Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Ս.Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցում

Ապրիլ 21,2016 15:21

Երևանի Ս.Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի մոր՝ Լիլիթ Շահբազյանի ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ապրիլի 20-ին հիվանդանոց են տարել: Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ պատճառն իր 11-ամյա որդու հետ դպրոցում պատահած միջադեպն է:

Ծնողը պնդում է, որ տեխնոլոգիայի ուսուցիչ Ալեքսան Գյոզալյանն այնպես է ոլորել տղայի ականջը, որ երեխան կզակով բախվել է աշակերտական սեղանին, հետո ստիպել է, որ այլ աշխատանք կատարի, կոպիտ բառեր է ասել, տղան էլ հակադարձել է, թե «այդ էշությունը չեմ կատարի»:

Ծնողը նշում է, որ ուսուցիչն անընդհատ երեխայի արժանապատվությունը նսեմացրել է, հիվանդ է անվանել, վերջին հանդիպմանն անգամ իր հասցեին է նույնպիսի որակում արել:

Ընդ որում, մասնագիտությամբ հոգեբան ծնողի պատմելով, երեխան գերազանցիկ է, կիթառահար, փառատոներից մրցանակներ բերած մեկը, որը դպրոցի միջոցառումներին միշտ սիրով ելույթ է ունենում: Ինչ վերաբերում է տեխնոլոգիա առարկային, ասում է՝ ամբողջը գծագրություն է, ստիպված են «շուռուպ» ու «դռելի մասեր» նկարել:

Ծնողի ասելով, այդ միջադեպին միջամտել է ամուսինը, որից հետո տնօրեն Աշոտ Ավետիսյանը ոստիկանություն է զանգահարել, արդյունքում՝ 11-ամյա աշակերտն ու հայրը մի քանի ժամ անցկացրել են ոստիկանական բաժանմունքում:

Լիլիթը չի կարողացել դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քանի որ նյարդային վիճակում է գտնվել, իր պատմելով թիվ 2 հիվանդանոցում՝ դեղերի ազդեցության տակ: Այժմ նա չի ցանկանում, որ երեխան րոպե ավել մնա այդ դպրոցում:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը կատարվածի վերաբերյալ Aravot.am-ին փոխանցեց, որ վարչությունը րոպեներ անց տեղյակ է եղել միջադեպին՝ դպրոցից են զանգահարել:

«Դաստիարակության գծով փոխտնօրենը զանգել եւ զեկուցել է, որ դպրոցում տհաճ միջադեպ է եղել եւ պատմել է հետեւյալը, որ 6-րդ դասարանում տեխնոլոգիայի ուսուցիչը հանձնարարություն է տվել, իսկ երեխաներից մեկը չի կատարել աշխատանքը՝ ասելով, թե էս էշությունը չեմ նկարելու: Ուսուցիչն ասել է տեսական մասը կարդա՝ դաս եմ հարցնելու:

Ուսուցչի ասելով, երեխան անընդհատ պահանջում է, որ բարձր նշանակեն, երբ գնահատականը ցածր է լինում, դիմացինին է մեղավոր համարում: Ամեն դեպքում, ուսուցիչը փորձել է անկյուն չսրել: Ինքը մեկ-երկու տարի առաջ երեխային ասել էր՝ դու շեղումներ ունե՞ս, ու ծնողի հետ լեզվակռվի նման բան էր եղել:

Հիմա դպրոցի տնօրենը վստահ չէ՝ ուսուցիչը խփե՞լ է, թե՞ ոչ, ուսուցիչն ասում է՝ վզակոթին մի թեթեւ հասցրել եմ: Ինքը հաղթանդամ տղամարդ է, երեխան նվազ, եթե իսկապես հարվածեր, ուրիշ հետեւանք կլիներ:

Նշեմ, որ տնօրենը միջանցքում խնդիրը պարզաբանող ծնողին եւ ուսուցչին ներս է հրավիրել, սակայն տղայի մայրը չի ցանկացել ներս մտնել, ասել է՝ ամուսինը կգա: Տնօրենը ցանկացել է մինչեւ հոր գալը գոնե ուսուցչի հետ հասկանալ, թե ինչ է եղել: Ուսուցիչը նույնիսկ ասել է՝ գուցե սխա՞լ եմ արել, հենց էս վայրկյանին պատրաստ եմ եւ ծնողներից, եւ երեխայից ներողություն խնդրել, բայց թող գան, հասկանանք՝ ինչի՞ց են վիրավորված:

Աշակերտի հոր հետ պարզաբանումների արդյունքում ոչ միայն տեխնոլոգիայի ուսուցիչը, այլեւ եւս երկուսը, հարվածներ են ստացել, դպրոցից ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Ծնողը հրավիրվել է բաժին:

Ինչ վերաբերում է տեխնոլոգիայի ուսուցչին, նա դատաբժշկի ուղեգիր ունի, ու այսօր չի եկել դպրոց: Մի խոսքով, վարչությունը հետեւողական է, թե ինչ կլինի հետո, ցույց կտան համապատասխան մարմինները»,-հայտնեց հանրակրթության վարչության պետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Ինքս էլ լինելով Սպանդարյանի շրջանավարտ ու ճանաչելով պարոն Գյոզալյանին վստահաբար կարող եմ ասել, որ նա անտեղի ո՛չ աշակերտին, ո՛չ էլ առավել ևս ծնողին չէր վիրավորի: Ու լինելով դպրոցի ամենախիստ ուսուցիչներից մեկը, այդ խստությունը չէր խանգարում, որ ամենասիրվածներից մեկը լիներ: ԵՎ կոնկրետ ինձ համար թերևս դպրոցի ամենասիրելիներից մեկն էր:
    Իսկ “վզակոթային հարվածներ”-ը այն աստիճանի չեն եղել, որ ծնողին նման ողբերգական վիճակի հասցներ: Ինձ թվում է ամեն դեպքում և երեխան, և ծնողը չափի զգացողությունից թույլ են:
    Ու պետք չի առանց մարդուն ճանաչելու վիրավորել անձը…

  2. Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի Մերի Հարությունյան, մենք որեւէ կողմին վիրավորելու միտում չունենք, մանավանդ նյութում ներկայացվել են երկու կողմերի տեսակետները:

  3. Արեգ says:

    Ես նույնպես արդեն 7 տարի է ինչ Ս․Սպանդարյանի շրջանավարտ եմ, և մինչև հիմա դրսում պարոն Գյոզալյանին հանդիպելիս շնորհակալություն եմ հայտնում իմ վրա այսքան լավ ազդեցություն ունենալու համար։ Եվ իմ կարծիքով երեխաներին <> մեջ մեցացնելը այդքան էլ հաճելի արդյունք չի ունենա (հատկապես տղաների հարցում)։

  4. Անի Ավդալյան says:

    Երբ երեխային տանը սովորեցնում են հարգել ուսուցչին, երբ վատ առաջադիմության պատճառները ծնողները նաև երեխայի մեջ են փնտրում, ոչ թե շտապում մեղադրել դասավանդողին, երբ ուսուցչին կոպտելը կամ դասարանում անվայել պահվածքը անընդունելի են, այլ ոչ թե “հերոսություն” են համարվում նաև նմանատիպ կիսաանդաստիարակ դասարանցիների կողմից, նման միջադեպեր չեն լինում: Ես էլ եմ ուսանել 24 դպրոցում, ինձ էլ է ժամանակին դասավանդել պրն. Գյոզալյանը, որը ոչ միայն իմ, այլև բոլոր դասարանցիներիս (և համոզված եմ, աշակերտների մեծ մասի) սերն ու հարգանքն է վայելում առ այսօր: Նա հրաշալի մասնագետ է, հարգարժան անձնավորություն, որը ոչ միայն ուսուցիչ, այլ ավագ ընկեր է եղել բոլորիս համար: Շատ ցավում եմ, որ երեխայի կողմից փաստերի ակնհայտ (վստահ եմ դրանում) խեղաթյուրման և նաև ծնողների ոչ ադեկվատ արձագանքի պատճառով անտեղի վարկաբեկվում է հրաշալի անձնակազմով առաջատար ուսումնական հաստատություն:

  5. Լինելով Ս. Սպանդարյանի անվան դպրոցի նախկին պատմության ուսուցիչ և շատ լավ ճանաչելով Ալեքսան Գյոզալյանին՝ ինձ իրավիունք եմ վերապահում արձագանքել և իմ կարծիքն արտահայտել այս ցավալի միջադեպի առիթով: Իմ կարծիքով մանկավարժությունից և դպրոցից հեռու ոչ մի մարդ իրավունք չունի ցեխոտել 40 տարվա մանկավարժական փորձ ունեցող մի անձի անունը, ով արժանիորեն վաստակել է բազմանդամ կոլեկտիվի անդամների և հազարավոր աշակերտների սերն ու հարգանքը:
    Ալեքսան Գյոզալյանը դպրոցում և դպրոցից դուրս հայտնի է որպես գրագետ, բանիմաց, ազնիվ, աշակերտի հոգսով ապրող,հումորի զգացումով օժտված,ինչու չէ,նաև խստապահանջ,բայց շատ սիրված մանկավաժ:
    Շատ հետաքրքիր է իմանալ, թե հոգեբան- ծնողն ինչպես իրեն կդրսևորի, երբ իր զավակը նրա խնդրանքը կամ պահանջը արհամարհի և անվանի «էշություն»:Եվ պետք չի մոռանալ, որ մանկավարժը երեխայի երկրորդ ծնողն էև կյանք ու հոգի է դնում այդ երեխայի կրթության և դաստիարակության գործում:
    ժամանակակից շատ ծնողների թվում է, թե իր երեխային թույլատրելի է ամեն ինչ,իսկ մանկավարժը,«ժամանակի պահանջներից ելնելով»,պետք է հրաժարվի իր կոչումից ու սկզբունքներից և դառնա խաղալիք ծնողների և երեխաների ձեռքին:
    Այն փաստը, որ ծնողն իրեն իրավունք է վերապահում «հաշիվ մաքրել»մանկավարժի հետ դպրոցի ներսում, կոլեկտիվի անդամների և այլ երեխաների ներկայությամբ, մտածելու և խիստ անհանգստանալու տեղիք է տալիս:
    Հարգելի՛ լրագրողներ, նախքան որևէ հոդված հրապարակելը, հատկապես եթե խոսքը վերաբերվում է դպրոցին և մանկավաժին, մանրակրկիտ ուսումնասիրե՛ք միջադեպին առնչվող բոլոր փաստերը,որպեսզի անզգուշորեն արտաբերված որևէ մի բառ չխաթարի ոչ հեշտությամբ ձեռք բերված հեղինակությունը:
    Հարգելի՛ ծնողներ, դադարեցրե՛ք փորձել ազդեցություն գործել դպրոցի և մանկավարժների վրա՝ ելնելով Ձեր «սոցիալական ստատուսից»: Ժամանակն է ուշքի գալ և հասկանալ, որ դպրոցը եղել է և առաջվա նման մնում է այն օջախը, որտեղ ոչ միայն կրթում, այլ նաև ձևավորում են ՄԱՐԴ:
    Հարգանքներով՝ Ս. Սպանդարյանի անվան նախկինում միջնակարգ, այժմ հիմնական դպրոցի նախկին պատմության ուսուցիչ՝Արթուր Բաղդասարյան

  6. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հենց որ որեւէ դպրոցի մասին անգամ թեթեւ քննադատություն է լինում, տնօրենը միանգամից «մոբիլիզացնում մարդկային ռեսուրսը» եւ կազմակերպում է «վրդովված ծնողների եւ մանկավարժների հակահարվածներ»:

    • Թագուհի Բաղդասարյան says:

      Պրն․ Աբրահամյան դժվար թէ պրն․ Ավետիսյանը այդքան անգործ լիներ որ ինչոր բան կազմակերպեր։ Վստահ եմ դուք ել եք այն ծնողներից վոր դաստյառակում են իրենց երեխաներին չհարգել իրենց ուսուցչին և դրսևորել անհարգալից վերաբերմունք։ Պրն․ Գյոզալյանը մեծատառով անձնավորություն է, հարգելի ուսուցիչ և ուղակի լավ մարդ։ Հարգելի ծնողներ միքիչ ջանք գործադրեք և դաստյառակեք ձեր զավակներին։ Հարգանքներով Ս․ Սպանդարյան դպրոցի սան ով գրում Ամերիկայի Միացյալ Նահանգներից։

  7. Պարոն Աբրահամյան, դպրոցի տնօրենը, որքան էլ հզոր լինի ,չի կարող մոբիլիզացնել օվկիանոսից այն կողմ գտնվող մարդուն:Ուղղակի գրում են սրտացավ մարդիկ ,ում համար դպրոցի անունը և մանկավաժի հեղինակությունը վեհ են ամեն ինչից, ովքեր պարտական են իրենց ուսուցիչներին և ցավով են հետեում , թե ինչպես է կործանվում դպրոցը: Նման անտարբեր վերաբերմունքն ու մեկնաբանություններն են ավիրում դպրոցները և հեղինակազրկում ուսուցիչներին: Եվ դրա համար չեք խնայում ոչ մի միջոց: ՈՒր ենք հասել…դպրոցի ներսում ուսուցիչ են ծեծում և պարզվում է կան պաշտպաններ:
    Միջադեպի մասին կարդացել եմ լուրերով : Խոսքը այնքան հարգարժան և վեհ մարդկանց մասին է, որ կարծում եմ աշակերտների և ուսուցիչների մի հզոր բանակ կկանգնի նրանց թիկունքում: Մարդիկ իրենց ամբողջ կյանք են նվիրաբերել դպրոցին ու երկրին տվել արժանի զավակներ

  8. Հարգելի Գոհար Հակոբյան, Ձեր հոդվածից կարելի է հասկանալ, որ Լիլիթ Շահբազյանի ինքնազգացողությունը վատացել է երեխայի վիճակից կամ Ա.Գյոզալյանի այսպես ասած վիրավորանքից: Այնինչ, նրա վիճակը, եթե իրոք վատացել է, ապա դա եղել է ամուսնու գործած վայրագությունից հետո: Որովհետև Լիլիթ Հակոբյանը անընդհատ կրկնում էր.
    -Էս ինչ արիր Աշոտ, էս ինչ արիր Աշոտ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930