Լրահոս
Օրվա լրահոսը

«Ortus». նոր ձայնասկավառակ և համատեղ նախագիծ ԱՄՆ-ում

Մայիս 09,2016 10:13

Ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտորի թեկնածու Տաթև Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ:

Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Ճապոնիայում ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում՝ դաշնակահարներ Հայկ Մելիքյանի, Արթուր Ավանեսովի, տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի, “Carme Diem” լարային կվարտետի, “Oktoplus” անսամբլի և Կանզաս քաղաքի “Metropolitan Choral” երգչախմբի կատարմամբ: Նա մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների` Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: 2011թ. արժանացել է “Armenian Allied Arts” 71-րդ մրցույթի ստեղծագործական 1-ին մրցանակին, 2012 թ.` Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և “Metropolitan Choral” երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին, իսկ 2016-ին՝ “Ariel Recordings” դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի երկրորդ մրցանակին:

Show-(2-of-19)

Մայիսի 7-ին Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Բերքլի քաղաքի Քրաուդենի անվան երաժշտական կենտրոնում տեղի ունեցավ Տաթև Ամիրյանի մենահամերգը և ձայնասկավառակի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում նա կատարեց ինչպես իր հեղինակային, այնպես էլ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ծրագրում հնչեցին Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Ռ. Անդրեասյանի և Էդ. Միրզոյանի գործերը: Միջոցառման ընթացքում կոմպոզիտորը ներկայացրեց նաև իր ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը՝ “Ortus”-ը, որտեղ ընդգրկված են նրա վերջին տարիների դաշնամուրային գործերը՝ ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ: Նա հանդիսատեսին պատմեց վերջինիս հետ իր համագործակցության և ձայնասկավառակի ստեղծման գաղափարի մասին. «Հայկ Մելիքյանի հետ բախտ եմ ունեցել համագործակցելու դեռ 2012 թվականից, երբ նրանից նոր ստեղծագործություն գրելու առաջարկ ստացա։

Tatev AmiryanԱյս ընթացքում նա բազմիցս կատարել է իմ երաժշտությունը Հայաստանում, ինչպես նաեւ Եվրոպական տարբեր երկրներում։ Ինքնըստինքյան անհրաժեշտություն առաջացավ դրանք համախմբել մի ալբոմում։ Եվ երբ անցյալ տարի նրանից համատեղ ձայնասկավառակ թողարկելու առաջարկ ստացա, մեծ ուրախությամբ համաձայնվեցի։ Շատ ուրախ եմ, որ ինձ, որպես կոմպոզիտոր, հնարավորություն է ընձեռվել համագործակցելու նման բացառիկ տաղանդի և բարձր պրոֆեսիոնալիզմի տեր կատարողի հետ»: Տ. Ամիրյանի խոսքերով՝ Հայկ Մելիքյանն այսօր այն եզակի դաշնակահարներից է, ով կարողանում է վարպետորեն եւ համոզիչ մատուցել ժամանակակից երաժշտությունը և իր յուրովի մեկնաբանությամբ նոր կյանք տալ կոմպոզիտորի ստեղծագործությանը: Իսկ “Ortus” անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է սկզբնաղբյուր, սկիզբ, ծնունդ։ Ըստ կոմպոզիտորի՝ «Որոշեցինք անվանել “Ortus”, քանի որ այն իմ առաջին ձայնասկավառակն է և խորհրդանշում է նորի սկիզբ։ Բացի դրանից, ձայնասկավառակում ընդգրկված համանուն ստեղծագործությունը գրվել է հատուկ Հայկ Մելիքյանի համար, ուստի նման ընտրությամբ ես ցանկացա նաև ընդգծել նրա մեծ դերն ու կարևորությունն այս համատեղ նախագծում»…

Tatev Amiryan (1)Տաթև Ամիրյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (կոմպոզիցիայի և երաժշտագիտության ֆակուլտետներ), այնուհետև սովորել ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Նա գիտական զեկույցներով և կատարումներով հանդես է եկել մի շարք միջազգային հեղինակավոր կոնֆերանսներում: 2011-ին զեկույց-կատարմամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Սենտ Լուիս քաղաքում անցկացված Women In The Arts միջազգային կոնֆերանսում, 2013-ին՝ Լոնդոնի դաշնամուրային երաժշտության միջազգային սիմպոզիումին, ինչպես նաև՝ Հարթֆորդի կին կոմպոզիտորների փառատոնին: 2014-ին նա զեկույց է ներկայացրել Հավայան կղզիներում անցկացվող ամենամյա արվեստների և հումանիտար գիտությունների միջազգային կոնֆերանսում, իսկ 2015-ին մասնակցել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանում անցկացվող Hildegard Festival of Women in The Arts փառատոնին: 2015-ին Տ. Ամիրյանը դասախոսություններով և կատարումներով հանդես է եկել ԱՄՆ-ի Ֆլորիդայի և Քաննեքտիկուտի պետական համալսարաններում՝ որպես հրավիրված արտիստ: Նա ներկայումս դասավանդում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ex’pression արվեստների քոլեջում և պատրաստվում է ստանալ Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան:

Նարինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031