Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները բախվում են օտարացման խնդրին

Հուլիս 23,2016 13:00

Ամուսնալուծությունների ճնշող
մեծամասնության դեպքերն ավարտվում են ողբերգությամբ

Խմբագրությունները հեղեղված են ամուսնալուծությունների եւ դրա հետեւանք երեխաների հետ տեսակցություններն արգելելու, դատական վճիռների չկատարման պատմություններով:

Հաճախ զերծ ենք մնում լուսաբանելու այդ հարցը՝ առաջնորդվելով ընտանեկան գաղտնիքի, անհատական տվյալների չհրապարակման սկզբունքով, էթիկայի կանոններով:
Սակայն խնդիրը հաճախ չբարձրաձայնելը հանգեցնում է ողբերգությունների:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հասմիկ Օհնիկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ մեզանում բավականին տարածված երեւույթ է, երբ երեխայի փաստացի խնամքն իրականացնող ծնողը խոչընդոտում է մյուս ծնողի հետ երեխայի տեսակցությանը:

Անգամ տեսակցություն սահմանող դատարանի վճիռը նման դեպքերում չի ապահովում առանձին ապրող ծնողի եւ երեխայի՝ միմյանց հետ շփվելու իրավունքի իրականացումը:

Ըստ նրա, «Ոչ բավարար կառուցակարգերի պայմաններում հանրապետությունում օրըստօրե բազմապատկվում են անկատար մնացած դատական ակտերը, վտանգվում զգալի թվով երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը, տեղի են ունենում ողբերգական միջադեպեր»: Վերջինն, ի դեպ, Շենգավիթի վարչական տարածքում նախկին կնոջը, վերջինի ծնողներին ամուսնու կողմից կացնահարման դեպքն էր:

Իրավաբան-փաստաբանի կարծիքով, առանձին ապրող ծնողից օտարացման խնդրին երեխաները բախվում են ամուսնալուծությունների ճնշող մեծամասնության դեպքերում: «Փոքրահասակ երեխաների պարագայում առանձին ապրող ծնողից օտարացումը հիմնականում տեղի է ունենում երեխայի փաստացի խնամքն իրականացնող ծնողի ակտիվ գործողությունների արդյունքում, երբ ծնողը պարբերաբար ձախողում է դատական ակտով սահմանված տեսակցությունների իրականացումը, տարաբնույթ հիմնավորումներով խոչընդոտում ծնողի հետ երեխայի շփմանը, մեկուսացնում առանձին ապրող ծնողին՝ երեխայի կյանքին առնչվող կարեւորագույն հարցերի լուծման գործընթացից: Իրավական գնահատմամբ, ծնողը, ըստ էության, թույլ է տալիս ծնողական իրավունքների չարաշահում»,- ասում է Հ. Օհնիկյանը:

Ի՞նչ կարող է անել ծնողը, երբ իր նկատմամբ որոշակի սահմանափակումներ են սկսվում հարցին էլ՝ Հ. Օհնիկյանն ասում է. «Ներկայիս իրավակարգավորումներով, երեխայի հետ շփման կարգ սահմանող դատական ակտը դիտավորությամբ չկատարող եւ երեխայի հետ առանձին ապրող ծնողի շփմանը խոչընդոտող ծնողը, բավարար ապացույցների առկայության դեպքում, կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Վարչական տույժի նշանակվելուց հետո մեկ ամիս անց դատական ակտը դարձյալ չկատարելու դեպքում՝ նաեւ քրեական պատասխանատվության»:

Իսկ դիմո՞ւմ են քաղաքացիները եւ արդյոք դրանք հայաստանյան մտածողության պայմաններում լիարժեք վերացնո՞ւմ են ծնողական չարաշահումները, կարող ենք եզրահանգել խնդրի շուրջ ծավալվող մեծաքանակ վեճերի առկայությունից՝ հաճախ ծնողի կամ երեխայի համար անդառնալի հետեւանքներով, ակնարկում է փաստաբանը:
Արդյոք, առկա չէ՞ հոգեբանական բռնություն, «Առավոտի» հարցին էլ փաստաբանը պատասխանում է.

«Առանձին ապրող ծնողից երեխայի օտարացումը կարող է տեղի ունենալ նաեւ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության արդյունքում: Երեւույթը տարածված է հատկապես առավել գիտակցական տարիքի հասած երեխաների պարագայում, երբ առանձին ապրող ծնողի վերաբերյալ երեխայի ներկայությամբ պարբերաբար հնչեցվող վատաբանումները նրա մոտ առաջացնում են կոնկրետ ընդգծված բացասական վերաբերմունք առանձին ապրող ծնողի նկատմամբ: Արդյունքում, շփման կարգ սահմանող դատական ակտերը մնում են անկատար, այս անգամ արդեն՝ ծնողի հետ շփվելու երեխայի ցանկության բացակայության արդյունքում՝ նրան հոգեբանական տրավմայի չենթարկելու անհրաժեշտությունից ելնելով»:

Իսկ մի՞թե դա չի բխում երեխայի շահերից հարցին էլ՝ զրուցակիցս պատասխանում է. «Այն, որ դատական ակտը չի կատարվում «երեխայի լավագույն շահերից ելնելով»՝ իրականում բացառում է որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Ծնողների ատելության մթնոլորտում երեխան տվյալ դեպքում դառնում է գործիք»:
Ծնողից օտարացվելը չի բխում հոգեբանորեն անպաշտպան երեխայի շահերից:
Զրուցակիցս ասում է, որ դեռեւս 1980-ականներին մանկական հոգեբան եւ հոգեբույժ Գարդների կողմից այդ երեւույթը ստացել է «ծնողական օտարացման համախտանիշ» անվանումը: Այն հետագայում եղել է բազմաթիվ գիտական հետազոտությունների առարկա, որի արդյունքում հաստատվել է, որ նման հոգեբանական վիճակից երեխաների ելքը հնարավոր է բացառապես երեխայի եւ ծնողների հետ միաժամանակյա եւ համակարգային հոգեբանական աշխատանքներ վարելու արդյունքում:

Ինչպիսին է միջազգաին փորձը, դատական նախադեպերը հարցի կապակցությամբ, Հ. Օհնիկյանն ասում է. «Ծնողի հետ չշփվելու պատճառների բացահայտումը կարեւորում է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: ՄԻԵԴ կողմից կայացված մի շարք որոշումներում կարող ենք հանդիպել «Ծնողական օտարացման համախտանիշ» եզրույթին՝ կարեւորելով ծնողից երեխայի օտարացման պատճառների բացահայտման անհրաժեշտությանը: Պետք է նշել, որ մի շարք երկրներում, «ծնողական օտարացման համախտանիշ» եզրույթը վաղուց կիրառվում է օրենսդրական մակարդակով: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում ծնողի հետ երեխայի չշփվելը հիմնավորվում է «երեխայի լավագույն շահերը» հարգելու անհրաժեշտությամբ, մի շարք երկրներում, օրինակ՝ Բրազիլիայում, համապատասխան ընթացակարգերի միջոցով նախ պարզվում է ծնողի հետ չշփվելու երեխայի ցանկության հիմքերը, ծնողական օտարացման համախտանիշի բացահայտման դեպքում բարձրացնում է մեղավոր անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

Ինչ վերաբերում է «Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին», ապա զրուցակցիս դիտարկմամբ՝ մինչ վերջին օրերը կատարված օրենսդրական բարեփոխումները վկայում են, որ ծնողական չարաշահումներից երեխայի պաշտպանությունը վերապահված է եղել նշյալ մարմնին, որն անարդյունավետ է. «Գաղտնիք չէ, որ կարեւորագույն այս մարմինը իր աշխատանքներն իրականացնում է հասարակական հիմունքներով ձեւավորված հանձնաժողովի կողմից, որում հոգեբանի առկայությունն անգամ պարտադիր պահանջ չէ»:

Ի դեպ, քչերը գիտեն, որ օրեր առաջ ուժի մեջ մտավ կառավարության կողմից հաստատված «Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների» նոր կանոնադրությունը, որով վերջինիս են վերապահվել լրացուցիչ գործառույթներ՝ հիմնականում ծնողական խնամքից զրկված երեխաների պաշտպանության ոլորտում:
Տեղեկացանք, որ դեռ նախատեսված չէ ծնողական չարաշահումների դեպքերով երեխայի իրավունքները պաշտպանելու խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գործառույթը: «Դա նաեւ արդարացված է, քանի որ տարիների փորձով արդեն իսկ համոզվել ենք, որ հասարակական հիմունքներով գործող այս մարմնի ռեսուրսային հնարավորություններից պարզապես վեր է անհատական եւ երկարատեւ աշխատանքների արդյունքում վերականգնել առանձին ապրող ծնողից օտարացված երեխայի շահերը:
Ներկայիս գործառույթային կազմով, ԽՀ մարմնին վերապահված է համայնքում վարվող՝ երեխայի իրավունքների խախտման կանխարգելման գործառույթը: Հիշյալ հանգամանքն էլ ավելի ակնհայտ է դարձնում երեխայի եւ ծնողի օտարացման դեմ պայքարում, միջազգային փորձը հաշվի առնելով, ներպետական օրենսդրությամբ հստակ եւ իրապես գործուն կանոնակարգեր մշակելու հրատապ անհրաժեշտությունը»,- ավարտելով իր խոսքը՝ ասում է Հ. Օհնիկյանը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

22.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հենց որ իրավաբանական տերմինները սկսեք ճիշտ գործածել, մեկ էլ հանկարծ կտեսնեք, որ երեւույթներն էլ փոխվեցին: Իսկ ընդհանչապես, ամբողջ աշխարհում չափահաս ու գիտակից մարդն ա չպաշտպանված, ուր մնաց թե երեխաները, որոնց պիտի պաշտպանեն էդ նույն չափահասները:

  2. hogeban.info says:

    Վերջապես խոսվեց ՛՛PAL՛՛ Parental Alienation սինդրոմի մասին իրավական տեսանկյունից: Խնդրի մասին պետք է խոսվի անընդհատ, խոսվի այնքան, որ մեր հասարակությունը հասկանա, որ ծնողից օտարացումը կարող է բերել երեխայի հոգեկան օտարացման՝ դեպրիվացիայի, որի կանխումը պարտադրում է հոգեբանական միջամտություն: Երբ երեխան ակամայից մասնակից է դառնում նման ընթացակարգին, պետական կառույցները պետք է տրամադրեն պարտադիր հոգեբանական ծառայություն, և մասնագիտացված հոգեբանը պետք է երկարատև աշխատի թե երեխայի, թե ծնողների հետ:

  3. Աննա says:

    Բա ինչ ասենք էն իրավաբանների մասին, որ իրանց փողի համար հենց իրանք են ուղղորդում ու ստոր ճամփեքը ցույց տալիս ծնողներին։ Հոգաբարձության մարմինը էլ որմեկի գործով զբաղվի՞, մեկ էլ տեսնում ես եզրակացություն տվեց առանց հարցի մեջ խորանալու, էնքան որ։ Ասում են՝ գնա երեխու հետ հարաբերություններդ վերականգնի, ջերմացրու։ Բայց ախր ոնց՞՞՞ , ոնց ջերմացնի էտ ծնողը, եթե մյուսը շարունակումա իրա ապօրինությունը, մանկապարտեզում “զգուշացվածա”, որ երեխուն մոտ չթողնեն, հարկադիրն ու իրավաբանն էլ վիզները կախ ասում են ։ Չէ, որ ծնողը կուզենա վնասի երեխուն, ընդամենը պետքա պայմաններ ստեղծվի էտ խաթարված հարաբերությունները վերականգնելու համար, ընդամենը օգնությունա ուզում էտ ծնողը պետությունից, իրա փաստաբանից, ուզումա իրան պաշտպանված զգա։ Կողքից իրավիճակին հարմարվելու կոչերը միշտ էլ հեշտ են հնչում։ Մենակ էն մարդը կհասկանա, ով անձամբա հայտնվել էս տուպիկի մեջ,կամ ում ազգականնա էս խնդրի առաջ ու շուտով պիտի հանցագործ դառնա։ Բրավո էս իրավաբանին ու լրագրողին, որ փորձումեն հարցը լսելի դարձնեն, չեն վախենում վատամարդ լինեն էն , ում ձեռա տալիս էս վիճակը։

  4. Arto says:

    Որովհետև խնամակալության մարմիններում ռոբոտներ ու ուղեղներն անջատածներ են , հազար անգամ դիմելեմ ու խնդրեցի, որ երեխուն թշնամիա ինձ սարքում, տենցել տեղից չշարժվեցին, ադեն քանի տարիա ԱՄՆ եմ, ոչ կապ կա ոչ բան..,

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031