Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի բողոքը

Մարտ 17,2016 12:42

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանը հրապարակեց Գայանե Առուստամյանի գործով որոշումը: Ըստ որի դատարանը որոշեց մերժել ներկայացած բողոքը:

Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը օբյեկտիվ չմոտեցավ բողոքին, որովհետեւ բավարար չափով փաստական հանգամանքներ են ներկայացրել. «Բավարար ապացույցներ կային, որ նախաքննության մարմինը պատշաճ իրավական գնահատականներ չի տվել ոստիկանության գործողություններին, որոնց հետեւանքով Գայանե Առուստամյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել եւ փաստորեն, մինչ հիմա նա գտնվում է բուժման մեջ: Այսինքն՝ առավել քան ակնհայտ է, փաստաթղթավորված եւ հիմնավորված էր ոստիկանության գործողությունների եւ առողջական խնդիրների կապը, որի վերաբերյալ մենք դեռ նախաքննության ընթացքում էինք միջնորդություն ներկայացրել դատահոգեբանական եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, բայց նախաքննություն իրականացնող մարմինը մերժել էր: Այնպես որ` հերթական անգամ մենք ականատես ենք լինում, որ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվում է քրեական գործը բավարար հիմքերի առկայության հիմնավորմամբ, բայց նախաքննության ընթացքում գործը կարճվում է՝ չապացուցված լինելու հիմնավորմամբ, եւ դատարանը պատշաճ քննություն չի իրականացնում»:

Artur_SaquncԱրթուր Սաքունցը նշեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը. «Չեմ ուզում կանխորոշել, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի վերաքննիչ դատարանը կամ վճռաբեկ դատարանը, որովհետեւ իրապես անկանխատեսելի են մեզ մոտ դատական իշխանությունները: Բայց ելնելով նախորդած պրակտիկայից՝ իհարկե՛, ակնկալել արդարադատություն եւ արդարացի մոտեցում շատ քիչ հավանական է, բայց հավանականությունները չենք կարող հերքել: Այնպես որ` ելնելով նախորդ փորձերից ոստիկանության ապօրինի գործողությունների հետ կապված մեր պրակտիկան՝ ՀՔԾ-ի դեմ մեր առաջին գործը չէ, ունենք այլ գործեր, այդ փորձից ելնելով ենք մենք գալիս նման եզրահանգման: Բայց այնուամենայնիվ, կներկայացնենք վերաքննիչ, հետո վճռաբեկ, հետո նոր կտեսնենք՝ գործը կհասնի՞ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե՞ ոչ:

Իսկ եթե մերժվի Հայաստանի Հանրապետության ազգային դատարաններում, միանշանակ է, այս գործը պետք է ներկայացվի Եվրոպական դատարան, եւ առավել քան համոզված եմ, որ բավարար են հիմքերը Եվրոպական դատարանում Գայանե Առուստամյանի իրավունքների խախտումը ճանաչելու համար»:

Ինչպես տեղեկացրել էինք, դատական նիստին դատախազ Սարգսյանը չէր ներկայացել՝ ծանրաբեռնվածության պատճառով: Արթուր Սաքունցը մտահոգիչ է համարում այս հանգամանքը. «Այստեղ մի տարօրինակ հակասություն կա՝ եթե մենք քննիչի որոշման դեմ բողոքը չներկայացնենք դատախազություն եւ մի անգամից ներկայացնենք դատարան, դատարանը չի ընդունի, որովհետեւ վերադասությանը կամ հսկող դատախազին բողոք չի ներկայացվել քննիչի որոշման դեմ: Այսինքն՝ դա պարտադիր պահանջ է, եթե դա պարտադիր պահանջ է, հետեւաբար՝ կարեւորվում է դերը որպես նախաքննություն իրականացնող մարմնի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին: Եթե դերը կարեւորվում է, չի կարող չկարեւորվել դատական նիստի ժամանակ, այդ նույն բողոքի քննության ժամանակ:

Այսինքն՝ մի դեպքում օրենսդրությունը կարեւորում է, որ պարտադիր պետք է բողոք ներկայացնել դատախազություն եւ դրանից հետո իրավունք ունենա դատարան դիմել, մյուս կողմից դատարանում այդ նույն դատախազի ներկայությանը կամ դիրքորոշումներին կարեւորություն չի տրվում, ինչը անհամաչափ է: Եթե կարեւորություն չի տրվում, ինչո՞ւ պետք է կարեւորություն տրվի դատախազության բողոքարկելու պահանջը: Այսինքն՝ այստեղ կա ակնհայտ հակասություն եւ տրամաբանությունը բացակայում է: Կարծում եմ՝ սա համակարգային նշանակություն ունեցող խնդիր է եւ պետք է անպայման կարգավորում ունենա նոր քրեական դատավարության օրենսգրքում: Մյուս կողմից էլ՝ պաշտոնատար անձինք հենց իրենք պետք է օրինակ ցույց տան դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի տեսակետից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Գայանե Առուստամյանի լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031