Վերջին շրջանում հասարակական լայն արձագանք ունեցող երևույթներին զուգահեռ պետք է հիշել և կարևորել, որ այսօր Երիտասարդների միջազգային օրն է:
Հպարտ եմ, որ մեր երկրում ապրում են երիտասարդներ, որոնք քաղաքական և հասարակական գործընթացների դեպքում ոչ միայն դիտորդի դերում են, այլև դրանց ակտիվ մասնակիցն են դառնում, իսկ որոշ դեպքերում նաև՝ նախաձեռնողը:
Երիտասարդության դերն ու հասարակության կյանքում նրա զբաղեցրած տեղն անգերազանցելի է, իսկ ընթացող բազում գործընթացներում երիտասարդության հետաքրքրությունն անհամեմատ աճել է:
Երիտասարդն ամենադինամիկ շերտն է, ամենաաշխատունակն ու կրեատիվը, որը մեծագույն ազդեցություն է ունենում պետական կառավարման որոշակի գործընթացներում:
Կարդացեք նաև
Մեր երիտասարդները պատրաստ են անքուն գիշերներ լուսացնել Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, քաղաքապետարանի մերձակա տարածքում և, առհասարակ, ցանկացած տեղ, որտեղ հասարակությունն ունի նրանց կարիքը:
Մերօրյա երիտասարդը գիտակցում է հասարակության կյանքում իր կարևորության արժեքը:
Երիտասարդի մասնակցությունը չպետք է սահմանափակվի միայն քաղաքացիական ակտիվիստի առաջամարտիկի կարգավիճակով և պետական երիտասարդական քաղաքականության սպառողը լինելով, այլ՝ անձամբ որոշ դեպքերում պետք է լինի դրա նախաձեռնողն ու անմիջական որոշումներ կայացնողը:
Թող որ երիտասարդների ստացած փորձը, գիտելիքները, հմտությունները ծառայեն միմիայն մեր ժողովրդին ու մեր պետությանը և միայն այդ պարագայում է, որ նրանց ամբողջ գործունեությունն ու կատարված աշխատանքը կլինեն արդարացված:
Շնորհավորում եմ բոլորիս՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»
խմբակցության քարտուղար
Վահե Էնֆիաջյան