Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունիում կյանքը շատ դժվար է. կիսված ընտանիքներ ու թոռներին բանակ ուղարկելուց վախեցած տատիկներ

Հունիս 16,2016 17:30

Արտագնա աշխատանքն ընտանիքներ է կիսում, ընտանիքներ է քանդում. Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում քիչ չեն այն կանայք, որոնց ամուսինները տարվա ընթացքում ավելի շատ Ռուսաստանում են լինում, քան հայրենիքում, ընտանիքում, զավակների եւ կնոջ կողքին:

Քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքն ամբողջական պահելու համար, այն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ չկիսելու ու «սկայպով» չշփվելու համար Մարտունու կանայք իրենց երեխաներին վերցնում են ու մեկնում ամուսինների մոտ: Բայց գուցե Ռուսաստանի բարքերը, գուցե մեկ այլ պատճառով ամուսինների մոտ մեկնած հայ կանայք հայտնաբերում են լրիվ ուրիշ ամուսին՝ ոչ նրան, որը եկեղեցու խորանի մոտ ամուսնանալիս երդվել էր՝ հավատարիմ լինել, անբաժան լինել՝ մինչեւ մահը չբաժանի:

2

«Վերջերս մեզ մոտ գրանցվում են շատ ցավալի դեպքեր. կանայք, որոնք արդեն մի քանի երեխա ունեն, ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստան` միանալու իրենց արտագնա աշխատանքի մեկնած ամուսնուն, նրա հետ ապրելու, որպեսզի բոլորը միասին լինեն, բայց ամուսիններն այդ կանանց արդեն իրենց համար հարմար չեն գտնում ու հետ են ուղարկում Հայաստան: Եղել է դեպք, երբ կինը ոնց մեկնել է ամուսնու մոտ, էդպես էլ հետ է եկել. նույն հագուստով, ոնց գնացել էր, այսինքն՝ մի քանի օր էլ չէր պահել մոտը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է «Մարտունի կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Գեւորգյանը:

Նրա խոսքերով՝ գյուղական ավանդական վայրերում առանց այն էլ ապրուստը դժվար է, ու դրան էլ գումարվում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը, որոնք չափազանց տարածված են: Տիկին Գեւորգյանի ներկայացմամբ՝ կանանց հանդեպ խտրականության եւ բռնության նոր դրսեւորումներ են դիտարկվում՝ առողջապահական, հագուստի, սննդի, կանանց կարիքների անտեսում: Օրինակ՝ ինչպես ներկայացնում է հ/կ-ի ղեկավարը, ընտանիքի անդամներն անտեսում են կանանց առողջական խնդիրները, ճիշտ, նորմալ ու առողջ սնվելու խնդիրները:
Տիկին Գեւորգյանը Մարտունի քաղաքում 2000 թվականից զբաղվում է տարածաշրջանի բնակիչների տարբեր խնդիրներով: «Սովորաբար մարզային կազմակերպությունները չունեն որեւէ ուղղվածություն, քանի որ երբ բնակիչը մի խնդրով գալիս է, չես կարող ասել, որ այդ խնդրով չենք զբաղվում, եւ բացի այդ էլ, մարզերում հասարակական կազմակերպությունների քանակը սահմանափակ է, ուստի մենք սովորաբար զբաղվում ենք ամեն ինչով: Զբաղվում ենք հաշմանդամության, զբաղվածության, մարդու իրավունքների, իրազեկվածության, բնապահպանական խնդիրներով, այն ամենով, ինչ որ այդ պահին արդիական է»,- ասում է տիկին Գեւորգյանը:

Այս մարզում, ինչպես նկատում է տիկին Գեւորգյանը, ավելի սուր ու հրատապ խնդիրներից է պտղի սեռի խտրականությունը: «Եթե աշխարհում բնականոն պայմաններում 100 աղջկա դիմաց ծնվում են 105-106 տղա, Հայաստանում այդ թիվը 100 աղջկա դիմաց 114 տղա է, իսկ Գեղարքունիքի մարզում այդ թիվը կազմում է 124 տղա: Ամենացածր ցուցիչ ունի Սյունիքի մարզը, իսկ Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում ամենաբարձրն է»,- նշում է Գեւորգյանը: Այս երեւույթը Անահիտ Գեւորգյանի դիտարկմամբ՝ առավելապես կապված է միգրացիայի, գյուղատնտեսական աշխատանքի ծանրաբեռնվածության եւ մենթալիտետի հետ. «Օրինակ՝ հողը բաժանում են ընտանիքի երեխաների միջեւ եւ նախապատվությունը տալիս արու զավակին, քանի որ շատերը կարծում են, որ տղան ավելի մեծ առավելություն ունի եւ ավելի շատ հող նրան պետք է տրվի»:

Տիկին Գեւորգյանն ասում էր, որ իրենց կազմակերպության ջանքերով Մարտունիում գործում է հաշմանդամություն ունեցող կանանց համար կարի արտադրամաս: Այստեղ աշխատում են 10 հոգի, կարում են հիմնականում արտահագուստներ, սպիտակեղեն, տրիկոտաժից հագուստ, արտադրանքը մարզում է սպառվում:
Նկարիչ-մոդելավորող Նարինե Ավետիսյանն այս արտադրամասում է աշխատում, ամուսինը մշտական աշխատանք չունի: Նարինեն կարի արտադրամասում աշխատելով կարողանաում է հոգալ երկու անչափահաս երեխաների, ընտանիքի հոգսերը, բայց այն էլ ծայրը ծայրին հազիվ է հասցնում:

3

Նույն արտադրամասում աշխատող 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Գայանե Եղոյանն էլ դերձակ է, ասում է՝ տանը եւս պատվերներ է ընդունում. «Եթե մի օր կար չանեմ` էդ օրը ինձ համար օր չէ: Վերջին ժամանակներս դժվարացել են արտադրամասի գործերը, պատվեր շատ չունենք, վճարումներն ուշանում են, վերջերս արտադրանքը դժվար է իրացվում»:

Մարտունի մեր այցելության ժամանակ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի անդամները քաղաքում իրազեկման միջոցառում էին կազմակերպել: Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը մարտունեցիներին, հատկապես զինակոչման պատրաստ տղաներին տեղեկացնում էր իրենց իրավունքները:

4

«Բոլոր մարզերում էլ ընդհանուր իրազեկվածության մակարդակը ցածր է, այսինքն՝ չգիտեն ո՞նց պաշտպանեն իրենց իրավունքները, որ դեպքերում ի՞նչ քայլեր ձեռնարկեն: Օրինակ՝ չգիտեին, որ մարդու առողջության վերաբերյալ փաստաթղթերը չի կարող գաղտնի պահվել տվյալ անձից, նրանք կարող են օրենքի սահմաններում վերցնել դրանք: Կամ չգիտեն, որ սեռական փոքրամասնություններին հոգեկան հիվանդության հիմքով ազատում են զինվորական ծառայությունից, որը ստուգում են հատուկ հանձնաժողովների միջոցով, եւ ամեն մեկը չի կարող գնալ ու հենց այնպես ասել, որ նա նույնասեռական է: Բայց լինում է, որ անձը իր սեռական կողմնորոշման մասին չի ասում եւ հայտնվում է զինվորական ծառայությունում, որտեղ բավական խտրական վերաբերմունքի է ենթարկվում, որին ծառայության ընթացքից չեն ազատում»,- պատմում է Արմինե Սադիկյանը: Արմինե Սադիկյանն ասում է՝ Մարտունիում շատերը հետաքրքրվում էին երկքաղաքացիություն ստանալու ընթացակարգի մասին: Մարտունեցիներից շատերը նաեւ տեղյակ չէին, որ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից, բացի տաքսիներից, զինծառայողները կարող են օգտվել անվճար կամ փոխհատուցվել, եթե գնում են բուժզննման:

Զինծառայության տարիքին մոտ տղաները հիմնականում հետաքրքրվում էին, ըստ Սադիկյանի, առողջության հետ կապված իրավունքներով. տղաներից մեկի եղբայրը քթի, շնչառական խնդիր է ունեցել, մինչեւ զորակոչվելը վիրահատման ենթակա է եղել, բայց չեն վիրահատել` ասելով, որ կգաս զինծառայության, եւ այդ ընթացքում կվիրահատենք, եւ զինծառայության ժամանակ այդպես էլ չեն վիրահատել. «Հիմա մենք բժշկական փաստաթղթերը կուսումնասիրենք, եւ եթե անհրաժեշտություն լինի, կդիմենք պաշտպանության նախարարությանը»:

1

Մարտունու բնակիչ Կարինե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասում է, որ իր համար հիմա ամենակարեւոր եւ ամենացավոտ խնդիրը թոռնիկին բանակ ուղարկելն է. «Ողնաշարից գանգատներ ունի, բայց բժշկական հետազոտություն է անցել, ասում են՝ նորմալ է: Նա դաստիարակված, խելոք երեխա է: Բանակի ներսի խնդիրներից ավելի եմ վախենում, քան սահմանային լարվածությունից, ինչ ասես՝ պատմում են, մարդ վախենում է երեխուն բանակ ուղարկի: Ամեն ընտանիք, որտեղ տղա երեխա ունեն, վախենում են»:

Հիշեցնենք, որ լրագրողների այցը Գեղարքունիքի մարզ կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

«Առավոտ»

15.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930