«Մեր երկրում այսօր կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն իրականություն է միայն թղթի վրա: Կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքն ամեն տեղ է՝ ընտանիքից մինչև աշխատավայր: Այդ պատճառով շատ կարևոր է ուսումնասիրել կանանց ներգրավվածության ցածր մակարդակի պատճառները և հասկանալ՝ ինչ մեխանիզմներ կարող են լինել այդ մասնակցությունը բարձրացնելու համար»,- կարծում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխնախագահ Գրիգոր Երիցյանը:
Սրանք խնդիրներ են, որոնք, նրա խոսքով, իրենց կազմակերպությունը վերջին հինգ տարիների ընթացքում ուշադրության կենտրոնում է պահում. «Մեր ծրագրերի հիմքում այն գաղափարն է, որ կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը խթանում է հասարակության առաջընթացը: Կանայք իրենց հավասար մասնակցությունն ու ներդրումը կարող են ունենալ բոլոր ոլորտներում, և Հայաստանի համար մեծ շռայլություն է մարդկային այդ մեծ ռեսուրսի վատնումը: Հիմնական խոչընդոտը, սակայն, ոչ միայն օրենքներում է, այլև՝ հասարակական գիտակցության ու կարծրատիպերի մեջ»,- ասում է Գ. Երիցյանը:
«Կանայք կոտրում են կարծրատիպերը». այս խորագրով համաժողով էր մայիսի 19-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն՝ «AIESEC in Armenia» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, որի նպատակն էր երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին ներգրավել կանանց աշխատանքային իրավունքի վերաբերյալ հանրային քննարկումներին ու բացահայտել հասարակական երկխոսության գործիքների կիրառման հնարավորությունները՝ Հայաստանում կանանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի դեմ արդյունավետ պայքարելու համար:
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը նույնպես մասնակցում էր համաժողովին, իր ելույթում ընդգծեց, որ մեր հասարակության համար կնոջ աշխատանքն ահռելի մեծ նշանակություն ունի. «Այն պետություններում, որտեղ կանայք աշխատում են, տնտեսությունը զարգացած է»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ կանանց ներգրավվածությունն առավել անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացներում. «Մեր ներքին օղակներում կանայք պատրաստված ու մրցունակ են, բայց վերին՝ որոշումներ կայացնող օղակներում, ցավոք, նրանք դեռևս լիարժեք ներգրավված չեն: Եթե տղամարդկանց հետ հավասար ներգրավված լինեին, դա լավագույնը կլիներ, բայց անգամ 30%-ով ներգրավվածության դեպքում բոլոր որոշումներն ավելի արդյունավետ կլինեին»,- նշեց Զ. Փոստանջյանը:
«Կանայք մեր երկրի բնակչության 50%-ից ավելին են կազմում, բայց նրանց պոտենցիալը չի օգտագործվում,- շարունակեց ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիլիթ Չիթչյանը.- նրանք նստած են տանը, չեն աշխատում: Բայց երբ տեսնում ենք՝ մեր բուհերում ինչքան աղջիկներ են սովորում, ուղղակի զարմանում ենք՝ ինչի՞ համար են աղջիկները բարձրագույն կրթություն ստանում՝ օժի՞տ են տանում դիպլոմը, գնում են այնպիսի ընտանիքներ, որտեղ նրանց արգելո՞ւմ են աշխատել կամ որտեղ ասում են՝ քո աշխատած փողը մեզ պետք չէ, դու էրեխեքի՞ն լավ պահիր…»:
Նրա համոզմամբ՝ երբ կինն ու տղամարդը հավասարապես աշխատում են, դրանից ընտանիքը միայն շահում է. «Ընտանիքի բեռը չի ընկնում մի մարդու ուսերին: Ոչ մի տղա չպետք է իր վրա կրի այն կարծրատիպը, որ ինքն է տուն փող բերողը: Դրանով ծանր պատասխանատվություն է դրվում նրա վրա: Ստացվում է, որ կինը նստում ասում է՝ ես էրեխեքին կպահեմ, դու գնա տես՝ ինչ ես անում: Տղամարդը վազում է աջ, վազում է ձախ, չգիտի՝ քանի տեղ աշխատի, որ հասցնի և սկսում է ժամանակից շուտ ծերանալ, դիմել արտագնա աշխատանքի, գնալ անօրինական գործարքների և այլն, որովհետև իր վրա է կրում այն բեռը, որ ինքը պիտի փող աշխատի»,- ասաց Լ. Չիթչյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ