Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղակի ազդեցություն է ունենում սիրիական հակամարտության վրա, ի ցույց դնելով, թե ինչպես են ազդում հակամարտություններում ներգրավված մեծ խաղացողների շահերը ավելի փոքր կողմերի վրա:
Անցած տարվա նոյեմբերի դրությամբ սիրիական հակամարտությունում ներգրավված Թուրքիան ու Ռուսաստանը հանդես էին գալիս հակառակ բևեռներում: Մասնավորապես, Թուրքիան, մաս կազմելով Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի, պայքար էր մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, միևնույն ժամանակ, աջակցելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր ուժերին: Բացի սա, Թուրքիան հստակորեն հասկացնում էր, որ թույլ չի տա Սիրիայում քրդական ինքնավարության ձևավորումը: Ռուսաստանը, իր հերթին, ներգրավվելով սիրիական հակամարտությանն անցած տարվա սեպտեմբերից, հայտարարեց «Իսլամական պետության» դեմ պայքարի եւ նախագահ Ասադին ցուցաբերվող աջակցության մասին: Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի առճակատումը հանգեցրեց 2015 թվականի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցմանը, ինչը կտրուկ սրեց Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները:
Ստեղծված լարվածությունը պահպանվեց 2015-ի նոյեմբերից մինչեւ 2016-ի ամառը, որի ընթացքում կողմերը, մասնավորապես սիրիական հակամարտության «շրջանակներում», հանդես եկան միմյանց քննադատող-դատապարտող հայտարարություններով և միմյանց շահերին հակասող նախագծերով: Այդպիսի նախագծերից էր քրդական ինքնավարության ստեղծումը Սիրիայի հյուսիսում, ինչի հեղինակը, թեև կարելի է ասել, Միացյալ Նահանգներն է, բայց Մոսկվան ակտիվ ջանքեր էր գործադրում այդ հարցում ընթացիկ տարվա սկզբին:
Սակայն, չնայած այս ութ ամիսների ընթացքում թվում էր, թե Թուրքիայի և Ռուսաստանի շահերը Սիրիայում անհամատեղելի են, տեղի ունեցավ իրավիճակի կտրուկ փոփոխություն: Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական ռմբակոծիչը խոցելու համար: Անկարայի այս քայլից հետո սկսվեցին, պատկերավոր ասած, փոխադարձ գրկախառնությունները, որոնց ընթացքում հայտարարվեց նաև Սիրիայի հարցում համագործակցելու պատրաստակամության մասին:
Կարդացեք նաև
Փաստելով, որ ռուս-թուրքական վերոնշյալ մերձեցումը տեղի էր ունենում Անկարայի եւ Արևմուտքի հարաբերություններում ընդհանուր առմամբ ձևավորվող լարվածության ֆոնին (կապված Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձով, ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրերի կատարման եւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հետ), նկատենք, որ Սիրիայի հարցում ռուս-թուրքական մերձեցման ազդեցությունը իսկապես կտրուկ էր:
Ռուս-թուրքական մերձեցման ազդեցությունը առավել ծանր նստեց սիրիական հակամարտության կողմերից մեկի, քրդերի վրա:
Արդեն օգոստոսի 18-ից ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակը հակամարտության 5 տարիների մեջ առաջին անգամ սկսել է հարվածներ հասցնել երկրի հյուսիս-արևելյան Հասակա քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ: Սրան զուգահեռ, Թուրքիան ակտիվացրեց ռազմական գործողությունները Սիրիայի հետ սահմանին, հայտարարելով, որ հարվածներ է հասցնում միաժամանակ և քրդերի, և ԻՊ-ի դիրքերին:
Այն, որ Մոսկվայի դաշնակից Բաշար Ասադի զորքերը և Թուրքիայի զինված ուժերը միաժամանակ թիրախավորում են քրդերին, ցույց է տալիս, որ, թերևս, հենց այդպես է աշխատում ռուս-թուրքական համագործակցությունը, երբ մոռացվում են նախկինում արված հայտարարությունները եւ անտեսվում են առավել փոքր խաղացողների շահերը: Զերծ մնալով Սիրիայում ռուս-թուրքական առանցքի և դրան Իրանի հնարավոր միացման հեռու գնացող նպատակների եւ հնարավորությունների մասին խոսելուց, նշենք միայն, որ Սիրիայի օրինակով կարելի է տեսնել, թե ինչի կարող է հանգեցնել ռուս-թուրքական փոխգործակցությունը, երբ խոսվում է «հակամարտությունների կարգավորման» մասին, այդ թվում, ցավոք, նաև Ղարաբաղյան հակամարտության, քանի որ Ռուսաստանի թեթև ձեռքով Թուրքիան կարող է ներգրավվել նաև այս «կարգավորմանը»:
Մասնավորապես, հենց ռուս-թուրքական մերձեցումից հետո Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի շուրթերից հնչեց հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է քննարկվել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով: Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանը, որը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեմ չէ Թուրքիայի առավել ակտիվ ներգրավվմանը բանակցային գործընթացին: Մասնավորապես, եթե նախկինում Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում և կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Մինսկի խմբի համանախագահներինն էր, ապա հիմա Վլադիմիր Պուտինը հայտնում է, որ որպես հակամարտության գարանտ կարող է հանդես գալ Մինսկի խմբի ԱՆԴԱՄ երկրներից որևէ մեկը: Այս ամենը նախադրյալներ է ստեղծում ենթադրելու, որ ռուս-թուրքական գրկախառնությունների եւ «սիրառատ առևտրի» թիրախում կարող է հայտնվել նաեւ Ղարաբաղյան հարցը, և ինչպես Սիրիայում փոխվեցին Անկարայի եւ Մոսկվայի դիրքորոշումները, այդպես էլ նման բան կարող է տեղի ունենալ Ղարաբաղում:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»