Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը ստում է, որ ՊՊԾ գնդից է եղել կրակոցը». Արթուր Սաքունց

Հուլիս 31,2016 17:26

«Իշխանությունը՝ հանձին ոստիկանության, ճնշում է ոչ միայն «Սասնա ծռերին»՝ մեկ առ մեկ շարքից հանելով, այլեւ ճնշում է փոփոխության հասնելու քաղաքացիների պահանջը»,- անդրադառնալով զինյալ խմբի անդամների հրազենային վիրավորման դեպքերին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասաց, որ «Ոստիկանությունն իր գործելակերպով շարունակում է դիտարկել «Սասնա ծռեր» խմբին որպես քրեական հանցագործներ, ինչը համարում եմ ոչ ադեկվատ մոտեցում, որովհետեւ «Սասնա ծռերը» ոչ թե բռնագրավել էին ՊՊԾ-ի գունդը անձնական, նյութական կամ շահադիտական այլ նպատակներով, այլ միանշանակ այդ գործողությամբ բարձրացրել էին քաղաքական հարցեր:

Քաղաքական իշխանությունն է այստեղ պատասխանատվություն կրում, որովհետեւ նույն տրամաբանությամբ, իշխանությունները չպետք է բանակցությունների գնային Ալիեւի հետ՝ հատկապես ապրիլյան պատերազմական գործողություններից հետո, բայց սեփական ժողովրդի մի մասի հետ, որոնք նույնիսկ, եթե ծայրահեղ նման միջոցի են դիմել` հաշվի առնելով  իրապես անհնարինությունն այլ ճանապարհներով հարցերի լուծմանը հասնելու գիտակցման, դա նշանակում է՝ իշխանությունը՝ հանձին ոստիկանության, ճնշում է նաեւ քաղաքացիներին»:

Զինյալ խմբի գործողություններին պետական պաշտոնյաների անդրադարձերում սկզբնական փուլում չէր հնչում ահաբեկիչ որակումը, բայց  ԱԱԾ հաղորդագրությունում «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին արդեն օգտագործվում է  ահաբեկիչ բառը:

Պարոն Սաքունցից հետաքրքրվեցինք՝ արդյոք դիրքորոշման փոփոխություն կարելի՞ է դա համարել. «ԱԱԾ-ն լավ կլինի, որ կողմնորոշվի. գուցե իրենց իրավական գրագիտութունը չի՞ բավարարում կամ այդքան կախված են իրենց անմիջական քաղաքական ղեկավարի տարուբերումներից, որովհետեւ նա ե՛ւ նալին է խփում, ե՛ւ սալին է խփում, չի կողմնորոշվում, թե վերջապես իրավական ինչ դիրքորոշում ձեւակերպի:

Ակամայից ընդունում են հարցի քաղաքական բնույթը, չեն կարող խուսափել քաղաքական այդ բնույթից ու տարուբերումների մեջ են ընկնում՝ ելնելով ստեղծված իրավիճակից…

Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ ՊՊԾ գնդի տարածքի «ազատագրմամբ» ինքը չի կարողանա ապահովել սեփական իշխանության անձեռնմխելիությունն ու կայունությունը»:

Արթուր Սաքունցը, անդրադառնալով նախօրեին երկրորդ ոստիկանի մահվան լուրին, թե սպանվել է ՊՊԾ գնդից արձակված կրակոցից, ասաց. «Ոստիկանության կողմից վերջին երկու օրերին տարածած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:  Ոստիկանությունը ստում է, որ ՊՊԾ գնդից է եղել կրակոցը, իսկ թե որտեղից է եղել կամ ում կրակոցից է սպանվել ոստիկանն, արդեն պետք է քննությամբ պարզվի, իսկ քննություն իրականացնողները հենց իրենք են, որոնց նկատմամբ չկա վստահություն՝ հատկապես նման իրավիճակում կատարված հանցագործությունների բացահայտման դեպքում: Այնպես որ, գտնում եմ, որ ոստիկանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց ոստիկանությունը: ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» ապստամբների կողմից ոստիկանը չի սպանվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031