Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով երկրի Ազգային մեծ ժողովի պատգամավոր ընտրված հայազգի Սելինա Դողանը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Զատիկի կապակցությամբ, «ձու է կռվեցրել» Թուրքիայի խորհրդարանում։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Զատիկին սովորաբար կատարվող այս գործողությանը Սելինա Դողանին ընկերակցել է Ժողովրդահանարապետական կուսակցության մեկ այլ պատգամավոր Մեհմեթ Թյումը, ինչից հետո հայազգի կին պատգամավորը ներկված ձվեր և Զատիկի քաղցրավենիքներ է բաժանել երկրի խորհրդարանում գտնվող լրագրողներին։
Դողանը, մեկնաբանելով իր արարքը, ասել է. «Այս տարի Զատիկը նշվելու է մարտի 27-ին։ Քանի որ տոնը համընկնում է գարնան հետ, ձվերը ներկելու մշակույթը խորհրդանշում է գարունը։ Ես էլ ցանկացա գարունը խորհրդանշող Զատիկի ուրախությունը կիսել Մեջլիսում։ Մաղթում եմ, որ Զատիկը խաղաղություն և կայունություն բերի ամբողջ մարդկությանը»։