Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն կատարում է գործողություններ, որոնք հանգեցնում են սպառազինությունների մրցավազքին». Սաքունց

Օգոստոս 16,2016 17:39

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, ՌԴ-ն վերջին տարիներին դրսեւորում է չափազանց մեծ ակտիվություն սպառազինությունների մրցավազքի ու սպառազինությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«ԼՂ կոնֆլիկտի լուծման ուղղությամբ բանակցությունների միայն ռազմական գործոնով աշխատեցումը շատ մեծ վտանգ է սպառնում՝ հիմնովին հակասելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) կողմից երեք հիմնական սկզբունքներից մեկի՝ խաղաղ կարգավորման սկզբունքին, որովհետեւ ռազմականացման մակարդակի բարձրացումը անխուսափելիորեն հղի է պատերազմական գործողությունների հավանականության մեծացմամբ: Փոխանակ այդ խաղաղ կարգավորման սկզբունքից ելնելով քայլեր կատարվեն, որ ռազմականացման մակարդակը նվազեցվի, ընդհակառակը, ՄԽ համանախագահ երեք երկրներից մեկը՝ ՌԴ-ն կատարում է գործողություններ, որոնք հանգեցնում են սպառազինությունների մրցավազքին»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

Նա նկատեց, որ ՄԽ համանախագահ երկիր ՌԴ-ն խախտել է նույնիսկ ռազմական հավասարակշռությունը՝Ադրբեջանին զինելով ու Հայաստան չուղարկելով 200 միլիոն դոլարի խոստացված սպառազինությունը:

«2013-ի սեպտեմբերի երեքից հետո, երբ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց Հայաստանը ԵՏՄ կազմում ներգրավելու մասին, դրանից հետո բաժանարար գծում հրադադարի ռեժիմի խախտումների թիվն անհամեմատ մեծացել է, իսկ ապրիլյան պատերազմական գործողություններն արդեն գագաթնակետն էին:

Հրադադարի ռեժիմի խախտումները զուգահեռվեցին ՌԴ կողմից տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի գործելակերպին»,- ասաց պարոն Սաքունցը:

Ըստ նրա, ՌԴ ակտիվ դիվանագիտական գործողությունների հետեւանքով վերջին տարիներին խեղվում է նաեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը, ՌԴ-ն բանակցությունների ձեւաչափից կարծես թե դուրս է թողնում ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային. «Սկսում է գործել Մոսկվա- Բաքու -Երեւան եռյակը, ինչն արդեն անբարենպաստ ձեւաչափ է, այս պարագայում խոսել խնդրի լուծման մասին, տեղին չէ ու անհիմն՝ հաշվի առնելով բանակցությունները վարողի՝ Սերժ Սարգսյանի ցածր լեգիտիմությունը Հայաստանում»:

Անդրադառնալով ԼՂ նախագահ Բակո Սահակյանի տեսակետներին, թե ողջամիտ փոխզիջումներ են անհրաժեշտ ԼՂ հիմնահարցի կարգավորման համար՝ պարոն Սաքունցն ասաց. «Կարեւոր է՝ Բակո Սահակյանը հանդես է գալիս որպես հակամարտության կողմերից մեկի ներկայացուցիչ ու որոշակի դիրքորոշում է հայտնում, բայց, հաշվի առնելով, որ բանակցություններում անմիջականորեն ներգրավված է ոչ թե ինքը, այսինքն ղարաբաղյան, այլ հայաստանյան կողմը, խոսել որեւէ փոխզիջման մասին, դառնում է անիմաստ, որովհետեւ լուծման ցանկացած տարբերակ պետք է ունենա լեգիտիմություն թե երկրի ներսում, թե միջազգային ասպարեզում… Դու ո՞վ ես, որ փոխզիջման ես գնում՝ չունենալով համապատասխան լեգիտիմությունը ոչ երկրի ներսում, ոչ դրսում:

Ուժի կամ պատերազմի սպառնալիքի ներքո կատարված փոխզիջումները չեն կարող ԼՂ բնակչության անվտանգության երաշխիք լինել:

Բակո Սահակյանը կրկնում է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, բայց օրակարգից դուրս է մնում ԼՂ ժողովրդի անվտանգության հարցը, որի կարեւորագույն բաղադրիչներից մեկը անկախության ճանաչումն է, միջազգային խաղաղարար ուժերի կամ անվտանգության այլ երաշխիքների կիրառումը: Այս պարագայում, հաջորդ վտանգավոր գործոնը կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը բաժանարար գծում, քանի որ ՌԴ-ն, որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող պետություն, իրեն ցույց է տվել Վրաստանում՝ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքներում իր խաղաղապահ ուժերի վարքագծով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031