Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այ էշ, ինչո՞ւ ես սուլում» արտահայտությունը վկայում է, որ Առուստամյանը չի սկսել կոնֆլիկտը». տուժողի ներկայացուցիչ

Մայիս 02,2016 16:13

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մայիսի 2-ին քննության առնվեց լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանի գործով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման օրինականության եւ հիմնավորվածության հարցը: Դատարանը մերժեց Առուստամյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` մարտի 17-ի որոշումը: Դիմորդ կողմը պնդում է, որ Առուստամյանի գործով պատշաճ եւ օրինական քննություն չի իրականացվել:

Հիշեցնենք,  որ մարտի 17-ին դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ կայացավ Գայանե Առուստամյանն ընդդեմ ՀՔԾ-ի բողոքի քննությունը: Դատարանը որոշեց մերժել Գայանե Առուստամյանի բողոքը: Գայանե Առուստամյանն այս տարվա մայիսի 8-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել` նախորդ օրը՝ մայիսի 7-ին, ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ:

Այսօրվա դատական նիստին Գայանե Առուստամյանը չէր ներկայացել, քանի որ բացակայում է ՀՀ-ից:

ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ, քննիչ Թադեւոսյանն իր հերթին դատարանին ասաց, որ կատարվել է արդյունավետ եւ բազմակողմանի քննություն, որին մասնացել է նաեւ Գայանե Առուստամյանը. «Որոշումը հիմնավոր է եւ դրա օրինականությունը ստուգվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Բողոքն անհիմն է եւ անօրինական: Պնդումը, թե որոշում կայացնելու համար հիմք են ընդունվել միայն ոստիկանների ցուցմունքները, թերի բացատրություն է, որովհետեւ Գայանե Առուստամյանի ցուցմունքները եւս հիմք են ընդունվել: Ոստիկանության կողմից ներկայացվել է տեսագրություն, իսկ Առուստամյանն ընդունել է, որ տեսագրության փաստերը համապատասխանում են իրականությանը: Բացի այդ, Գայանե Առուստամյանը ներկայացրել էր արյան մեջ շաքարի մակարդակը ստուգելու փաստաթուղթ` ասելով, թե դեպքից երկու օր անց նրա շաքարը բարձրացել է, սակայն փորձագետն արձանագրել է, որ ըստ բժշկական փաստաթղթերի, շաքարի մակարդակը նորմայի սահմաններում է»:

Քննիչը նաեւ ասաց, որ նախաքննության ընթացքում ի հայտ չեն եկել փաստեր, որոնք կհիմնավորեին, որ ոստիկանների գործողություններն ուղղված են եղել հենց լրագրողի դեմ. «Դեպքը սկսվել է հենց Գայանե Առուստամյանի նախաձեռնությամբ: Նա է մոտեցել ոստիկաններին եւ վիրավորել, հետեւաբար, տրամաբանական չէ ասել, որ ոստիկանների գործողություններն ուղղված են լրագրողի դեմ: Գտնում եմ, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումը հիմնավոր է»:

Դատավորը քննիչից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է բերման ենթարկվել Առուստամյանը: «Ոստիկանին վիրավորելու համար: Մոտեցել է ոստիկանին եւ ասել` էշ, ինչո՞ւ ես շվացնում: Ոստիկանն էլ ասել է, որ Գայանե Առուստամյանը վիրավորում է իրեն: Առուստամյանն ինքն իր ցուցմունքներում եւ հարցազրույցներում ընդունում է դա եւ այն, որ կոնֆլիկտն առաջացել է իր կողմից արտահայտած մտքի պատճառով»,-պատասխանեց քննիչը:

Մյուս հարցին, թե ի՞նչ կարիք կար ակտիվիստին ձեռնաշղթաներ հագցնել, նա պատասխանեց. «Ոստիկանները պարզաբանել են, որ ոստիկանին վիրավորելը իրավախախտում է: Հիմք ընդունելով այն, որ Գայանե Առուստամյանը երկրորդ անգամ չի ընդունում ոստիկանություն ներկայանալու փաստը, բերման են ենթարկել բաժին: Ձեռնաշղթան հագցրել են չենթարկվելու պատճառով: Տեսագրությունը կատարել են ոստիկանության աշխատակիցները եւ ներկայացրել հարցաքննության ընթացքում: Առուստամյանն ընդունել է, որ ինքն է նախահարձակ եղել»:

Ինչ վերաբերում է Գայանե Առուստամյանի ստացած մարմնական վնասվածքներին, քննիչի խոսքով. «Բերման ենթարկվելու ընթացքում հնարավոր են վնասվածքներ: Ոստիկանները նշել են, որ նա չի ենթարկվել բերման ենթարկվելու պահանջին եւ ոստիկանները, բնականաբար, ուժ են կիրառել, այդ ընթացքում էլ հնարավոր է` Գայանե Առուստամյանը ստանար վնասվածքներ»:

Գայանե Առուստամյանի ներկայացուցիչը` Տաթեւիկ Սիրադեղյանն էլ հակադարձեց` ասելով. «Այ էշ, ինչու ես սուլում» արտահայտությունը վկայում է, որ Գայանե Առուստամյանը չէր նախաձեռնել առաջին քայլը: Նա ասում է, որ այդ արտահայտությունը կատարել է ոստիկանի սուլոցից հետո` իրենից կես քայլ հեռավորության վրա: Հասնելով մայթ` նա այդ պահին չի իմացել, որ սուլողը ոստիկանության աշխատակից է եղել: Այդ պահին չի նկատել եւ հանկարծակիի գալով` արձագանքել է` ասելով` ինչո՞ւ ես սուլում, այ էշ»:

Դատավորը հարց ուղղեց ներկայացուցչին` «Գայանե Առուստամյանը գտնում է, որ ոստիկանը չպետք է սուլի՞»:

«Նա գտնում է, որ անմիջականորեն իր հետ է կապված եղել սուլոցը: Գտնում ենք, որ այդ պահին` տվյալ ժամին եւ տվյալ իրավիճակում, սուլելու իրավունք չուներ»,-ասաց Սիրադեղյանը: Իսկ տեսագրության մասով նա նշեց, որ միջոցներ չեն ձեռնարկվել` պարզելու` արդյոք տեսագրությունն ամբողջակա՞ն է:

«Գտնում եմ, որ դատարանի որոշումը մենք կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում, իսկ հետագայում բավարար հիմքեր կան` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար»,-դատական նիստի ավարտից հետո Aravot.am-ին ասաց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը:

Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանությունն էլ իր հերթին դիմել է դատարան` Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով` այն բանի համար, որ նա սուլելու միջոցով փողոցի երթեւեկությունը կարգավորող ոստիկանին ասել է՝ «Այ էշ, ինչի՞ ես սուլում»:

 
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031