Այսօր լրագրողները ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին փոխանցեցին հասարակության պահանջը՝ ուղղված իշխանության ներկայացուցիչներին՝ վաճառեք ձեր ունեցվածքը եւ ուղղեք բանակին՝ արդիական զենք ձեռք բերելուն: Վարդան Այվազյանը հարցից բորբոքվեց ու սկսեց լրագրողներին վիրավորել. «Հլը ձեզ ֆինանսավորողից սկսեք»:
Նա ասաց, որ երկրի պաշտպանությանն աջակցելուն երկու ձեռքով կողմ է, բայց դեմ է այդպես ամպագոռգոռ պատվիրված հարցադրումներին. «Այ, քեզ ով ֆինանսավորում է, քեզանից սկսի: Ցավո՞ւմ ա արդեն»: Նա մեղադրեց պատվեր կատարելու մեջ:
Հետո բացատրեց. «Գիտեք ինչ կա, եթե պետությունով պետք է հավաքվենք, բոլորով ունեցվածքը վաճառենք՝ ես խնդիր չեմ տեսնում: Եթե տունս պահպանելու համար պետք է վաճառեմ՝ վաճառեմ, բայց մի-երկու պրոբլեմ կա, առնողին գիտե՞ս»:
Լրագրողները պատասխանեցին՝ առնող չկա, որովհետեւ ժողովրդի 80 տոկոսը աղքատ է՝ նա նետեց. «Եթե ժողովրդի մի մասնիկը դուք եք, ես չեմ տեսնում, որ դուք էդքան աղքատ եք»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք մարդկանց հագուկապո՞վ եք որոշում ով է հարուստ, ով՝ աղքատ, նա պատասխանեց. «Բա ինչո՞վ եմ որոշում»:
Երբ խոսք գնաց աղքատ բնակչության ֆոնին պաշտոնյաների ճոխ կյանքի մասին՝ նա արձագանքեց. «Ի՞նչ ճոխ կյանք, օրինակ, իմ ճոխը ո՞րն ա: Ով որ դղյակներ ունի՝ նրանց ասեք: Ես դրանց թվին դասվում եմ, թե չեմ դասվում՝ չեմ կարող ասել»:
Հարցին՝ քանի՞ տուն ունեք՝ նա պատասխանեց. «35 հատ, հերի՞ք ա ձեզ: Ընձի մի հատը բավարար է, իսկ դո՞ւք քանի հատ ունեք, իսկ ձեր սայթը պահո՞ղը քանի հատ ունի: Եկել եք ինձ մեղադրում եք՝ սա նորմա՞լ եք համարում: Բարի եղեք իշխանություններին սաղին մի արշինով մի չափեք»:
Հետո նա լրագրողներից մեկին ասաց. «Կամերան անջատի՝ ասեմ, հաբրգում ես, սկսում ես վիրավորել»:
Լրագրողների զարմանքին՝ ե՞րբ ենք վիրավորել, հարց ենք տալիս պաշտոնյաների ունեցվածքի մասին՝ նա արձագանքեց. «Գնացեք ձեր տիրոջը ասեք: Տանձի մեշոկը դարձել են պատգամավորները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ