Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի`ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը`արդի իրավիճակի հանգուցալուծման համար: Արտահերթ նիստը, որը նախատեսվում էր այսօր, հրավիրելու համար անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն: Ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետն այսօր, ժամը 17. 00-ն էր:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ձեւաթուղթը ստորագրած պատգամավորների անունները, ԲՀԿ-ական պատգամավորներն այդ ցանկում չկան:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն, այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ նախաձեռնությունն իրականում պետք է կազմակերպչական պատշաճ տեսքի բերվեր: Այսինքն, միայն հայտարարությունների մակարդակով տեղի չունենար, որովհետեւ թե երեկ երեկոյան, թե այսօր առավոտից, տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում, ես իմ եւ իմ ընկերների անունից ներկայացրել եմ, որ կողմնակից ենք այս նախաձեռնությանը, որը կարող է առիթ հանդիսանալ`ստեղծված իրավիճակում լուծման ելքեր գտնելու համար: Ալեն Սիմոնյանի հետ կարողացանք կապ հաստատել միայն օրվա վերջին եւ պարզվեց, որ իրենք արդեն տեխնիկապես հնարավորություն չունեցան փոխանցել մեզ փաստաթուղթը, որպեսզի ստորագրենք»:
Վահե Էնֆիաջյանը նաեւ հավելեց, որ եթե նմանատիպ նախաձեռնություններ էլի լինեն, եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, եւ ինքը եւ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը, Լյովա Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանն ու Ռուբեն Գեւորգյանը, Վահագն Մախսուդյանը պատրաստ են միանալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ