Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը պետք է քննի՝ «այ էշ, ինչի՞ ես սուլում» Գայանե Առուստամյանի խոսքերը վիրավորանք են, թե՝ ոչ. (Տեսանյութ)

Ապրիլ 19,2016 21:50

Այսօր վարչական դատարանում շարունակվեց ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ ոստիկանությունը դիմել է դատարան՝ Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, այն բանի համար, ըստ ոստիկանության  հայցի, որ սուլելու միջոցով փողոցի երթեւեկությունը կարգավորող ոստիկանին  Գայանե Առուստամյանը ասել է՝ «Այ էշ, ինչի՞ ես սուլում»:

Aravot.am-ի հետ զրույցում Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանն ասաց, որ ոստիկանության ներկայացուցիչը ցանկանում էր մի փաստաթուղթ ներկայացնել դատարանին, սակայն նրա առարկությունների արդյունքում նա հրաժարվեց այն ներկայացնել: Սիրադեղյանի պատմելով՝ փաստաթուղթը վերաբերում է հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կայացված քրեական վարույթը կարճելու մասին որոշմանը՝այն որպես ապացույց գործով կցելուն: Այդ որոշումը դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ Գայանե Առուստամյանի ներկայացուցչի կողմից այն բողոքարկվել է, եւ այն դեռ բողոքարկման փուլում է՝ վերաքննիչ քրեական դատարանում, եւ ինչպես ասաց Սիրադեղյանը,  հետեւաբար այդ փաստաթուղթը ոստիկանության ներկայացուցիչը հետ վերցրեց, չներկայացրեց դատարանին:

Գայանե Առուստամյանի ներկայացուցչի խոսքերով՝ «Ես նաեւ միջնորդություն ներկայացրեցի գործի վարույթը կասեցնելու եւ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Մասնավորես այն հիմքով, որ Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության  79-րդ հոդվածին: Այսինքն՝ բավարար չափով, հստակ չի սահմանվում, թե ինչպիսի վարքագիծը պետք է դիտարկել որպես արգելված վարքագիծ, եւ հնարավորություն տալ, որպեսզի անձը հստակ պատկերացում կազմի, թե որ վարքագիծն իր կողմից կարող է դիտարկվել որպես իրավախախտում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172 Պրիմ 3-րդ հոդվածը սահմանում է որպես իրավախախտում  ոստիկանության ներկայացուցչին կամ զինծառայողին վիրավորելը, սակայն չի սահմանում, թե ինչպիսի վարքագիծն է համարվում վիրավորանք, եւ ինչպիսի վարքագիծ դրսեւորելու պարագայում անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության»:

Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունը քննարկելու հիմքով դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել, հաջորդ նիստի օր նշանակվեց մայիսի 6-ին, ժամը 14.45-ին:

Տաթեւիկ Սիրադեղյանի խոսքերով՝ Վարչական պատասխանատվության ենթարկելը տվյալ իրավախախտման դեպքով պատժվում է 50 հազար դրամ տուգանքով:

Ըստ էության, Սիրադեղյանի ներկայացրած միջնորդությամբ, դատարանը պետք է քննի՝ արդյոք «այ էշ, ինչի՞ ես սուլում» արտահայտությունը վիրավորա՞նք է, քանի որ վերոնշված հոդվածներում չկա հստակ սահմանում, որ արտահայտությունն է համարվում վիրավորանք ոստիկանի հանդեպ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930