Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 11-ին դատավոր Մխիթարյանի նախագահությամբ շարունակվում էր Արմեն Շամիրյանի բողոքի քննությունը:
Դատական նիստին չէր ներկայացել Արմեն Շամիրյանի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը, սակայն Շամիրյանը հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի նիստը շարունակվի: Դատական նիստը շարունակվեց Տիգրան Սաֆարյանի բացակայության պայմաններում:
Արմեն Շամիրյանը նշեց, որ քննիչ Գարեգին Բեգոյանը վկաների հետ առերեսում չի կատարել եւ նույնիսկ գործով որոշ վկաներ ընդհանրապես չեն լսվել. «Հարգելի՛ դատարան այստեղ, ինչ ես կարդում եմ, սկզբից մինչեւ վերջ անհեթեթություն է: Կալանավորների անուններ են գրած, եւ շեշտած է, որ նրանք պատիժ են կրել իմ խցում, նրանք որեւէ արտառոց բան չեն տեսել»:
Նա նշեց, որ դրսում 60 հազար դրամ արժեցող հեռախոսները բանտում վաճառվում էին 350 հազար դրամով. «Եթե բոլորը կարողանային շրջանցել, մտցնել հեռախոսը, կյանքում այդ հեռախոսը չի արժենա 350 հազար դրամ: Կոպիտ ասած, մենաշնորհը ես եմ եղել, դրա համար հեռախոսի գները եղել են 350 հազար»:
Կարդացեք նաև
Արմեն Շամիրյանը համարում է, որ սկզբից մինչեւ վերջ անօրինական քննություն է եղել, գործը միակողմանի է քննվել. «Յուրաքանչյուր վկա, որը լսվել է, եթե լսեք, կհասկանաք, թե ինչ ջանքեր են գործադրել, մեկը մեկից «գավռոշ»:
Արմեն Շամիրյանը եւ իր ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը բողոքարկել են Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ որոշումը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ