Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր ժամանեց Երեւան:
Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը անվանի դարպասապահի հրաժեշտի խաղն է լինելու ազգային հավաքականի կազմում:
«Զվարթնոց» օդանավակայանում Ռոման Բերեզովսկուն դիմավորեցին ՀՖՖ ներկայացուցիչները, լրագրողները եւ «Ռեդ Իգլզ» ՖԱՆ ակումբի անդամները:
Aravot.am-ը դեպի Երեւան ճանապարհին զրուցեց լեգենդար դարպասապահի հետ:
Կարդացեք նաև
-Ի՞նչ ես զգում հավաքականին վաղը պաշտոնապես հրաժեշտ տալուց առաջ:
-Մինչեւ վերջ դեռ չեմ պատկերացնում: Երեւի վաղը ստադիոնում կզգամ:
-Հայաստանի ազգային հավաքականի կազմում ո՞ր խաղում ես ամենից շատ հուզվել:
-Հավաքականի կազմում իմ առաջին խաղում, Պորտուգալիայի հետ հանդիպման ժամանակ:
-Կա՞ խաղ, որը չես ցանկանում հիշել:
-Եվրո 2012-ում Իռլանդիայի հետ հանդիպումը, երբ մրցավարը կարմիր քարտով ինձ հանիրավի հեռացրեց: Մենք այդ տարի լավ շանսեր ունեինք:
-Իսկ հավաքականում ամենատխուր օրը ո՞րն է:
-Այդ օրը երեւի վաղը կլինի:
-Խոսենք այսօր Հայաստանի ֆուտբոլային կյանքի ամենաթեժ թեմաների մասին: Հավաքականի մի քանի փորձառու ֆուտբոլիստներ չեն հրավիրվել Բելառուսի հետ խաղին: Ի՞նչ կասես:
-Ես Մոսկվայում եմ լինում եւ դրա մասին քիչ տեղեկություն ունեմ: Ֆուտբոլիստ հրավիրել-չհրավիրելը մարզչի գործն է: Իմ կարծիքով, դա հավաքականի համար կորուստ է: Երեք ֆուտբոլիստի բացակայությունը շատ է: Եթե նրանք չեն լինելու հավաքականում, պետք է երիտասարդները արագ աճեն:
-ՀՖՖ նախագահը Եվրո 2012-ի ընտրական փուլում Ալբանիայի հավաքականից այստեղ կրած պարտությունից հետո հայտարարեց, որ դավաճանություն է եղել:
-Ես այդ հանդիպմանը չեմ մասնակցել ու Երեւանում չեմ եղել: Բայց ասեմ, որ ՀՖՖ նախագահը մաքսիմալիստ է: Նա հավաքականից բոլոր խաղերում առավելագույն ներդրվածություն ու հաղթանակ է պահանջում: Առավելս եւս, Ալբանիայի հետ խաղում, որին չէր կարելի պարտվել հարազատ հարկի տակ: Գուցե, պարոն Հայրապետյանի մեջ էմոցիանե՞րն են գերիշխել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ