«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հետ
– Պարոն դեսպան, Միացյալ Նահանգները Հայաստանի խոշոր առեւտրային գործընկերն է: 2015թ. մայիսին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որով ՀՀ-ն ու ԱՄՆ-ը հավաստեցին իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։ Հայաստանի իշխանությունների քայլերը գոհացնո՞ւմ են ամերիկյան կողմին այս ուղղությամբ առաջընթացի ապահովման համար:
– Մենք առաջընթաց ենք տեսնում գոյություն ունեցող այն խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքներում, որոնք մենք վեր էինք հանել ԱՆՇՀ գործընթացի ժամանակ եւ անցյալ տարվա աշնանը Երեւանում տեղի ունեցած ԱՆՇՀ առաջին հանդիպման ընթացքում: Առկա է շարունակական, աշխույժ երկխոսություն՝ ուղղված այդ խոչընդոտների հաղթահարմանը: Ես մտադրված եմ շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության գործընկերների հետ՝ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ առեւտուրն ընդլայնելու նպատակով:
Ուրախ եմ, որ ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը հունիսի վերջին այցելեց Հայաստան, որի ընթացքում նա հանդիպեց Հայաստանի կառավարության ղեկավարների հետ եւ Հայաստանի ու ԱՄՆ-ի բիզնես համայնքներից լսեց կարծիքներ ԱՄՆ-Հայաստան առեւտրի ընդլայնման ուղիների վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» խորհրդի՝ անցած նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումից հետո մեր երկու երկրների կողմից ձեւավորվեց ութ աշխատանքային խումբ՝ ի մի բերելով համապատասխան փորձագետների՝ հետեւյալ ոլորտներում ընդլայնված առեւտրի խոչընդոտները վերացնելու համար. բիզնեսի զարգացում եւ խթանում, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումներ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, շրջակա միջավայր, աշխատանք եւ մաքսային ծառայություն: ԱՆՇՀ շրջանակներում մարտի 23-ին դեսպանատունը, էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, հյուրընկալեց Միացյալ Նահանգների Առեւտրի ներկայացուցչի գրասենյակի արտոնությունների ընդհանրացված համակարգի` GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենին՝ մի սեմինարի մասնակցելու նպատակով, որը նվիրված էր ՆԸՀ ծրագրի միջոցով Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալների ընդլայնմանը: Իբրեւ ԱՆՇՀ ներքո բիզնեսի խթանման մեր ջանքերի մի մաս՝ մայիսի 18-ին դեսպանատունը կազմակերպեց մեկօրյա բիզնես-կոնֆերանս՝ նվիրված Հայաստանում առկա առեւտրային եւ ներդրումային հնարավորություններին ԱՄՆ ինը խոշոր ընկերությունների ներկայացուցիչների համար: ԱՄՆ շուկան հայաստանյան ավելի շատ ապրանքների համար բացվելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է աճել: Իսկ երբ ավելի շատ ԱՄՆ ընկերություններ հնարավորություն են ստանում հավասար պայմաններում մրցակցել Հայաստանում, Հայաստանի ժողովրդին ավելի շատ տարբերակներ են առաջարկվում: Ընտրության հնարավորությունների եւ մրցակցության աճը, իր հերթին, կօգնի պայքարել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ եւ նվազեցնել հայ սպառողի ծախսերը:
– 1991-ից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը կազմել է 2.18 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, 1998թ. սկսած՝ ԱՄՆ ՄԶԳ-ը մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին: Եթե գնահատելու լինեք` արդյունքներն ինչպիսի՞ն են. Հայաստանն ո՞ւր է հասել, որտե՞ղ եք դրական փոփոխություններ տեսնում, ի՞նչ խնդիրներ են դեռեւս մնացել չլուծված, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը:
– Ինչպես գիտեք, ես հայաստանյան զարգացումներին հետեւում եմ Հայաստանի անկախացումից ի վեր, 90-ականների սկզբին ես եղել եմ ԱՄՆ պետքարտուղարության անկախ Հայաստանի հարցերով պատասխանատու բաժնի առաջին ծառայողը: Այժմ՝ 25 տարի անց, ես առաջընթաց եմ տեսնում շատ ասպարեզներում: Հայաստանի ժողովուրդը հպարտանալու շատ բան ունի: Իր ազգը աճում է, հզորանում եւ զարգանում: Եվ ԱՄՆ ՄԶԳ-ն այստեղ է եղել 1992 թվականից ի վեր՝ աշխատելով Հայաստանի ժողովրդի հետ այդ առաջընթացի որոշ մասին հասնելու համար: Մենք աջակցել ենք Հայաստանում լայն ընդգրկունություն ունեցող զարգացման ծրագրերին: Հայաստանյան իր գործընկերների հետ աշխատելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն տպավորիչ նվաճումներ է արձանագրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ մարդասիրական օգնությունը, իրավական բարեփոխումները, փոքր բիզնեսի խթանումը եւ էներգիայի ու ջրի կանոնակարգումը:
Ահա ԱՄՆ ՄԶԳ-ի մեր վերջերս ունեցած հաջողությունների մի քանի օրինակ:
2015թ. հունվարին ԱՄՆ ՄԶԳ-ի Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հնարավորություն ունեցավ փոփոխություններ մտցնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում՝ անդրադառնալով կանանց կենսաթոշակային իրավունքների հարցին: Առաջին անգամ օրենքով ամրագրվեց, որ երեխային խնամելու համար տրամադրվող արձակուրդի առաջին երկու տարվա ընթացքում կանայք պետք է պետական համաֆինանսավորում ստանան՝ ամսական 5,000 ՀՀ դրամի չափով (մոտ 12 ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ կուտակային համավճար գործատուից՝ ամսական 3,000 ՀՀ դրամի չափով (մոտ 8 ԱՄՆ դոլար):
Սմիթսոնյան ինստիտուտի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի «Իմ Հայաստան» ծրագիրը աշխատում է Հայաստանում՝ հատկապես մարզերում, զբոսաշրջությունը ընդլայնելու ուղղությամբ, մասնավորապես՝ մեծացնելով այցելուների «փորձի» հնարավորությունները զբոսաշրջիկների համար Հայաստանի աներեւակայելիորեն գրավիչ վայրերում՝ Տաթեւից ու Դիլիջանից սկսած մինչեւ Վանաձոր ու Արենի:
«Սեյվ դը Չիլդրեն» (Save the Children) կազմակերպությունը եւ Աբովյանի քաղաքապետը համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ ՄԶԳ-ի «Կյանք» (LIFE) ծրագրի միջոցով Կոտայքի մարզում սոցիալական ձեռնարկություն հիմնելու մասին, որը աշխատանքի եւ ապրելու պայմանների բարելավման հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Երեւանի պետական եւ Արիզոնայի համալսարանների գիտական գործընկերությունը խթանել է գենդերային ուսումնասիրությունները Հայաստանում եւ իրավազորում է կանանց՝ իրենց կարիերայում հաջողության հասնելու ուղղությամբ:
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ վերջերս Հայաստանի խորհրդարանը առաջին անգամ սահմանեց պետական ծախսերի պաշտոնական գերակայությունները եւ ցուցիչները՝ առաջընթացը գնահատելու համար: Ազգային ժողովն այժմ ի վիճակի է տրամադրել քաղաքացիներին այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ծախսերի գերակա ուղղությունները որոշելուն մասնակցելու եւ կառավարությանը՝ արդյունքներին հասնելու նպատակով, հաշվետու պահելու համար: Շատ կարեւոր այս բարեփոխումը զգալիորեն մեծացնում է Ազգային ժողովի դերակատարումը բյուջետավարման գործընթացում, ինչպես նաեւ միջոցներ ընձեռում՝ կառավարության կատարողականը դիտարկելու համար:
2015թ. հունիսն ազդարարեց ԱՄՆ ՄԶԳ-ի «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության եւ սնուցման բարելավումը» ծրագրի առաջին տարվա ավարտը, որը բարելավված դիտարկումների համակարգի եւ երեխաների խնամքի որակյալ ծառայությունների հասանելիության բարձրացման շնորհիվ հանգեցրել է մինչեւ հինգ տարեկան մանուկների մահացության մակարդակի եւ թերքաշ երեխաների թվի նվազեցմանը:
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն է տրամադրել ավիացիայի ոլորտում «Բաց երկնքի» սկզբունքների վրա հիմնված քաղաքականության նոր դաշտի մշակման, խթանման եւ ընդունման գործընթացում, որը հանգեցրել է էկոնոմիկայի նախարարության կազմում Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության վարչության ստեղծմանը (ՔԱՔՎ): ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունն ընդգրկում է նաեւ ՔԱՔՎ անձնակազմի կարողությունների հզորացման աշխատանքները:
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն է ցուցաբերել Հարավային գետերի ջրավազանի կառավարման ծրագրի մշակմանը, որը քաղաքականություն մշակողների, ռեսուրսները կառավարողների, համայնքային կազմակերպությունների, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի համար ուղեցույց է հանդիսանում Հարավային ջրավազանի, այդ թվում՝ Որոտան, Ողջի եւ Մեղրիգետ գետերի ջրային ռեսուրսների պաշտպանության, ռացիոնալ հատկացման եւ վերականգնման ուղղությամբ:
ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ իրականացվել է 24 պիլոտային ծրագիր՝ վերարտադրվող էներգիայի նոր աղբյուրների խթանման ուղղությամբ: Որպես այս ծրագրերի արդյունք՝ Հայաստանն այժմ տարեկան խնայում է 1,449,612 կվտ էլեկտրաէներգիա եւ 1,193,459 խորանարդ մետր ջուր:
ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ աջակցում է Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքներին:
Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Հայաստանի հետ՝ երկրի տնտեսական մրցունակությունը բարձրացնելու, քաղաքացիական մասնակցությունը խթանելու, առողջապահական եւ սոցիալական որակյալ ծառայությունների հասանելիությունը ընդլայնելու եւ առավել խոցելի քաղաքացիներին աղքատությունից պաշտպանելու ուղղությամբ: Հայաստանում մեր ամենահիմնական նպատակն է օգնել Հայաստանին, որպեսզի այն հաջողի՝ որպես ավելի մասնակցային, բարգավաճ եւ լավ կառավարվող հասարակություն: Աշխատելով մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության եւ տեղական ինստիտուտների մեր գործընկերների հետ՝ մենք ուզում ենք օգնել Հայաստանին՝ գտնելու նրա առջեւ ծառացած խնդիրների հայկական լուծումները: Այդ անելիս մենք մեր ուշադրությունը մարդասիրական օգնությունից տեղափոխել ենք դեպի այնպիսի ծրագրեր, որոնք խթանում են տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացումը, այսինքն՝ օգնությունից դեպի առեւտուր:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչն է խոչընդոտում Հայաստանի զարգացմանը, ապա կարծում եմ, որ կոռուպցիայի խարազանն է, որ Հայաստանը ետ է պահում մի շարք ոլորտներում: Հենց դա է պատճառը, որ իր հայաստանյան գործընկերների հետ միասին ԱՄՆ ամբողջ դեսպանատունը օգնում է աջակցել շուկաների եւ ռեսուրսների հասանելիության բարձրացմանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ նորարարության, ներդրումների ու բիզնեսների համար հավասար դաշտ ստեղծելու միջոցով:
Անցյալ տարի ես նշեցի Հայաստանում իմ գտնվելու ընթացքում իմ ունեցած չորս գերակայությունները, եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանին աջակցելը դրանցից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ-ն ունի իր դերակատարումը՝ ֆինանսավորելով փորձագետների աշխատանքն ու բարելավումների իրականացումը, ինչպես օրինակ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեպքում, որը մեզ օգնեց մաղել այն անձանց, ովքեր չպետք է կենսաթոշակ ստանային: Բացի այդ, այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է «Միջազգային այցելու առաջնորդի» ծրագիրը, մենք աշխատում ենք կառավարության եւ քաղաքացիական հասարակության կոռուպցիայի դեմ պայքարող առաջնորդներին ուսումնական հնարավորություններ ընձեռելու ուղղությամբ: Մենք փորձագետներ ենք բերում Հայաստան՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, առավել վերջերս դա ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Պիտեր Այնսվորթն էր: Մենք մտադրված ենք աշխատել Հայաստանի այն մարդկանց հետ, ովքեր կոռուպցիայի հիմնախնդրին ուզում են տալ հայկական լուծումներ:
– Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը, կարծես, մեղմվում է: Մենք գիտենք, որ պաշտոնական Անկարան հստակ աջակցում է Ադրբեջանին ԼՂ խնդրում: Հետաքրքիր է, այսօրվա Թուրքիայից, այնուամենայնիվ, հնարավո՞ր եք համարում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր: ԱՄՆ վարչակազմն այս ուղղությամբ ի՞նչ լուծումներ է տեսնում, ի՞նչ քայլեր է իրականացնում:
– ԱՄՆ դիրքը յուրահատուկ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ որպես հաղորդիչ, կամուրջ ծառայելու համար: Մենք շարունակում ենք մեր ջանքերը հայերի եւ թուրքերի համար այնպիսի տարածք գտնելու եւ տրամադրելու ուղղությամբ, որտեղ նրանք անկեղծորեն կքննարկեն իրենց պատմությունը եւ փոխըմբռնման կհանգեն ընդհանուր շահերի հենքի վրա՝ լինեն այդ շահերը տնտեսական, մշակութային եւ թե քաղաքական: Իրավիճակը դժվար, սակայն անշտկելի չէ: Երկու կողմերի համար էլ գոյություն ունեն այն խնդիրների վրա միասնաբար աշխատելու իրական հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել երկու երկրներին եւ տանել դեպի երկու հասարակությունների շփումը, ինչպես տեսնում ենք առեւտրային եւ կոմերցիոն կապերի վերջերս տեղի ունեցող աճի օրինակով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 19.07.2016