Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Այդ երկու գեներալները ծեծ կուտեն, եւ ես չեմ լինի դիմակով»

Հուլիս 02,2016 16:18

Երկու տարի առաջ դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն, ինչպես խոստացել էր, ճշտել է իրեն ծեծի ենթարկողների ով լինելը: Հիշեցնենք` 2014 թվականի դեկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալու ժամանակ 4 դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել եւ արյունլվա թողնելով՝ հեռացել էին:

«Ես ճշտեցի, այս պահին անունները չեմ տալիս: Ասում են, ինձ վրա հարձակման պատվերը տվել են երկու գեներալ. մեկը`խիստ փառապանծ, մյուսը`նախկինում այդ փառապանծի մոտ աղախնի կարգավիճակով աշխատել է: Հիմա ինքն էլ է գեներալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը` հավելելով. «Ասում են, երբ այդ երկու գեներալը որոշել են, որ Սուրեն Սարգսյանի վրա դիմակավորները պիտի հարձակվեն, ստրատեգիական քայլ են հղացել`հարձակվողներն անպայման պիտի հնչեցնեն`թե «դու Թոխմախի Մհերի հետ ի՞նչ գործ ունես, իրան ճանաչում ե՞ս, որ իրան բան ես ասում»: Ասում են, որ հետո, Թոմախի Մհերը խիստ բարկացել է, ասել է`արա`դուք ծեծում էիք, մարդ էիք ուղարկում էդ մարդու վրա, իմ անո՞ւնը խի էիք տալիս»: Սուրեն Սարգսյանն այս ամենի ճշմարտացիության մեջ 90 տոկոսով վստահ է, բայց ասում է`առաջիկայում տասը տոկոսն էլ կճշտի եւ խոստանում է. «Այդ երկու գեներալները նույն կերպ ծեծ կուտեն իմ կողմից, եւ ես չեմ լինի դիմակով»:

Հարցին`ինչո՞ւ չի դիմում ոստիկանություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոստիկանությունը, հենց սկզբից, կոծկեց գործը, ի՞նչ է թե`ես չեմ բողոքել: Բայց հանցանք էր տեղի ունեցել ու դա նրանց չհետաքրքրեց: Դեպի գեներալները տանող սլաքներն էին հավանաբար պատճառը, որ ոստիկանությունը շատ շուտ փակեց այս հարցը: Այդ պատճառով ես իմաստը չեմ տեսնում ոստիկանություն դիմելու: Ես հենց վերջնականապես ճշտեցի իրողությունը`երկու գեներալներն էլ փողոցում իրենց ծեծը կուտեն`իմ կողմից: Ինչպե՞ս դա կանեմ`հասարակությունը կտեսնի: Իսկ ոստիկանությունը, եթե շատ է ուզում, իրենք գիտեն, թե ովքեր են այդ գեներալները, թող գործ հարուցեն: Դա իրենց խնդիրն է, իմ խնդիրը չէ: Ես չեմ վստահում այդպիսի ոստիկանությանը, որտեղ պարզաբանում են`ինքը դատական բժշկի չի դիմել, այն պարագայում, երբ հիվանդանոցում հետազոտությունների ամբողջ պատկերը կար: Չեմ գնացել դատաբժշկի մոտ, որովհետեւ հենց սկզբից չէի վստահում ոստիկանությանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031