդեն:

Այսինքն, մեր տղայի ֆինանսավորմամբ լուսավորությունը քաշված է, լույսերը դիտավորյալ չեն միացնում, բնակիչները բողոքում են, թե հիմա  էլ տրակտոր են մտցրել, որ սաղ քանդեն ու ասում են, որ քաղաքապետարանից իրենց պարզաբանել են, թե նորն են սարքելու: Սա հստակ հակաքարոզչություն է ԲՀԿ-ի դեմ, կեղտոտ տեխնոլոգիայի մի ձև է, հորդորում եմ քաղաքային իշխանություններին չլարել իրավիճակը»:

Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավար Արմեն Բադեյանն էլ ասաց. «Բուլվարային թաղամասում ահավոր վիճակ էր, բերեցինք շիբին լցրեցինք, սարքեցինք, ուղղեցինք, հետո տրակտոր են մտցրել, թե իբր իրենք էլ են գործ անում ու մեր սարքած մասը քանդել են ու ահավոր մի վիճակ է: Նույն պատմությունը Աղյուս, Շահումյան, Կազաչի, Կոմբինատ հատվածներում է. բնակիչները խնդրեցին, թե լույսեր չկան, լուսավորության հարց լուծեցինք, տարանք, տեղադրեցինք, միացրեցինք, բայց արդեն երրորդ օրն է՝ ամբողջ փողոցի լույսներն անջատել են: Քիչ առաջ էլ գնացել են Ավզնոց թաղամաս, տրակտոր են մտցրել, բնակիչներին ասել են՝ մենք պիտի լույսերը քաշենք…

Եթե ուզում եք լույս քաշել, չորս տարվա ընթացքում քաշեիք և հետո Գյումրիում այնքան թաղամասեր կան, որտեղ լուսավորություն չկա, գնացեք այդ թաղերում քաշեք: Եթե անգամ ուզում են ավելի շահավետ տարբերակով փոխել մեր արածը, թող նախ լույս քաշեն այն փողոցներում, որտեղ չկա լուսավորություն, հետո նոր թող հասնեն մեր արածին: Հիմա արածը քանդես, բնակիչների գլխին լույսը կտրես, սիրուն չէ էլի… Ժողովուրդը բողոքում է, թե լույսերը քաշեցիք, սաղ թաղը լուսավորվեց, շատ լավ էր, նորմալ լուսավորություն էր, հիմա  անջատեցին: Երևի, մտածում են ես այդ թաղամասից եմ կամ մենք ենք արել այդ աշխատանքը, դրա համա՞ր են այդպես վարվում: Չեմ ուզի որևէ լարվածություն ստեղծվի, բայց երևույթը սիրուն չէ»:

Սամվել Բալասանյանը ևս պարզաբանումներ է ներկայացել Aravot.am-ին այս թեմայով, այն ընթերցեք քիչ անց:

Լուսանկարը՝ Արմեն Բադեյանի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930