Արդեն մի քանի օր է՝ համացանցում մի տեսանյութ պտտվում, որն ամենայն հավանականությամբ, իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք: ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս:
ՈՉ ՀՀ պաշտպանական գերատեսչության, ոչ էլ ԼՂՀ պաշտպանական բանակի պաշտոնյաները չեն մեկնաբանում տեսանյութը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ»-օրաթերթի հետ զրույցում այսպես էր պատասխանել. «Ձեզ թվում է, ես պիտի էդ հարցին պատասխանե՞մ»:
https://www.youtube.com/watch?v=MY6jN2Gwf4k
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ, ինչպես երեկ, այսօր էլ դեռ ժամանակ չի ունեցել տեսանյութը դիտել: Տեսանյութին վերաբերվող հարցերով էլ խորհուրդ է տալիս դիմել այն տարածողին:
Տեսանյութը տարածել է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ղուկասյանն ասաց, որ այդ տեսանյութը տրամադրվել է ԶԼՄ-ներին, հունիսի 6-ին: «Ռադիո Հայը» ռեպորտաժ էլ է պատրաստել եւ եթեր է արձակել այն, ապա, տեսանյութը տարածվել է համացանցում, սոցիալական ցանցերում տարածվեց: Նա պարզաբանում է, որ այդ տեսանյութից հետո ձեւավորվեց քաղաքացիական նախաձեռնություն, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ-դիմում է տրամադրել այդ առիթով`համարելով, որ տեսանյութը կարեւոր ապացույց է, որը հաստատում է որ ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանն է հարձակվել:
Ինչու ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները չեն մեկնաբանում այն, ինչո՞ւ ՊՆ-ն չի հաստատում այդ տեսանյութի իսկությունը`Անդրիաս Ղուկասյանը բացատրություն չունի: Բայց ասում է, որ խնդիր կա`ապրիլյան դեպքերի վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնելու, իսկ այդ տեսանյութը ապացուցողական տարրեր է պարունակում:
Ամեն դեպքում, ինքը տեսանյութի առիթով առկա մեկնաբանություններում սխալ ուղղվածություն է տեսնում: Ասում է`տեսանյութում երեւում է, որ հայկական զինվորները կրակում են: 200-300 մետր հեռավորությունից առանց համապատասխան գիշերային սարքերի հնարավոր չէր ավելին անել, պիտի սպասեին, մինչեւ հեռավորությունը քչանար:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ չի հասկանում ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների`մեկնաբանություններից խուսափելը: «Գուցե խուսափելու իրենց պատճառն ունեն»,- ասում է, բայց տեսանյութին չի ցանկանում անդրադառնալ. «Ինչ- որ տեղ այն կիսատ է մնում եւ ոնց որ թե միտումնավոր կիսատ մնա: Էդպիսի տպավորություն ստացա»:
Բայց համակարծիք է, որ ապրիլյան օրերին մեր զինվորները զոհվեցին «հաստագլուխ գեներալների» վատ կառավարման, վատ կազմակերպվածության ու նաեւ բանակի թալանի արդյունքում: «Այն փոփոխությունները, որոնք արվում են բանակում, ղարաբաղցիների ծիծաղն է առաջացնում: Մոսիին նշանակեցին Ալիկ Միրզաբեկյանի փոխարեն… Պատերազմի ընթացքում ՊԲ-ի ունեցած պակասի անմիջական մեղավորը Մոսին է, մինչեւ հիմա ինքն էր եղել, այսքան տարի չէր մտածել`զինվորը ո՞նց է ապրում ու հիմա էդ համար մեկ մեղավորին դնում են մեկ այլ պաշտոնի: Իբր փոփոխություն են անում: Սա խոսում է իրավիճակին`բանակի ղեկավարության ոչ ադեկվատ վերաբերմունքի մասին»,- ասում է Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ տպավորություն է, որ կադրեր չկան, ուստի «մեկ թալանչուն մյուսով են փոխում»: Նա ցավով է նշում, որ նման փոփոխություններով մեկ սանտիմետր անգամ առաջ գնալը զավեշտի է վերածվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
դե հիմա համեմատեք մոսոին ՍԱՄՎԵԼԻ հետ դրա համար էլ խառնվել էն իրար սամոն սրա նմաններին բանակից պագոնները պոկելով կլարեր
մերոնք որ ապացույցներ ներկայացնեն թե որ թրքերն էն հարձակվել նրանք էլ ապացույց կներկայացնեն վոր սս ը պուտինը ու ալիեվնեն պայմանավորվել հարձակման եվ տարացքների զիճման համար