Այն, ինչ այս պահին կատարվում է ԵԿՄ Շիրակի մարզային գրասենյակում բառերով նկարագրել հնարավոր չէ, տեսնել է պետք. գրասենյակ են գալիս թե՛ մեծ թվով երիտասարդներ, թե՛ տարեց մարդիկ, անգամ կանայք՝ Ղարաբաղ գնալու, հայրենիքը պաշտպանելու համար:
Այս գրասենյակում չեն հասցնում անգամ հեռախոսազանգերին պատասխանել. Շիրակի մարզի տարբեր գյուղերից մարտական տրամադրված զանգահարում ու գալիս են գրասենյակ, շատերն էլ զանգահարում են, հորդորում են արագ գրանցել իրենց տվյալները մինչեւ որ գյուղերից կհասնեն Գյումրի:
Հենց նոր ականատես եղանք մի պատմության. ԵԿՄ գրասենյակ ներկայացած մի երիտասարդի, որը պնդում էր, որ ինքն անպայման հենց այսօր Ղարաբաղ է գնալու, թուրքին իր տեղն է ցույց տալու, ԵԿՄ գրասենյակում ասում էին՝ բայց դու փոքր երեխա ունես, կինդ էլ հղի է, ի պատասխան վերջինս նեղված հայտարարեց. «Հենց նրանց համար եմ գնում, նրանց ապագայի, իմ կինն ու երեխաները իմ հայրենիք են, արագ գրանցեք ինձ՝ առանց առարկելու»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ