Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիների 82%-ը պատերազմական գործողությունների դեպքում պատրաստ է միանալ գործողություններին. «Գելափ Ինթերնեշնլ»

Հունիս 14,2016 15:36

«Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը «Ապրիլյան քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը» թեմայով հետազոտություն է անցկացրել: Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հունիսի 14-ին «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց հետազոտության արդյունքները: Հետազոտությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում դեմ առ դեմ հարցումների միջոցով:

Հարցին, թե ըստ ձեզ ինչով է պայմանավորված Ադրբեջանի քայլերը, հարցված քաղաքացիների 32.5 տոկոսը պատասխանել է, որ Ադրբեջանը հրահրում է պատերազմական իրավիճակ, որպեսզի զսպի, քողարկի ներքին խնդիրները, 46.7 տոկոսը պատասխանել է, թե այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից, 28.1 տոկոսը կարծում է, թե այն պայմանավորված է Ռուսաստանից եւ այլ երկրներից չափից ավելի սպառազինության ձեռքբերմամբ, 27.5 տոկոսը համարում է, որ Ադրբեջանը, գիտակցելով, թե տանուլ է տալիս բանակցության գործընթացում, փորձում է պատերազմի միջոցով խնդիրը լուծել:

Հարցված քաղաքացիների 81.3 տոկոսը համարում է, որ իրավիճակը հրահրել է Թուրքիան, 33 տոկոսը՝ Ադրբեջանը, 17.2 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնությունը, 14.5 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 1.1 տոկոսը՝ եվրոպական երկրները:

Հարցվածների 31.3 տոկոսը ավելի շուտ վստահ է, իսկ 61.4 տոկոսը լիովին վստահ է, որ այսուհետ եւս ՀՀ զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանության բանակը ունակ կլինեն հակահարված հասցնել ադրբեջանական բանակի գործողություններին: Իսկ 84 տոկոսը կարծում է, որ մեր բանակը պատրաստված է նման լայնածավալ հարձակմանը հակազդելու տեսանկյունից:

Քաղաքացիներին նաեւ հարց է ուղղվել, թե եթե ստեղծվի պատերազմական իրավիճակ, Դուք ինքներդ արդյոք պատրաստ եք անձամբ միանալ պաշտպանական գործողություններին, 82 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ է (57.1 տոկոսը միանշանակ այո, 24.9 տոկոսը ավելի շուտ այո):

Հարցման ընթացքում քաղաքացիները նաեւ գնահատել են ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում պետական կառույցների աշխատանքը: Ամենաբարձր գնահատականներ են ստացել պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ 5 միավորից՝ 4.5 եւ առողջապահության նախարարությունը՝ 4.4: Առավել քիչ միավորներ ունեին Ազգային ժողովը՝ 2.8 եւ վարչապետը՝ 2.7:

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ինֆորմացիայի ստացման հիմնական աղբյուրը հարցվածների 85.1 տոկոսի համար հեռուստացույցն էր, 44 տոկոսի համար՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, 43.8 տոկոսի համար՝ շրջապատը, 19.7 տոկոսի համար պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, 15.1 տոկոսի համար՝ լրատվական կայքերը: Արման Նավասարդյանը նշեց, որ այս հարցի դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել միանգամից ընտրել մի քանի տարբերակ, այդ իսկ պատճառով՝ թվերը գումարելիս անցնում է հարյուր տոկոսը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Քաղաքացիների 82%-ը պատերազմական գործողությունների դեպքում պատրաստ է միանալ ոչ թե գործողություններին այլ զինվելուց հետո հարձակվեն կառավարոության վրա:Թեկույզ եվ դիրքերից կհասնեն մինչեվ Բաղրամյան Ձ6.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930