Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մկրտիչ Մանուկյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները, փոխտնօրենները:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
- 2015-2016 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում և նոր ուսումնական տարվա խնդիրները: (զեկուցող՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան)
- ՀՀ պետական կրթական քաղաքականության արդի միտումները (ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյան):
- Ելույթներ
- Հայտարարություններ
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ներկայացնելով մարզի կրթական համակարգի 2015-2016 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքները, նշեց, որ մարզում գործում է 50 հանրակրթական դպրոց, այդ թվում` 24 նախակրթարան, 14 հիմնական, 36 միջնակարգ, որոնցից 2 վարժարան: Մարզում 2 ավագ դպրոց և 1 կրթահամալիր գործում են ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ: Քաղաքային և գյուղական համայնքներում գործում է 17 մանկապարտեզ, որոնցում ընդգրկված է 1044 երեխա 44 խմբով: 2015-2016 ուսումնական տարում մարզի 50 դպրոցներում աշակերտների թիվը կազմել է 6373 աշակերտ, որից 797-ը ավագ դպրոցներում և կրթահամալիրում: Մարզի դպրոցներում աշխատում են 1083 ուսուցիչներ, որոնցից 851-ն ունեն բարձրագույն մանկավարժական, կամ բարձրագույն կրթություն (մոտ 80%), մնացած 232-ը՝ միջնակարգ մասնագիտական:
Կարդացեք նաև
Վարչության պետը փաստեց, որ մարզում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չկան:
Նոր ուսումնական տարում 1-ին դասարան կհաճախի 573 երեխա: Մարզում կրթության առանձնահատուկ պայամնների կարիք ունեցող 81 դպրոցահասակ երեխաներ ներառական կրթության ծրագրով ընդգրկված են Եղեգնաձորի թիվ 2, Ջերմուկի թիվ 1, Ջերմուկի թիվ 3, Վայքի հիմնական, Շատինի միջնակարգ դպրոցներում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ երեխաների կրթական կարիքներն ապահովելու համար: Այս տարի այդ դպրոցների ցանկը կավելանա 5-ով՝ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Քարագլուխ, Արենի, Հերհեր, Եղեգիս համայնքների միջնակարգ դպրոցներում կիրականացվի ներառական կրթություն: Ա. Ղազարյանը խոսեց նաև Վայոց ձորի մարզի և ՌԴաշնության Արխանգելսկի և Նիժնի Նովգորոդի մարզերի սերտ համագործակցության մասին, որի շրջանակներում կազմակերպվել են փոխայցելություններ, Նիժնի Նովգորոդի մարզի կողմից Ջերմուկի թիվ 1 հիմանական դպրոցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Իսկ Արխանգելսի մարզի և Արխանգելսկի հայկական համայնքի օժանդակությամբ Մալիշկայի Մ. Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցին տրամադրվել է աշակերտական գույք:
Հաշվետվության մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում անդրադարձավ 12-ամյա հանրակրթական ուսուցման համակարգային փոփոխություններին և բարեփոխումներին: : Փոխնախարարն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև փոքրաքանակ աշակերտներ ունեցող դպրոցների խնդիրներին: Մ. Մկրտչյանի խոսքով նախատեսվում է ստեղծել հատուկ պետական մարմին, որը կզբաղվի միմիայն նմանատիպ դպրոցների հիմնախնդիրներով: Մ. Մկրտչյանը խոսեց դպրոցական ավարտական քննությունների անցկացման, տնօրենների հավաստագրման և ուսուցիչների թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգերում տեղ գտած փոփոխությունների մասին:
Ամփոփելով իր ելույթը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը շնորհավորեց ներկաներին գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանը մասնավորապես ասաց. «Ուզում եմ փաստել, որ այսօր պետականորեն արվում են հնարավոր բոլոր քայլերը կրթական համակարգի կատարելագործման ուղղությամբ: Իսկ հանրակրթության գերխնդիրը եղել և մնում է հայրենիքին նվիրված, գիտելիքներով հարուստ, պետականության ամրապնդման ու զարգացման գործում իր նպաստը բերող քաղաքացու դաստիարակությունը: Մեր խնդիրներն ու անելիքները շատ են: Համոզված եմ, որ ունենք բավարար մտավոր ներուժ լուծելու դրանք ի շահ մեր երեխաների, ի շահ մեր երկրի: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, ցանկանում եմ բեղմնավոր ուսումնական և աշխատանքային տարի»:
Վայոց ձորի մարզպետարան