Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության կոչերը ոչինչ են, եթե ահաբեկչական պետության հանդեպ կոնկրետ պատժամիջոցներ չեն կիրառվելու

Ապրիլ 19,2016 14:38

Ասված է ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված Նաիրա Զոհրաբյանի ելույթում

Հարգելի գործընկերներ,

Ինչպես արդեն գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանը, կիրառելով ծանր ռազմատեխնիկա՝ տանկեր, հրետանի և օդուժ, 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենալայնամասշտաբ ռազմական գործողությունը սկսեց՝ թիրախ դարձնելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման ողջ գիծը, այլ նաեւ՝ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական անձանց։

Կրկին զոհեր, վիրավորներ, դպրոցից այդպես էլ տուն չհասած երեխա, ով սպանվեց, որովհետեւ բռնապետ Ալիեւը հերթական անգամ թքած ունի միջազգային բոլոր պարտավորությունների եւ պայմանագրերի վրա։ Ադրբեջանական զինուժն ու վարձկան ահաբեկիչները խոշտանգեցին ու գլխատեցին ռազմագերիների եւ կոմբատանտների՝ այդ ամենը, ահաբեկչական կազմավորումների ոգուն հավատարիմ, նկարահանելով եւ ցուցադրելով հայատյաց իր ներքին լսարանին։

Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, որովհետեւ միայն ահաբեկչական պետությունն ու ռազմական հանցագործ ռեժիմը կարող էր ընդամենը մեկ օր իր զինուժի վերահսկողության տակ գտնված Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի խաղաղ բնակչության հետ վարվել այնպես, ինչը արեցին Ալիեւի վարձկանները. գյուղում մնացած խաղաղ բնակիչներին խոշտանգեցին ու սպանեցին՝ որպես ռազմավար կտրելով սպանվածների ականջները։

Ակնհայտ է, որ Ալիեւի ռեժիմը գնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական հանգուցալուծման, եւ նման արկածախնդրության հետեւանքների ողջ պատասխանատվությունը լինելու է Ադրբեջանինը։ Ալիեւն իր ռեժիմը պահելու համար սեփական զինվորներին դարձրել է թնդանոթի միս, որովհետեւ հայր եւ որդի Ալիեւները բազմիցս համոզվել են, թե ինչո՞վ է ավարտվում Ալիեւների արկածախնդրությունը։

Հարգելի գործընկերներ,

Նման իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, որպես 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կողմ, լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ ապրելու իրավունքը: Սրանում որեւէ մեկը թող չկասկածի։

Մենք մշտապես հրավիրել ենք միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը՝ կոչ անելով սանձել Բաքվի ագրեսիան, հրաշալի գիտակցելով, թե ինչի կարող է բերել Ալիեւի արկածախնդրությունը։ Մինչդեռ, միջազգային հանրությունը լուռ էր, երբ Ադրբեջանը սպառնում էր պատերազմով, լուռ էր, երբ Ալիեւի ռեժիմը հերթական նոր սպառազինության ֆոտոսեսիան էր կազմակերպում, լուռ եք նաեւ այսօր։ Խաղաղության կոչերը ոչինչ են, եթե ահաբեկչական պետության հանդեպ կոնկրետ պատժամիջոցներ չեն կիրառվելու։

Ադրբեջանը խախտել է ԵԽ անդամակցության իր պարտավորությունները եւ այդ երկիրը չպետք է տեղ ունենա Եվրոպայի Խորհրդում։ Այդ երկրի հանդեպ սանկցիաները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին ցանկացած ահաբեկչական ռեժիմի հանդեպ։

Հարգելի գործընկերներ,

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ զինադադարից հետո ամենալայնամասշտաբ այս ռազմական գործողությունները սանձազերծել է հենց ինքը։

Դիմում եմ ԵԽԽՎ անդամ այն երկրներին, որոնք ունեն արբանյակային հետախուզության հնարավորություն. հանեք այդ տվյալները եւ թող պարզվի, թե ո՞վ է սկսել ռազմական ագրեսիան եւ ո՞վ պիտի ճանաչվի ագրեսոր։ Դա շատ պարզ է։

Եվ եթե մենք ժամանակին կանխեինք բռնապետական Ադրբեջանի քայլերը, այսօր չէին զոհվի զինվորներ, քաղաքացիական անձիք, անմեղ երեխաներ։ Ու քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է լռել, պատերազմի վերսկսումը կարող է ընդամենը ժամերի հարց լինել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930