Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեցին Կովկասյան բարոմետր 2015-ի արդյունքները

Ապրիլ 15,2016 16:18

Երևան, Հայաստան: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրապարակեց Կովկասյան բարոմետր 2015-ի՝ Հարավային Կովկասի երկրներում ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով 2004թ.-ից ի վեր իրականացվող հանրային կարծիքի հետազոտության արդյունքները: Դրանք հարուստ տեղեկատվություն են պարունակում տարածաշրջանում սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ:

2015թ. հարցումն անցկացվել է միայն Հայաստանում և Վրաստանում՝ պատահականորեն ընտրված 4200 տնային տնտեսություններում (1869 և 2251՝ համապատասխանաբար): Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հանրությանն առավել հուզող հիմնահարցերը թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում շարունակում են մնալ գործազրկությունն ու աղքատությունը. գործազրկությունը որպես կարևորագույն խնդիր մատնանշել են 2015թ. Հայաստանում հարցվածների 40 տոկոսը, Վրաստանում՝ 51 տոկոսը, իսկ աղքատությունը՝ համապատասխանաբար 17 և 16 տոկոսը:

Հետաքրքիր է, որ իրենց երկիրը ոչ ժողովրդավարական համարողների բաժինը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է` 2015թ. Հայաստանում հարցվածների շրջանում կազմելով 32 տոկոս (2013թ. 28 տոկոսի դիմաց), իսկ Վրաստանում` 17 տոկոս (2013թ. 11 տոկոսի դիմաց): Ի դեպ, իրենց երկիրը ոչ ժողովրդավարական էին համարել 2013թ. Ադրբեջանում հարցվածների 18 տոկոսը :

Հանրային կառույցների նկատմամբ նվազող վստահության համատեքստում շահեկանորեն առանձնանում են բանակն ու եկեղեցին: Բանակին լիովին և ավելի շուտ վստահում է 2015թ. Հայաստանում հարցվածների 76 տոկոսը (2013թ.՝ 62 տոկոս), իսկ Վրաստանում՝ 74 տոկոսը:

Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ նոր հարցերի պատասխանները ցույց են տալիս, որ 2015թ. հարցվածների միայն 15 տոկոսն է հավանություն տալիս առաջիկա սահմանադրական բարեփոխումներին, և 9 տոկոսը՝ կուտակային կենսաթոշակային համակարգին:

Ըստ հետազոտության արդյունքների՝ ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի հասարակությունը մեծապես սատարում է երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (համապատասխանաբար՝ 21 և 52 տոկոս): Եվրոպական միությանն անդամակցելուն հավանություն է տվել Հայաստանում հարցվածների 37 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 41 տոկոսը:

Չնայած տարածաշրջանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական բարդ զարգացումներին, մարդիկ շարունակում են ապրել և արարել. 2015թ. Հայաստանում և Վրաստանում հարցվածների երջանկության միջին ինքնագնահատականը համապատասխանաբար կազմել է 6.5 և 6.6 միավոր (1-10 սանդղակով) :

Հարավային Կովկասում հասարակագիտությունն ու հանրային քաղաքականությունը զարգացնելու առաքելությանը հավատարիմ՝ ՀՌԿԿ-ն ազատորեն հասանելի է դարձնում տվյալների շտեմարանները, գործիքներն ու հարակից փաստաթղթերը Կովկասյան բարոմետրի և ՀՌԿԿ-Հայաստանի կայքերում :
ՀՌԿԿ-Հայաստանն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930