Լրահոս
Օրվա լրահոսը

Նահատակված լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը բնակվում է գյուղի ճաշարանի շենքում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 27,2016 21:03

Քառօրյա պատերազմը ծանր հետեւանքներ ունեցավ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի համար. գյուղ մտնելուն պես տեսնում ես սեւ ժապավեններով փակցված Մոնթեի, Արմանի ու Արգիշտի անունները: Գյուղապետ Ստյոպա Չոբանյանն էլ մղկտում է՝ ասելով. «Ախր մի փոքր գյուղից երեք զոհ, բա սա լինելո՞ւ բան է»:

Վերջինս մեզ ուղեկցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին օրերս հանձնված 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանենց տուն: Հայրը՝ Արծվի Գաբոյանը, որն արցախյան պատերազմի մասնակից է, այժմ էլ պայմանագրային զինծառայող է Արցախում, մեծ հպարտությամբ է պատմում որդու հերոսության մասին: Նա որդուն վերջին հրաժեշտը տվել  է Թալիշում՝ մարտի դաշտում:

«Գիշերը ժամը 4-ին ես անձնակազմով եղա Թալիշում, ժամը 5-ի մոտ տեսնելով Արգիշտի վաշտի տղաներին, հարցրեցի՝ որտե՞ղ է նա: Արգիշտին գիշերը իր շորերն էր լվացել, երբ այդ դեպքերը եղել են, ձմեռային բաճկոնը չէր հագել, թեթեւ էր հագնված, ըստ երեւույթին մրսել էր, իջել էր տուն, որ շոր հագներ: Եկավ, մի պահ ես մեր տղաների հետ զրուցում էի, տեսա, որ մեկը էշելոնից իր անձնակազմին հանում է, մոտեցա, տեսա՝ Արգիշտիս էր: Ինձ տեսավ, ժպտալով ասաց՝ պա՛, էս ինչի՞ ես եկել: Ասի՝ ես չեմ եկել, գումարտակով ենք եկել, ասեց՝ պա, գյուղն ավիրեցին. ինքը Թալիշը համարում էր իր երկրորդ հարազատ գյուղը:

Հարցրեցի՝ տանը շա՞տ բան է եղել, ինքը Թալիշում վարձով էր ապրում, ասաց՝ ապակիները լրիվ ջարդվել են, ասի՝ պատերազմ է, բա ի՞նչ ես ուզում: Հարցրեցի՝ ապրել հնարավո՞ր է, ասաց՝ հա: Հետո ասաց, որ շտապում է, պիտի գնա  դիրքեր, ձախ կողմի վրա դիրքեր կան, որոնք ապրիլի 2-ին վերցրել էին թուրքերը, մեր զինվորները գիշերվա ընթացքում հետ էին վերցրել: Ասեց՝ դե լավ, պա, ես գնացի: Իջավ մի երկու բառ հետը խոսացի, համբուրվեցինք ու գնաց: Հետո հետ դարձավ, ժպտաց, որից հետո թեթեւ քայլերով գնավ անձնակազմի մոտ: Մենք էլ գնացինք մեր տեղը, մեր խրամատները, այնտեղից նայեցի, անձնակազմին տարավ, ոտքով մտան սարերի արանքը ու տեսադաշտից կորավ»:

Առավոտյան մարտական գործողություններ են սկսվել, որի ժամանակ զոհվել է դասակի հրամանատար գյումրեցի Հրաչ Գալստյանը: Արգիշտին, իմանալով այս մասին, վեց հոգանոց խումբ  է վերցրել ու ուզել է դուրս բերել դասակի հրամանատարի դին: Հայրը՝ Արծվի Գաբոյանը, հեռադիտակով տեսել է սա՝ որդուց գտնվելով երկու կիլոմետր հեռավորության վրա: Անցել է 10 րոպե, սկսվել է ուժեղ հրաձգություն ու դադարել է: Հետո զինվորները Արծվի Գաբոյանին պատմել են, որ լեյնտենանտ Գաբոյանը, իրենց պահելով ավելի ապահով տեղում, հրահանգել է, թե դուք ինձ կրակով պահեք, ես մտնում եմ դիրքեր:

Զինվորները դիրքավորվել են, թուրքերը, զգալով մարդ կա, փորձել են առաջ գալ, զինվորները վերեւից խփել են, թշնամին հետ է քաշվել, Արգիշտին այդ ժամանակ եղել է խրամատում ու  այդ ընթացքում վազելով՝ բարձրացել է դիրքեր, հրաձգություն է սկսվել, ու նա մինչեւ վերջին փամփուշտը կրակել է, որից հետո զինվորները չեն տեսել նրան:  Նրա մարմինը, հոր ասելով, թշնամին քաշել, տարել է  ուրիշ տեղ՝ երկար ժամանակ չտալով: Զինվորները գիշերով երկու անգամ փորձել են դիակները դուրս բերել, սակայն տեսել են,  որ լեյտենտատ Գաբոյանի դին չկա: Արգիշտի Գաբոյանի դին հանձնել են ամենավերջում. ադրբեջանական կողմը համոզված է եղել, որ նա կարեւոր բարձրաստիճան զինվորական է ու չեն տվել:

Արգիշտիի հորեղբոր որդին էլ, ուղեկցելով մեզ նրա սենյակ, ցույց տվեց Վազգեն Սարգսյանի անկյունը: Արգիշտին, դիմելով Վազգեն Սարգսյանի ընտանիքին, նկարներ ու նյութեր է ձեռք բերել, որպեսզի Վազգեն Սարգսյանի անվան թանգարան  բացի իրենց զորամասում: Ու քանի որ իր նպատակը կիսատ էր մնացել, հարազատները նրա հավաքածուն բերել, տեղադրել են Արգիշտիի սենյակում:

Արգիշտիի ընտանիքը թեեւ ոչ մի պահանջ չունի, սակայն նրանք ապրում են թշվառ պայմաններում՝ ցուրտ, կիսաքանդ մի շենքում, որը առաստաղները մգլած են, պատերը կիսափուլ, ջեռուցել հնարավոր չէ: Նրանք տուն չունեն,  գյուղապետից պարզեցինք, որ բնակվում են գյուղի ճաշարանում, «ճաշարան» ցուցանակն անգամ հանված չէ տան վրայից:

Gyumri_5

Gyumri_12

Gyumri_11

Gyumri_10

Gyumri_15

Gyumri_14

Gyumri_13

Gyumri_9

Gyumri_8

Gyumri_7

Gyumri_6

Gyumri_4

Gyumri_3

Gyumri_2

Gyumri_1

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930