Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյանի գործ. Ոստիկանությունը չի կարող մեկ այլ անձի համար հայց ներկայացնել դատարան

Մայիս 06,2016 18:05

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչական դատարանում մայիսի 6-ին ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի գործով հերթական նիստն էր: Դատական նիստի ընթացքում Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը (լուսանկարում) երկու միջնորդություն էր ներկայացրել՝ կասեցնել գործի վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան:

Aravot.am-ի հետ զրույցում Տաթեւիկ Սիրադեղյանն ասաց, որ իրենք համարում են՝ տվյալ պարագայում ե՛ւ վարչական դատավարության, ե՛ւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը հնարավորություն են տալիս նման պարագայում ե՛ւ ոստիկանությանը՝ որպես համակարգ, դիմել դատարան, ե՛ւ կոնկրետ պաշտոնատար անձին. «Մենք գտնում ենք, որ կոնկրետ 172 պրիմ 3-րդ հոդվածի մասով պետք է հստակ սահմանվի, որ այդ գործով դատարան դիմելու իրավունք ունի այն պաշտոնատար անձը, ում վիրավորանքը հասցվել է: Դա միակ ճանապարհն է, որով տվյալ անձը կարող է իրականացնել իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:

Իսկ ոստիկանության համակարգը չի կարող մեկ այլ անձի իրավունքների պաշտպանության համար հայց ներկայացնել դատարան: Այս պարագայում վիճարկվում են Սահմանադրության 61-րդ եւ 62-րդ հոդվածները, որտեղ հստակ սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունք: Այսինքն՝ դա տրված է անձին, եւ յուրաքանչյուր անձ իր իրավունքների պաշտպանության համար ինքն է իրավասու դատարան դիմել»:

Նախորդ դատական նիստի ընթացքում Տաթեւիկ Սիրադեղյանը մեկ այլ միջնորդություն էր ներկայացրել գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ, քանի որ ըստ կողմի՝ Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հոդվածը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին: Դատարանը մերժել էր այս միջնորդությունը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս միջնորդությունները եւս մերժելու դեպքում Սահմանադրական դատարան դիմելու այլ մեխանիզմներ կա՞ն, Տաթեւիկ Սիրադեղյանը պատասխանեց, որ որոշակի մեխանիզմներ կան, որոնք հնարավորություն կտան դիմել Սահմանադրական դատարան, սակայն այս պահին այդ առնչությամբ կողմը հստակ դիրքորոշում դեռ չունի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031