«Պաշտոնապես հաստատում եմ, որ երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են երեք անձ՝ գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը,- Aravot.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: – Երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը գնում է մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին»:
«Ժողովուրդ»-ն այսօր հաղորդել է, որ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 20-ի հրամանագրով Մելս Չիլինգարյանն ազատված է Հայաստանի Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։
Թերթը նշել էր նաեւ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին, որին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ. նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել էր: Նա այժմ ձերբակալված չէ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 18-ին տարածվել էր հաղորդագրություն, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։
Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ.Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։
Դ.Աբրահամյանին 13.05.2016թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։
Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից 16.05.2016թ. որոշում է կայացվել՝ Դ.Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։