Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԹՍ-ի հարվածից զոհված «Սիսական» ջոկատի ազատամարտիկները եղել են ոչ թե ավտոբուսում, այլ Թալիշում` հարձակման նախապատրաստվելիս

Հուլիս 05,2016 17:54

Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե «Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքների բնակիչները կընտրեն նոր գյուղապետերի, որոնք կփոխարինեն ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտ մեկնելու ճանապարհին անօդաչու թռչող սարքով ավտոբուսի ռմբակոծության հետեւանքով զոհված Արմեն Բեգլարյանին ու Մայիս Միրզոյանին»:
Վոլոդյա Հովհաննիսյանը վիրավորական է համարում նման ձեւակերպումները, առավել եւս, որ իրականում գյուղապետերի զոհվելու հանգամանքները շատ լրատվամիջոցներում ճիշտ չեն ներկայացվում:

«Դեպքը, որի ժամանակ զոհվել են «Սիսական» ջոկատի 9 մարտիկներ, տեղի է ունեցել ոչ թե ավտոբուսի մեջ` Մարտակերտի ճանապարհին, այլ Թալիշ գյուղում, որտեղ ավտոբուս չի էլ եղել: Տղաները նախապատրաստվում էին հարձակման, որպեսզի հետ գրավեին դիրքերը, երբ թռչող սարքը հարվածել է խմբված տղաներին, որի ժամանակ էլ եղել են զոհեր եւ վիրավորներ: Շատ վիրավորական է, որ Արցախյան ազատամարտի մասնակից-տղաները գնացել են հայրենիքը պաշտպանելու, նրանց հիշատակն այդպես աղավաղվում է: Անձամբ զանգել եմ խմբագրություններ, տեղեկացրել այդ մասին: Բոլորը հենվում են այն բանի վրա, թե ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է նման բան հայտարարել: Անձամբ զանգել եմ Արծրուն Հովհաննիսյանին: Նա ասել է, որ ավտոբուսի հետ կապված հայտարարություն չի արել, այլ ասել է, որ տեղի է ունեցել դեպք, կան զոհեր: Բայց թե ինչպես է դա տեղի ունեցել, նա չի մեկնաբանել:

Ես Արծրուն Հովհաննիսյանից թույլտվություն եմ խնդրել` նրա անունից հայտարարելու, որ նա նման հայտարարություն չի արել: Պարզապես վիրավորական է, որ տղաների հերոսական գործն այնպես է մեկնաբանվում, թե իբր նրանք պատահականության զոհ են եղել: Ոչ: Նրանք ոչ թե զոհվել են պատահականորեն, ավտոբուսի մեջ` ճանապարհին, այլ հասել են Մատաղիս, հաջորդ օրը հրաման են ստացել լինել դիրքերի մոտ եւ հարձակմամբ հետ գրավել Թալիշի զիջած դիրքերը»,-մեզ հետ զրույցում պատմեց պարոն Հովհաննիսյանը:

Նա հստակեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ին` ժամը 15:00-ի սահմաններում. «9 սիսիանցի է զոհվել, 1 կապանցի: Համաձայն հրամանի` տղաները կենտրոնացել են այնպես, որ անցնեն հարձակման: Մոտակայքում ավտոբուս անգամ չի էլ եղել…Որքան վիրավորական է, որ գիտակցաբար, դիրքերը հետ վերադարձնելու նպատակով հակահարձակման գնացած տղաներին պատահականության զոհ են դարձնում»:

Վոլոդյա Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ այդպես էլ չի կարողացել պարզել, թե որ կայքն է ապատեղեկատվության աղբյուրը:

«Դեպքի հաջորդ օրը «Սիսական» ջոկատը գրավել էր դիրքերը եւ մարտական հերթապահություն անցկացրել մինչեւ ապրիլի 23-ը: Այն դիրքերը, որոնք հակառակորդը չէր գրավել, արդեն գնդի կազմում տղաները զբաղեցրել են դրանք եւ նոր դիրքեր ստեղծել, որպեսզի հակառակորդն առաջ չգնա, որովհետեւ մեր զինվորների դիրքերը ոչնչացված են եղել հակառակորդի կողմից, զինվորները` սպանված: «Ճեղքվածք» է եղել, մենք էլ զինվորների հետ միասին նոր դիրքեր ենք դրել եւ մինչեւ ամսի 23-ը դրանք պաշտպանել հակառակորդի լայնածավալ հարձակումներից»,-եզրափակեց Վոլոդյա Հովհաննիսյանը

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անոտ անգլուխ ղեկավարվող Հայաստանից ինչ եք ուզում….Եթե կողքերը մետրո լիներ,կասեին մետրոի մեջ են խփնվել….մարոժնի ուտելուց…Փառք ձեզ տղերք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031