Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված վիճակ Գյումրիում. ոստիկանները գողականների հրահրմամբ ծեծելով բերման են ենթարկել քաղաքացիներին (Ֆոտոշարք)

Հուլիս 30,2016 00:19

Մի քանի ժամ է՝ Գյումրիում սարսափելի լարված  իրավիճակ է. Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցող բազմամարդ խաղաղ հանրահավաքը ընդմիջվել է գողականների հրահրած սկանդալներով:

Վերջիններս, մտնելով հանրահավաքի մասնակիցների միջև, փորձել են կռիվներ սարքել, իսկ ոստիկանությունը, կարգի հրավիրելու փոխարեն,  հերթով բերման է ենթարկել, առևանգել հավաքվածներին: Ի դեպ, այսօր գյումրեցի ոստիկանները, ոգեշնչված մայրաքաղաքի իրենց գործընկերների՝ մարդկանց ծեծուջարդի ենթարկելու գործելակերպով, անխնա ծեծի են ենթարկել  աղջիկների, կանանց, քաշքշել էին Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, նրա ձեռքերին կապտուկներ կային: Ծեծելով, գետին գցելով, ուժասպառ եղած վիճակում բերման ենթարկեցին նաև երիտասարդներից մեկին՝ Վովա անունով: Ոստիկանության երկու՝ «Մուշ» ու «Կումայրի» բաժանմունքներում բերման ենթարկվածների թիվը բավական մեծ է: «Մուշ» բաժնում բերման ենթարկված Եղիշե Շարյանին հաջողվեց մի պահ կապ հաստատել մեզ հետ, վերջինս նեղվեց, որ ոստիկաններին հարցրել են, թե ինչ հիմքով եք մեզ բերման ենթարկում,պատասխանել են՝ սպասեք, հետո կասենք:

«Մուշ»  բաժնում բերման ենթարկվածների մեջ կան իրավապաշտպաններ, նրանց թվում է  Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի պատասախանտու Սեյրան Մարտիրոսյանը, նույն Եղիշե Շարյանն էլ մասնագիտությամբ իրավաբան է, այնտեղ բերման են ենթարկել նաև տնտեսագետ Կարեն Ավագյանին ու նրա տիկնոջը:

gyumri5 gyumri4 gyumri3 gyumri1 gyumi2rՇատ ավելի մեծ թվով մարդկանց են բերման ենթարկել Գյումրու ոստիկանության «Կումայրի»  բաժին: Հանրահավաքն այս պահին կարծես տեղափոխվել է ոստիկանության «Կումայրի» բաժանմունքի դիմաց. այսստեղ, մեծ թվով մարդիկ են սպասում բերման ենթարկվածների ազատ արձակմանը: Նրանք մի պահ փորձեցին մոտենալ ոստիկանության շենքին, ոստիկանները պատ կազմեցին ու առաջ եկան: Հավաքվածներից մի կին ամենավերջին անեծքներն էր հնչեցնում այն ոստիկանի հասցեին, որը խփել էր իր անչափահաս դստեր պարանոցին: «Քեզ տղամարդ ասողը կուրանա, որ օրիորդ աղջկա վրա ձեռք եք բարձրացնում», ասում էր կինը:

Ծեծի ենթարկված աղջիկը մեզ պատմեց, որ հանրահավաքի ժամանակ հնչեցրել է «ամոթ» բառը ու այնպիսի մի հարված է ստացել պարանոցին, որ քիչ է մնացել ուշագնաց լիներ: Կանացից մեկն էլ, նայելով իրենց դիմաց կանգնած ոստիկաններին, ասում էր՝ «Դուք  պահապան հրեշտակներ չեք, ինչ էլ բառ են գտել ձեզ դնելու՝ հրեշտակներ, չգիտեն որ դուք ագռավ եք, ինչ հրեշտակ»:

Թատերական հրապարակում մնացել էին ոստիկաններն ու թաղի տղեքը, որոնք բավականին ջերմորեն զրուցում էին միմյանց հետ: Բերման ենթարկվածները դեռ ազատ չեն արձակվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ինչ էր անում անչափահասը մեծերի ցույցում և միթե նա այնքան է արդեն քաղաքականապես գիտակից և ներքին իրադարձություններին լավատեղյակ, որ գոռում է ամոթ ոստիկաններին: Եթե նա այդքան պատրաստված երեխա է, ուրեմն պիտի իմանար անշուշտ, որ միտինգներում հնարավոր է լինեն նաև վտանգավոր պահեր:

  2. artashes says:

    Հայաստանում ոստիկանի կերպարը հասկանալու համար հատուկ քաղաքականապես գիտակից պետք չե լինել եվ այո, պատկերացրեք նույնիսկ անչափահասը գիտե ինչ իրադարձություններ են տեղի ունենում:Եվ ի վերջո նա խաղաղ ցուցարար է որը արդարության համար է պայքարում իսկ դուք փոխանակ դատապարտեք խառնակիչ շակալների վարքը….”անչափահասը մեծերի ցույցում” ,”պատրաստված երեխա”…ինչ էդքան խելոք եք ձեզ կարծում?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031